Մշուշոտ տեսողություն
19-06-2019
3 րոպե

Մշուշոտ տեսողությունը կամ տեսողության մթագնումը պատճառվում է աչքի բազմաթիվ, ինչպես նաև այլ հիվանդություններով և դրսևորվում տեսողության սրության իջեցմամբ։
Սովորաբար այն անհանգստության տեղիք չի տալիս, սակայն, եթե ձեզ մոտ տեսողությունը դառնում է մշուշոտ հանկարծակի, դուք պետք է առանց հետաձգելու այցելեք ձեր բժշկին։
Ի՞նչ է մշուշոտ տեսողությունը
Եթե դուք ունեք մշուշոտ տեսողություն, ապա առարկաները տեսնում եք ոչ հստակ և աղավաղված եզրագծերով։ Պատճառից կախված, տեսողության սրությունը կարող է իջնել ինչպես մեկ, այնպես էլ զույգ աչքերում։ Երբեմն մշուշոտ տեսողությունը ներառում է ձեր տեսադաշտի միայն մի մասը, այլ դեպքերում՝ ամբողջ տեսադաշտը։
Մշուշոտ տեսողությունը կարող է ուղեկցվել այլ ախտանիշներով, օրինակ՝ գլխացավեր, լուսազգայունության բարձրացում կամ աչքերի գրգռում։
Մշուշոտ տեսողության պատճառները
Մշուշոտ տեսողությունը կարող է պատճառվել աչքի հիվանդություններով, այդ թվում՝
- աչքի բեկունակության թերություն, օրինակ՝ կարճատեսություն կամ հեռատեսություն
- աստիգմատիզմ (երբ աչքի եղջերաթաղանթի կամ ոսպնյակի կորությունը խախտված է)
- տարիքային հեռատեսություն (պրեսբիոպիա)
- չոր աչքի համախտանիշ
- կատարակտ
- գլաուկոմա
- եղջերաթաղանթի վնասվածք
- տարիքով պայմանավորված մակուլյար դեգեներացիա
- աչքի վարակային հիվանդություններ
- ցանցաթաղանթի ախտահարում, օրինակ՝ դիաբետիկ ռետինոպաթիա
- աչքի վնասվածք:
Մշուշոտ տեսողությունը կարող է դառնալ մեկ այլ՝ աչքերի հետ կապ չունեցող առողջական խնդրի ախտանիշներից մեկը, օրինակ՝
- դիաբետ
- միգրեն
- ինսուլտ
- գլխի վնասվածք
- ցածր արյան գլյուլոզ (հիպոգլիկեմիա)
- պրեէկլամպսիա (բարձր արյան ճնշում հղիների մոտ)
- փսորիազ (երբեմն աչքերն ախտահարող մաշկի հիվանդություն)
- ցրված սկլերոզ
- գլխուղեղի ուռուցք
- Պարկինսոնի հիվանդություն:
Երբեմն, մշուշոտ տեսողությունը կարող է հանես գալ որպես ձեր ընդունած դեղի կողմնակի ազդեցություն:
Մշուշոտ տեսողության բուժումը
Տեսողության սրության նվազման պատճառը կարող է ախտորոշվել աչքերի զննմամբ և տեսողության ստուգման հետազոտություններով, իսկ եթե կասկածվում է արտաակնային հիվանդություն, ապա կարող են նշանակվել նաև արյան և այլ հետազոտություններ։
Մշուշոտ տեսողության բուժումը կախված է պատճառից։ Ձեզ կարող են նշանակել աչքի կաթիլներ, լազերային վիրահատություն կամ խմելու և ներարկման դեղեր։
Տեսողության սրության նվազման ժամանակ ձեզ կարող են նաև նշանակել սովորական օպտիկական ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ։
Ինչպե՞ս կանխարգելել մշուշոտ տեսողությունը
Շատ կարևոր է աչքերի պաշաճ խնամքը և աչքերի ու տեսողության պարբերաբար ստուգումները։
Ուլտրամանուշակագույն ճառագայթներից ձեր աչքերը կարող եք պաշտպանել արևային լայնեզր գլխարկով և արևային ակնոցներով։ Եթե ձեր աշխատանքը կապված է աչքերի ֆիզիկական վնասման վտանգի հետ, ապա երբեք մի հրաժարվեք պաշտպանական ակնոց կրելուց։
Առողջ ապրելակերպը և ծխախոտից հրաժարվելը (եթե ծխող եք) նույնպես կարող են պաշտպանել ձեր աչքերը։
Աչքերի խնամքը դառնում է առավել կարևոր, եթե դուք ունեք շաքարային դիաբետ։ Պարբերաբար ստուգեք և խստորեն հետևեք արյան գլյուկոզի վերահսողության արդյունքներին, ինչպես նաև ուշադրություն դարձրեք ձեր զարկերակային ճնշման և խոլեսթերինի մակարդակների նորմալացմանը։
Դիմեք բժշկի, եթե ձեր աչքերի կամ տեսողության հետ կապված որևէ խնդիր ունեք։
Ե՞րբ դիմել բժշկին
Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե ձեզ մոտ հանկարծակի առաջանում է մշուշոտ տեսողություն և հետևյալ նշաններից մեկնումեկը՝
- գլխապտույտ
- մեկ ձեռքի թուլություն կամ թմրածության զգացում
- դեմքի մի կեսի թուլություն (կաթված)
- հավասարակշռության խանգարում
- խոսքի աղավաղում:
Հոդվածը վերանայվել է՝ 09-04-2021