Հղիությունը և ծննդաբերությունն օրգանիզմում առաջացնում են զգալի փոփոխություններ: Սկսած որովայնի ցավից մինչև տրամադրության շեղումներ՝ իմացեք, թե ինչ է ներառում կեսարյան հատումից հետո վերականգնումը:
Եթե նախատեսում եք երեխա ունենալ կեսարյան հատմամբ, որը նաև կոչվում է C-հատում, կամ ցանկանում եք նախապատրաստվել, եթե դրա կարիքն առաջանա, մեծ հավանականությամբ կարող եք հարցեր ունենալ՝ կապված հետվիրահատական վերականգնման հետ: Ի՞նչ չափի ցավեր կունենաք: Կրծքով կերակրման ո՞ր դիրքերը կարող են առավել հարմար լինել և այլն: Հասկացեք, թե ինչպես պետք է կեսարյան հատումից հետո հոգ տանել ձեր և ձեր երեխայի մասին:
Նպաստեք հետվիրահատական ապաքինմանը
Կեսարյան հատումից հետո ցավն ու հոգնածությունը սովորական երևույթներ են: Հետվիրահատական ապաքինմանը նպաստելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Բավականաչափ հանգստացեք. կեսարյան հատումից հետո շարժվելը կարևոր է, բայց պետք է նաև բավականաչափ հանգստանալ: Եթե ընտանիքը և ընկերները կարող են ձեզ օգնել առօրյա գործերում, թույլ տվեք, որ նրանք անեն դա: Հանգստացեք, երբ ձեր երեխան քնում է: Առաջին երկու շաբաթվա ընթացքում խուսափեք ծանրություն բարձրացնելուց կամ ծանր ֆիզիկական գործեր անելուց:
- Ապահովեք բավարար ցավազրկում. ձեր բժիշկը որպես ցավազրկող կարող է առաջարկել Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն), Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ այլ դեղամիջոցներ: Ցավազրկող դեղամիջոցների մեծ մասն անվտանգ է կրծքով կերակրման ժամանակ:
Հետևեք և ստուգեք վարակի նշանները
Ստուգեք ձեր վիրահատական վերքը վարակի նշանների համար: Ծննդատնից դուրս գրվելուց առաջ բժիշկը հավանաբար կներկայացնի ձեզ, թե ինչպես պետք է խնամել վերքը: Կապ հաստատեք նրա հետ, եթե նկատել եք վերքի կարմրություն, այտուցվածություն կամ հեղուկ արտադրություն: Նաև դիմեք բուժօգնության, եթե ջերմություն ունեք կամ վերքի շրջապատող մաշկը դարձել է կարմիր, մանուշակագույն կամ շագանակագույն՝ կախված ձեր մաշկի գույնից:
Փորձեք կրծքով կերակրման տարբեր դիրքեր
Դուք կարող եք կրծքով կերակրել կեսարյան հատումից անմիջապես հետո՝ սկսած ծնարանից: Կեսարյան հատումից հետո կարող են առավել հարմար լինել կրծքով կերակրման հետևյալ դիրքերը:
- «Ֆուտբոլային» պահում. բարձ դրեք ձեր կողքին և օգտագործեք ձեռքերի համար նախատեսված լայն, ցածր թիկնակով աթոռ: Երեխային պահեք ձեր կողքին՝ ծալված արմունկով: Ձեր ձեռքի ափով պահեք երեխայի գլուխը՝ պահելով դեմքով դեպի ձեր կուրծքը: Երեխայի մեջքը հենեք բարձի և ձեր նախաբազկի վրա: Մյուս ձեռքով C-աձև պահեք ձեր կուրծքը:
- «Կողքի պառկած» պահում․ դուք և ձեր երեխան պառկած եք կողքի վրա: Երեխայի դեմքն ուղղված է դեպի ձեր կուրծքը: Պահեք ձեր երեխային մի ձեռքով, իսկ մյուս ձեռքով բռնեք ձեր կուրծքը և ձեր պտուկը հպեք երեխայի շուրթերին: Երբ երեխան սկսի կուրծք ուտելը, օգտագործեք ձեր ձեռքը կամ բարձ՝ ձեր իսկ գլուխը պահելու համար, իսկ մյուս ձեռքով պահեք երեխային:
Կրծքով կերակրման վերաբերյալ աջակցության կամ տեղեկատվության համար դիմեք կրծքով կերակրման ոլորտում մասնագիտացած անձի, որը կոչվում է լակտացիայի խորհրդատու: Խնդրեք ձեր բժշկին առաջարկել որևէ մեկին:
Կառավարեք մյուս ախտանիշները
Քանի դեռ վերականգնվում եք կեսարյան հատումից, միաժամանակ վերականգնվում եք հղիությունից: Ահա թե ինչ է սպասվում։
- Հեշտոցային արտադրություն. ծննդալուծումից հետո հեշտոցից հոսում է արգանդում կուտակված արյան, լորձի և հյուսվածքային խառնուրդ: Սա կոչվում է արտադրություն: Երեխայի ծնվելուց հետո 4-6 շաբաթվա ընթացքում արտադրությունն աստիճանաբար փոխում է գույնը և քչանում է: Սկսվելով որպես վառ կարմիր, արտադրությունն այնուհետև դառնում է ավելի մուգ կարմիր, որից հետո սովորաբար ստանում է դեղնավուն կամ սպիտակ երանգավորում: Այնուհետև արտադրությունը քչանում և դառնում է ջրիկ՝ մինչև լիարժեք դադարելը:
- Կծկանքներ. կեսարյան հատումից հետո մի քանի օր կարող եք զգալ կծկանքներ, որոնք նաև կոչվում են հետծննդաբերական ցավեր և հաճախ նմանվում են դաշտանային կծկանքներին: Դրանք երբեմն կոչվում են հետցավեր կամ հետծննդաբերական (հետծննդյան0 ցավեր: Իրականում, այս կծկանքները ձեզ պաշտպանում են առատ արյունահոսությունից, քանի որ սեղմում և փակում են արգանդապատի արյունատար անոթները: Հետծննդաբերական ցավերը տարածված են կրծքով կերակրման ժամանակ: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ սովորական ցավազրկող, որը կարող եք գնել առանց դեղատոմսի: Օրինակներից են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն):
- Ցավոտ կրծքեր. ծննդաբերությունից մի քանի օր անց կարող եք ունենալ լցված, պնդացած և ցավոտ կրծքեր: Սա պայմանավորված է կրծքագեղձի հյուսվածքը կաթով, արյունով և այլ հեղուկներով լցվելով: Այս վիճակը կոչվում է կարծրացում կամ պնդացում: Ձեր երեխային հաճախ կերակրեք երկու կրծքերով, որ նպաստեք կաթնագեղձերի գերլցվածության կանխմանը: Եթե ձեր կուրծքը կարծրացած է, երեխան կարող է դժվարությամբ բռնել կամ բռած պահել այն: Երեխային օգնելու համար, կարող եք ձեռքով կամ կրծքի պոմպով քիչ դատարկել ձեր կրծքի կաթը: Սա կոչվում է էքսպրեսիա (կթում)։ Կրծքագեղձերի ցավը թեթևացնելու համար կիրառել տաք անձեռոցիկ կամ ընդունեք տաք ցնցուղ՝ նախքան կրծքով կերակրելը կամ էքսպրեսիան: Սա կարող է հեշտացնել կաթի արտահոսքը: Կերակրման միջև ընկած ժամանակահատվածում ձեր կրծքերին դրեք սառը անձեռոցիկ: Ցավազրկող միջոցները, որոնք կարող եք գնել առանց դեղատոմսի, նույնպես կարող են օգնել: Եթե կրծքով չեք կերակրում, կրեք այնպիսի կրծկալ (օրինակ՝ մարզական կրծկալ), որը ձիգ է պահում ձեր կուրծքը: Մի՛ արտածծեք ձեր կուրծքը կամ դատարկեք կաթը, որը կարող է հանգեցնել նրան, որ ձեր կրծքերն ավելի շատ կաթ արտադրեն: Կրծքերի վրա սառցեպարկ դնելը կարող է թեթևացնել անհանգստությունը: Սովորական ցավազրկողները նույնպես կարող են օգտակար լինել:
- Մազաթափություն և մաշկային փոփոխություններ. հղիության ընթացքում հորմոնների ավելի բարձր մակարդակը բերում է մի վիճակի, որ ձեր մազերն ավելի արագ են աճում, քան թափվում են, որի արդյունքում ձեր գլխի մազերը շատանում են: Սակայն, ծննդաբերությունից հետո մինչև հինգ ամիս դուք ավելի շատ մազ եք կորցնում, քան հասցնում է աճել: Այս մազաթափությունը ժամանակի ընթացքում դադարում է: Ծննդաբերությունից հետ ձգվող նշանները (ստրիաներ) չեն անհետանում, սակայն ժամանակի ընթացքում դառնում են ավելի քիչ նկատելի: Ակնկալեք նաև, որ հղիության ընթացքում մգացած մաշկային բծերը, օրինակ՝ ձեր դեմքի մուգ բծերը, նույնպես դանդաղորեն գունաթափվելու են:
- Տրամադրության փոփոխություններ. ծննդաբերությունը կարող է հարուցել ամենատարբեր զգացմունքներ: Շատերի մոտ ծննդաբերությունից հետո ի հայտ է գալիս ընկճվածության կամ անհանգստության շրջան, որը երբեմն կոչվում է բեյբի-բլյուզ: Ախտանիշներից են՝ տրամադրության փոփոխություններ, լաց, անհանգստություն և քնի խանգարում: Այս զգացմունքները հաճախ անհետանում են երկու շաբաթվա ընթացքում: Այս ընթացքում լավ հոգ տանեք ձեր մասին: Կիսվեք ձեր զգացմունքներով և օգնություն խնդրեք ձեր զուգընկերոջից, սիրելիներից կամ ընկերներից:
Հետծննդաբերական (հետծննդյան) դեպրեսիա. եթե ծննդաբերությունից անմիջապես հետո ունեք տրամադրության կտրուկ փոփոխություններ, ախորժակի անկում, խիստ հոգնածություն և կյանքից հաճույք ստանալու պակաս, կարող եք ունենալ հետծննդյան դեպրեսիա: Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե կարծում եք, որ կարող եք դեպրեսիայի մեջ լինել: Անպայման բուժօգնության դիմեք, եթե՝
- ձեր ախտանիշներն ինքնուրույն չեն անհետանում
- դժվարանում եք հոգ տանել ձեր նորածին երեխայի մասին
- դժվարությամբ եք կատարում առօրյա գործերը։
- մտածում եք ինքներդ ձեզ կամ ձեր երեխային վնասելու մասին:
Դեղորայքն ու խորհրդատվությունը հաճախ կարող են թեթևացնել հետծննդյան դեպրեսիան:
- Քաշի կորուստ. կեսարյան հատումից հետո դեռ հղի երևալը սովորական երևույթ է: Մարդկանց մեծ մասը ծննդալուծման ընթացքում կորցնում է մոտ 6 կիլոգրամ (13 ֆունտ): Այս կորուստը ներառում է երեխայի քաշը, ընկերքը և ամնիոտիկ հեղուկը (պտղաջրեր): Ծննդալուծումից հետո օրերի ընթացքում քաշի կորուստը կարող է որոշ ժամանակ շարունակվել, որից հետո առողջ սննդակարգը և կանոնավոր վարժանքները կարող են օգնել վերադառնալու այն քաշին, որն ունեիք հղիությունից առաջ։
Հետծննդյան այցեր և ստուգումներ
Ամերիկյան մանկաբարձների և գինեկոլոգների քոլեջը (ACOG) առաջարկում է, որ հետծննդյան խնամքը լինի շարունակական գործընթաց, այլ ոչ թե ծննդաբերությունից հետո միայն մեկ այց: Ծննդաբերությունից հետո 2-3 շաբաթվա ընթացքում կապ հաստատեք ձեր բժշկի հետ հեռախոսով կամ անձամբ՝ խոսելու այն խնդիրների մասին, որոնց առնչվել եք ծննդաբերությունից հետո:
Ծննդալուծումից հետո 6-12 շաբաթվա ընթացքում այցելեք ձեր բժշկին՝ հետծննդյան ամբողջական քննության համար: Այս այցի ընթացքում ձեր բժիշիկը կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում) և կստուգի ձեր որովայնը, հեշտոցը, արգանդի վզիկը և արգանդը՝ տեսնելու, թե որքան լավ է ձեզ մոտ ընթանում հետծննդյան վերականգնումը:
Այս այցի ընթացքում ձեր բժիշկը կարող է հարցեր տալ հետևյալի մասին՝
- ձեր տրամադրությունը և հուզական բարեկեցությունը
- ձեր քունը
- այլ ախտանիշները, որ կարող եք ունենալ, ինչպիսին է հոգնածությունը
- հակաբեղմնավորիչներ և հղիությունների միջև միջակայք
- երբ վերսկսել սեռական կյանքը
- ինչ անել, եթե ունեք սեռական հարաբերությանն ուղեկցող ցավ կամ սեռական ցանկության կորուստ
- ինչպես ձեր կյանքը հարմարեցնել ընտանիքի նոր անդամի առկայությանը:
Այս ստուգումը ձեզ և ձեր բժշկի համար հնարավորություն է համոզվելու, որ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Սա նաև լավ առիթ է ծննդաբերությունից հետո կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ ձեր հարցերի պատասխանները ստանալու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-05-2024
Վերջին վերանայում՝ 11-05-2024