Բոուենի հիվանդությունը մաշի քաղցկեղի շատ վաղ ձև է, որը դեռ չի հասցրել տարածվել դեպի ավելի խորը շերտեր։
Այն անվանում են նաև մաշկի in situ (իր տեղում) տափակ բջջային կարցինոմա։ Հիվանդությունը սովորաբար լուրջ ընթացք չունի և բուժմամբ բավականին հաջող կերպով լավանում է։ Բուժումը թերագնահատել պետք չէ, քանի որ կա փոքր հավանականություն, որ այն կտարածվի և կվերաճի մաշկի քաղցկեղի ավելի ծանր տեսակների, օրինակ՝ բազալբջջային քաղցկեղի։
Բոուենի հիվանդության պատճառները
Բոուենի հիվանդությունը զարգանում է մաշկի ամենամակերեսային շերտում՝ վերնամաշկում (էպիդերմիս)։ Մաշկը կարող է ախտահարվել ամենուրեք, սակայն Բոուենի հիվանդությունն առավլ հաճախ առաջանում է իրանի, վերին կամ ստորին վերջույթների վրա։ Հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև շրթունքներին, բերանի խոռոչում կամ շեքի վրա (արտաքին սեռական օրգանների և հետանցքի շուրջբոլորը):
Բոուենի հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվում են արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթման բարձր ընդհանուր ներգործությանը, վարակված են մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ), ունեն իմունային համակարգի հետ կապված խնդիրներ (հատկապես մեծ տարիքով մարդիկ), հաճախակի ենթարկվում են ճառագայթման կամ շփվում են մկնդեղ պարունակող նյութերի կամ իրերի հետ։ Բոուենի հիվանդությամբ մարդկանց մոտ հաճախ հայտնաբերվում են նաև մաշկի քաղցկեղի այլ տեսակներ, օրինակ՝ բազալբջջային կարցինոմա։
Բոուենի հիվանդության ախտանիշները
Բոուենի հիվանդությունը հանդիպում է մեծ տարիքով մարդկանց, հիմնականում՝ կանանց մոտ։
Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է մաշկի վրա կարմիր, թեփոտվող բծերի առաջացմամբ, որոնք ժամանակի ընթացքում դանդաղորեն մեծանում են։ Թեփոտված շրջանը հստակորեն առանձնացված է շրջակա մաշկից և աստիճանաբար աճելով հասնում է մաշկի բարձրության։ Ախտահարումն աստիճանաբար տարածվում է ամբողջ վերնամաշկի վրա։
Երբեմն բծերը կարող են մաշկից վեր բարձրանալ և խոցոտվել կամ նմանվել գորտնուկի կամ քոր առաջացնող մուգ շագանակագույն դաշտերի։
Սովորաբար որևէ այլ ախտանիշներ չեն առաջանում։ Բոուենի հիվանդությունը հաճախ խառնում են փսորիազի, էկզեմայի կամ մաշկի սնկիկային վարակի հետ։
Բոուենի հիվանդության ախտորոշումը
Եթե ձեզ մոտ ի հայտ են եկել նոր կամ ձևափոխված խալեր, պեպեններ կամ բծեր, այցելեք ձեր բժշկին։ Ըստ անհրաժեշտության նրանք ձեզ կուղեգրեն մաշկաբանի (դերմատոլոգ) կամ ուռուցքաբանաի (օնկոլոգի) խորհրդատվության:
Բոունեի հիվանդությունը կարող է ախտորոշվել մաշկային բծերի մանրակրկիտ զննմամբ, ժամանակի ընթացքում ախտահարման զարգացմամբ, սակայն ախտորոշումը հաստատելու համար կարիք կզգացվի անցնել ախտահարված մաշկի բիոպսիա և կենսանմուշի հյուսվածաբանական հետազոտություն։
Բոուենի հիվանդության բուժումը
Կան Բոունեի հիվանդության բուժման տարբեր մեթոդներ։ Այն հանդիսանում է քաղցկեղի վաղ դրսևորում, ուստի արդյունավետ բուժման հավանականությունը մեծ է։
Բուժման մեթոդը սովորաբար կախված է մաշկի ախտահարման չափերից և խորությունից, ինչպես նաև տեղակայումից, ձեր տարիքից, ընդհանուր առողջական վիճակից և ձեր նախընտրությունից։ Բուժման հիմնական տեսակներն են՝
- հեղուկ ազոտով սառեցում
- քիմիոթերապևտիկ կրեմ (5-ֆտորուրացիլ կամ Իմիխիմոդ), որը քսվում է ախտահարված մաշկին մի քանի շաբաթվա ընթացքում և մինչև լավացումն առաջացնում է մաշկի կարմրություն և բորբոքում
- կյուրետաժ կամ այրում, որը կատարվում է տեղային անզգայացման ներքո
- ֆոտոդինամիկ բուժում, երբ մաշկի ախտահարված շրջանն օծվում է հատուկ կրեմով և ենթարկվում լազերային բուժման
- վիրահատություն, երբ ախտահարված մաշկը տեղային անզգայացման ներքո հեռացվում է։
Երբեմն բուժումից հետո հիվանդությունը կարող է կրկնվել, ուստի կարևոր է, որ պարբերաբար այցելեք ձեր բժշկին։
Կարևոր է նաև արևի ՈւՄ ճառագայթներից պատշաճ պաշտպանվելը։
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ զարգացել են մաշկի ախտահարված շրջաններ կամ բծեր, դրանց ձևափոխումներ, խոցոտում կամ արյունահոսում, ուռուցքանման աճ, նոր խալեր կամ առկա խալերի և պեպենների փոփոխություն։
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2019
Վերջին վերանայում՝ 03-05-2024