Արյուն կղանքում
19-05-2018
3 րոպե
Զուգարանից օգտվելիս դուք կարող եք ձեր կղանքում կամ օգտագործած զուգարանի թղթի վրա նկատել արյան կաթիլներ կամ հետքեր։
Մարդկանց մի մասը նման դեպքերին ուշադրություն չի դարձնում, մյուսներն անհանգստանում են և շտապ դիմում բժշկին։ Երկրորդ տեսակի մարդիկ ավելի ճիշտ են, քանի որ կղանքում արյան հայտնվելը, առավել ևս՝ ուղիղաղիքային արյունահոսությունը կարող են հանդիսանալ ոչ միայն թեթև, այլ լուրջ և ծանր հիվանդությունների ախտանիշներից մեկը։
Կղանքում հայտնված արյան տեսքը
Կղանքում հայտնված արյան տեսքը կախված է այն հանգամանքից, թե ստամոքս-աղիքային խողովակի որ բաժիններից է այդ արյունը հայտնվել աղիների լուսանցքում։
Զուգարանի թղթի վրա կարմիր արյան հետքը, զուգարանակոնքում թարմ արյան կաթիլները կամ կղանքի մակերեսին թարմ արյան բծերը կարող են վկայել այն մասին, որ արյունահոսությունն առաջացել է ուղիղ աղիքի ստորին շրջաններում կամ հետանցքում։
Եթե արյունը խառնված է կղանքի հետ, հավանաբար արյունահոսությունը սկսվել է հաստ աղիների ավելի բարձր շրջաններում։
Եթե աղիքային պարունակության մեջ թարմ արյան հետքեր չկան, սակայն կղանքը սևացած և մազութանման է, արյունահոսությունն ամենայն հավանականությամբ ծագել է ձեր աղիների ամենաբարձր շրջաններում՝ 12-մատնյա աղիքում կամ ավելի վերևում՝ ստամոքսում։ Նման դեպքերում արյունահոսության ամենահավանական պատճառը ստամոքսի կամ 12-մատնյա աղու խոցն է, ավելի հազվադեպ՝ ստամոքոսի քաղցկեղը։
Կղանքում արյան պատճառները
Կղանքում արյունը կարող է հայտնվել ստամոքս-աղիքային ծագման տարբեր պատճառներով, այդ թվում՝
- թութք
- հետանցքի ճաքեր
- աղիքային վարակներ
- կոլոռեկտալ (հաստ աղու) քաղցկեղներ
- կոլոռեկտալ պոլիպներ՝ փոքր գերաճեր, որոնք կարող են քաղցկեղանալ
- աղիների բորբոքային և խոցային հիվանդություններ
- դիվերտիկուլներ
- վնասվածքներ։
Եթե ձեր կղանքում նկատում եք արյուն, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին։
Այլ ախտանիշներ
Կղանքում արյան առկայությունից բացի կարող եք նշել նաև այլ գանգատներ, որոնք կապված են արյան կորստի չափի և արյունահոսության սրության, ինչպես նաև ստամոքս-աղիքային արյունահոսության այդ դրվագը պատճառած հիմնական հիվանդության հետ։
Եթե կղանքում արյան հայտնվելն ուղեկցվում է ուշագնացության զգացման կամ գլխապտույտի հետ, սա կարող է վկայել անհետաձգելի բուժօգնություն պահանջող լուրջ արյունահոսության մասին։ Նման դեպքերում անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։
Եթե կղանքում արյան առկայությունն ուղեկցվում է վերջին ժամանակներում զարգացած մարմնի կշռի կորստի հետ, սա կարող է վկայել աղիքային լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի մասին։
Դիմեք ձեր բժշկին, եթե կղանքում նկատել եք արյուն և ունեք սրտխառնոց կամ փսխում, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանի ցավեր, կծկանքներ և մարսողության խանգարման նշաններ։ Հիշեք, որ կղանքում արյուն կարող է հայտնվել որպես թութքի բարդություն։
Այնուամենայնիվ, նույնիսկ եթե կղանքում արյան առկայությունը դրսևորվում է միայնակ՝ առանց որևէ այլ նշանների, բժշկին դիմելը կարևոր է, որ հնարավորինս վաղ ախտորոշվի ձեզ մոտ առկա առողջական խնդիրը և շուտ սկսվի դրա բուժումը։
Կղանքում արյան դեպքում ախտորոշիչ թեստերը
Բժիշկը ձեզ հետ զրուցելուց և ձեզ զննելուց հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ։ Կղանքում արյուն հայտնվելիս ձեզ հաճախ կարող են առաջարկվել հետևյալ հետազոտությունները՝
- ուղիղաղիքային զննում, երբ բժիշկը դիտում է ձեր ուղիղ աղիքի՝ հետանցքին հարակից շրջանները, ինչպես նաև կատարում մատային շոշափում
- անոսկոպիա, երբ հատուկ սարքի միջոցով դիտվում է ձեր հետանցքը և ուղիղ աղիքի վերջնային հատվածը
- սիգմոիդոսկոպիա՝ հետանցքից մինչև սիգմայաձև աղին ընկած աղիքային ուղու էնդոսկոպիկ հետազոտություն, որով դիտվում է սիգմայաձև աղին, ուղիղ աղին և հետացքը
- կոլոնոսկոպիա՝ ամբողջ հաստ աղիների էնդոսկոպիկ հետազոտություն։
Որոշ հետազոտությունների համար կարող են կիրառվել հանգստացնող և անզգայացնող միջոցառումներ։ Այս հետազոտությունների մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ կարող եք ստանալ ձեր բժշկից։
Բուժում
Կղանքում արյուն հայտնվելու դեպքում դիմեք ձեր բժշկին, որ նա հնարավորինս վաղ հետազոտի և հայտնաբերի դրա հնարավոր պատճառը։
Որպես կանոն, բուժումը կախված է արյունահոսության պատճառից։
Որոշ դեպքերում բուժումը կարող է ներկայացնել զուտ ձեր ապրելակերպի կամ սննդակարգի փոփոխություններ։ Այլ դեպքերում կարող է ավելի լուրջ բուժական միջոցառումների, այդ թվում՝ հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք առաջանալ։ Սուր արյունահոսության ժամանակ ձեզ կարող է առաջարկվել անհետաձգելի բուժօգնություն և շտապ վիրահատություն։
Հոդվածը վերանայվել է՝ 22-04-2021