Բրոնխոսկոպիան ախտորոշիչ հետազոտություն է, որը բժշկին թույլ է տալիս ներսից դիտել թոքերը և դրանց օդատար խողովակները` բրոնխները։
Ի՞նչ է բրոնխոսկոպիան
Բրոնխոսկոպիայի ընթացքում բժիշկը բարակ և ճկուն խողովակը (բրոնխոսկոպ) ձեր բերանով կամ քթով զգուշությամբ ներհրում է դեպի թոքերի օդատար խողովակներ՝ անցնելով կոկորդով, շնչափողով, գլխավոր բրոնխներից մեկնումեկով (աջ կամ ձախ) դեպի խոշոր և ավելի բարակ բրոնխներ։ Բրոնխոսկոպի ազատ ծայրին տեղադրված է լուսավորող տեսախցիկ։
Բրոնխոսկոպիայի արդյունքները բժշկին օգնում են, որ ընտրի թոքային խնդրի վերաբերյալ ախտորոշիչ և բուժման լավագույն տարբերակը։
Ե՞րբ է նշանակվում բրոնխոսկոպիան
Եթե պատկերային հետազոտություններով, ինչպիսիք են ռենտգենը կամ համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) հայտնաբերվում են շեղումներ, բժիշկը կարող է ձեզ ուղեգրել բրոնխոսկոպիայի՝ թոքերի օդատար խողովակները ներսից զննելու և ախտորոշումը ճշտելու համար։
Բրոնխոսկոպիա կարող է նշանակվել հետևյալ դեպքում՝
- թոքային հիվանդություններ, որոնք ընթանում են շնչառությանն ուղեկցող խզզոցներով, մշտական հազով կամ շնչարգելությամբ ու հևոցով
- թոքերի վարակային ախտահարումներ
- շնչուղիների և թոքերի ուռուցքային հիվանդություններ
- ջերմության բարձրացմամբ ընթացող շնչառական հիվանդություններ։
Ձեզ նաև կարող է բրոնխոսկոպիա նշանակվել շնչուղիների տարբեր հիվանդությունների բուժման ընթացքում, այդ թվում՝
- քաղցկեղի բուժում
- շնչուղիներից օտար մարմինների հեռացում
- շնչուղիներում կուտակված լորձի և հեղուկների հեռացում։
Ինչպե՞ս նախապատրաստվել բրոնխոսկոպիային
Ձեզ կտեղեկացնեն, որ մինչև բրոնխոսկոպիան 6-12 ժամվա ընթացքում սնունդ չընդունեք և միջոցառումից անմիջապես առաջ հանեք ձեր շարժական ատամնապրոթեզները։
Եթե բուժում եք ստանում, զրուցեք ձեր բժշկի հետ դեղամիջոցների ընդունման կարգի հնարավոր փոփոխությունների մասին։ Սա առանձնահատուկ կարևորություն է ստանում, եթե ստանում եք՝
- Ասպիրին
- Իբուպրոֆեն
- դիաբետի դեղեր
- հակամակարդիչներ։
Ճիշտ կլինի, որ ձեր հարազատներից կամ ընկերներից մեկնումեկին խնդրեք, որ բրոնխոսկոպիայից հետո ձեզ տուն ուղեկցեն։
Ինչպե՞ս է ընթանում բրոնխոսկոպիան
Բրոնխոսկոպիան սովորաբար կատարվում է թեթև սեդացիայի ներքո, երբ արթուն եք, սակայն զգում եք որոշակի թուլություն ու քնկոտություն։
Միջոցառումից առաջ բժիշկը ձեզ կտա տեղային անզգայացնող դեղ՝ կոկորդի սփրեյ կամ ըմպանի ողողման լուծույթ։ Ձեզ նաև որոշակի ներարկումներ կանեն, որից հետո դուք կզգաք որոշակի քնկոտություն։
Բրոնխոսկոպը ձեր շնչուղիներ ներմուծելու և այնտեղ գտնվելու ընթացքում դուք կզգաք որոշակի անհարմարություն, սակայն այս ընթացքում կարող եք ինքնուրույն շնչել։
Բրոնխոսկոպիայից հետո որոշ ժամանակ կանցկացնեք բժշկական կենտրոնում՝ մինչև ձեր շնչառությունը և մյուս ցուցանիշները լիարժեք վերականգնվեն և բրոնխոսկոպիայի համար նշանակած բոլոր դեղամիջոցների ազդեցությունները վերանան (տեղային անզգայացնող միջոցներ, հանգստացնող դեղեր և այլն)։
Մի քանի օրվա ընթացքում կարող եք կոկորդում զգալ որոշակի գրգվածություն և ցավ, որոնք սովորաբար մեկ-երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար անհետանում են։
Անվտա՞նգ է արդյոք բրոնխոսկոպիան
Բրոնխոսկոպիան սովորաբար անվտանգ է, սակայն, ինչպես յուրաքանչյուր բժշկական միջոցառում, այն ևս կապված է որոշակի ռիսկերի հետ, այդ թվում՝
- արյունահոսություն
- վարակ
- բրոնխոսկոպիայից հետո շնչառության որոշակի խանգարում։
Շատ հազվադեպ կարող է առաջանալ թոքի թորշոմում (կոլապս)։
Բոլոր այս բարդությունների դեպքում ձեր բժիշկը կձեռնարկի համապատասխան բուժումներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2018
Վերջին վերանայում՝ 01-06-2024