Բազմաթիվ մարդիկ, հատկապես վարակային հիվանդությունների տարածման ժամանակ, սկսում են որոնել դիմադրողականությունը կամ իմունիտետը խթանող միջոցներ:
Օրինակ,երբ աշխարհով մեկ մոլեգնում էր COVID-19 համաճարակը, մարդիկ ներքուստ կամ անթաքույց անհանգստացած էին, իսկ սակավաթիվ անձինք՝ նույնիսկ խուճապի մատնված):
Այդօրինակ հոգեկան լարվածությունը կարող է բերել թուլության, իսկ ոմանց մոտ՝ ուժասպառության զգացողության: Կան որոշ միջոցներ, որոնք կարող են նպաստել իմունային համակարգի ամրապնդմանը և օգնել պաշտպանվելու վիրուսների բազմաթիվ տեսակներից, թեև չեն կարող երաշխավորել 100%-ոց անընկալունակություն:
Արդյոք վիտամինային հաբերը պաշտպանում են վիրուսային վարակներից
Ոչ: Ավելի լավ է իմունիտետի ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը ստանալ առողջ սննդակարգի, այլ ոչ թե վիտամինային հավելումների միջոցով: Որոշ բացառություններով հանդերձ (օրինակ՝ ֆոլաթթուն՝ հղի կանանց համար), առողջ մարդկանց մեծ մասը սննդային կամ վիտամինային որևէ հավելում ստանալու կարիք չունի: Այնուամենայնիվ, խոսքը չի վերաբերվում բժշկի կողմից նշանակված վիտամինային պակասի բուժման հաբերին:
Դուք կարող եք սոցիալական էջերից կամ այլ կայքերից տեղեկանալ, թե իբր վիտամինային հավելումների, օրինակ վիտամին C-ի մեծ քանակները կարող են օգնել գրիպանման ախտանիշների, այդ թվում՝ COVID-19-ի բուժմանը: Իրականում նման պնդումը հաստատող որևէ ապացուցված տվյալ չկա: Ավելին, որոշ հավելումների, օրինակ՝ վիտամին А-ի կամ վիտամին D-ի մեծ քանակները կարող են թունավոր ազդեցություն թողնել:
Վիտամին C-ն ջրալուծ նյութ է, ինչը նշանակում է, որ մեծ քանակները մահացու չեն, սակայն չեն կարող պահեստավորվել ձեր օրգանիզմում, իսկ ավելցուկային քանակները մեզով հեռացվում են: Պատկերավոր ասած, ավելցուկային վիտամին C-ն պարզապես դատարկվում է զուգարանում:
Կարգավորեք ձեր քունը
Քունը կարևոր է իմունային համակարգի համար: Հետազոտությունները վկայում են, որ քնից զրկված մարդկանց իմունիտետն ընկճվում է, որի պատճառով դառնում են վիրուսների և այլ վարակների նկատմամբ ավելի խոցելի:
Ընդ որում, անհանգստությունը և տագնապը, օրինակ՝ վիրուսային վարակի նկատմամբ, իրենց հերթին կարող են բարձրացնել քնի խանգարումների, այդ թվում՝ անքնության ռիսկը: Որքան քունը խանգարված եղավ, այդքան ավելի հավանական է, որ ունենաք անհանգստություն: Այսպիսի արատավոր օղակը կարող է զգալի կերպով թուլացնել ձեր իմունային համակարգը:
Ներկայացված խնդրի լուծումը ավելի քան տրամաբանական է. կարգավորեք ձեր քունը և ամրապնդեք առողջ քնի սովորույթ: Օգտվեք առողջ քնի հմտություններից, որի շնորհիվ կբարելավվի իմունային համակարգի գործունեությունը:
Առողջ ապրելակերպ
Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող լավագույն միջոցն առողջ ապրելակերպի ընտրությունն է: Սա իմունային համակարգն ամուր և առողջ պահպանելու խելամիտ բնական միջոց է: Յուրաքանչյուր օրգան-համակարգ, այդ թվում՝ իմունային համակարգն ավելի լավ են գործում, երբ պաշտպանված են արտաքին միջավայրի վնասակար գործոններից: Այս իմաստով, օրգանիզմի դիմադրողականությունը կարող է լավագույնս ամրապնդվել, եթե՝
- չծխեք
- անցնեք առողջ սննդակարգի, որում մեծ տեղ է տրվում մրգերին ու բանջարեղեններին (խուսափեք գերցածր ածխաջրատային և կտրուկ սահմանափակող այլ սննդակարգերից)
- դառնաք ֆիզիկապես ակտիվ և կանոնավոր կերպով վարժանքներ կատարեք (առանց չարաշահելու ֆիզիկական լարվածության չափը)
- պահպանեք առողջ մարմնի քաշը
- ալկոհոլ օգտագործեք ոչ հաճախակի և միայն չափավոր քանակներով
- կարգավորեք քունը
- կառավարեք սթրեսը, ինչպես նաև աշխատանքային լարվածությունը ժամանակ առ ժամանակ ընդհատեք հանգստով
- կանխարգելեք վարակները, օրինակ՝ հաճախակի լվացեք ձեռքերը, հետևեք սննդի անվտանգության կանոններին (օրինակ՝ պատշաճ կերպով եփեք կերակուրները) և ստանաք բոլոր նախատեսված պատվաստումները:
Միևնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս հրաժարվել գովազդվող «հրաշք» հաբերից կամ օշարակներից, որոնք իբր թե օրերի ընթացքում ձեր օրգանիզմը դարձնում են «անխոցելի»: Նման միջոցների օգտակարության վերաբերյալ որևէ գիտական տվյալ գոյություն չունի:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-03-2020
Վերջին վերանայում՝ 03-05-2024