Սիրտ-թոքային վերակենդանացումը (ՍԹՎ) կյանք փրկող միջոցառումների խումբ է, որին դիմում են, երբ ինչ-որ մեկը չի շնչում կամ նրա սիրտը չի բաբախում:
ՍԹՎ նպատակը կլինիկական մահվան մեջ գտնվող մարդու կենսական կարևոր օրգանների չգործող կամ խանգարված գործունեությունները վերականգնելու միջոցով նրա կյանքը փրկելն է:
Կլինիկական մահը սկսվում է արյան շրջանառության դադարեցման՝ սրտի կանգից կամ ֆիբրիլյացիայից վայրկյաններ անց և դրսևորվում հետևյալ ախտանիշներով՝
- գիտակցության բացակայություն
- շնչառության բացակայություն
- քնային զարկերակի վրա (կարոտիս) անոթազարկի (պուլսի) բացակայություն
- բբերի խիստ լայնացում (սրտի կանգից 2 րոպե հետո)
- բբային (լուսային) ռեակցիայի բացակայություն:
ՍԹՎ-ը ներառում է տուժողի կրծքոսկրի ռիթմիկ սեղմումները և արհեստական շնչառությունը, որոնց միջոցով փորձ է կատարվում նվազագույն մակարդակի վրա պահպանել նրա արյան շրջանառությունը և կենսական կարևորագույն օրգանների, առաջին հերթին՝ գլխուղեղի թթվածնով մատակարարումը՝ փորձելով թույլ չտալ, որ կլինիկական մահը անդառնալիորեն փոխվի կենսաբանական մահվան:
Եթե ինչ-որ մեկը դժբախտ պատահարից, ճանապարհատրանսպորտային վթարից և ծանր վնասվածքից, վայր ընկնելուց, թունավոր կենդանիների խայթելուց, թունավորվելուց կամ այլ պոտենցիալ մահացու դրվագներից հետո չի կարողանում նորմալ շնչել (շնչահեղձ է լինում) կամ ընդհանրապես չի շնչում, ապա՝
- համոզվեք, որ դուք վտանգի մեջ չեք և անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապ օգնություն
- եթե 1-03 զանգելը չի հաջողվում, զանգեք 911 և կանչեք փրկարարներին
- եթե 911 զանգելը ևս չի հաջողվում, զանգեք 1-02 և կանչեք ոստիկաններին:
ՍԹՎ միջոցառումները
ՍԹՎ միջոցառումները կազմված են հետևյալ հաջորդական քայլերից:
- Վտանգի ստուգում. ստուգեք, թե արդյոք դուք ինքներդ գտնվում եք վտանգավոր իրավիճակում կամ տեղանքում՝ բարձր լարման էլեկետրական հոսանքալարեր, թափվող քարեր, երթևեկող մեքենաներ, ծուխ, թունավոր կամ պայթյունավտանգ գազերի ու հեղուկների արտահոսք, թունավոր օձեր և այլն: Մի՛ փորձեք ձեր կյանքը վտանգի ենթարկել և մինչև տուժածին մոտենալը համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է ինչպես ձեզ, այնպես էլ՝ շրջապատի մարդկանց համար:
- Պատասխան (արձագանք). ստուգեք, թե արդյոք տուժողը որևէ կերպ պատասխանում կամ արձագանքում է ձեր ազդանշաններին: Դուք կարող եք ձայն տալ («դուք ինձ լսո՞ւմ եք»), պարզ հրահանգներ հնչեցնել (բացել, փակել աչքերը և այլն), քիչ թափահարել տուժողի ուսերը, նրա մոտ ցավային ռեակցիա առաջացնել՝ սեղմելով եղունգները և այլն: Եթե որևէ պատասխան ռեակցիա չկա, անցեք օգնության հաջորդ քայլերին:
- Կանչեք օգնություն. անհապաղ զանգեք հերթով՝ 1-03 (շտապ օգնություն) կամ 911 (փրկարար ծառայություն) կամ 1-02 (հերթապահ ոստիկանական ծառայություն) և արագ, բայց ճիշտ նկարագրեք ձեր գտնվելու հասցեն կամ վայրը, ինչպես նաև տուժողի վիճակը և հավանական պատճառը:
- Շնչուղիների ստուգում. ստուգեք, թե արդյոք տուժողի վերին շնչուղիները անցանելի են (բերան, քիթ, կոկորդ): Զգուշությամբ հեռացրեք նրա վերին շնչուղիներն ակնհայտորեն խցանող, բերանում կամ քթում առկա ամեն ինչը՝ փսխման զանգվածներ, արյուն, սննդամթերք, պոկված ատամներ, պրոթեզներ և այլն, որից հետո զգուշությամբ տուժողի գլուխը քիչ ետ թեքեք և բարձրացրեք ստորին ծնոտը (բացառությամբ նորածինների):
- Շնչառության ստուգում. ստուգեք, թե արդյոք տուժողը նորմալ շնչում է: Տուժողի շնչառությունը կարող է խիստ խանգարված լինել (շնչահեղձություն) կամ ընդհանրապես բացակայել: Եթե տուժողի շնչառությունը պահպանված է, նրան զգուշությամբ շուռ տվեք մի կողմի վրա (կողքի ապահովության դիրք), որը թույլ է տալիս, որ անգիտակից մարդու շնչուղիները չխցանվեն թքով կամ փսխման զանգվածներով: Հակառակ պարագայում, եթե տուժողի շնչառությունը խիստ ընկճված է կամ բացակայում է (հետևեք նրա կրծքավանդակի շարժումներին), սկսեք բուն ՍԹՎ միջոցառումները:
- Անոթազարկի (պուլսի) ստուգում. շնչառությունը գնահատելու հետ միասին ստուգեք, թե արդյոք տուժողի պուլսը շոշափվում է, ինչը թույլ կտա մոտավորապես հասկանալ, թե արդյոք նրա սիրտը կծկվում է: Նկատի ունեցեք, որ միշտ չէ, որ պուլսի բացակայությունը վկայում է սրտի կանգի մասին։ Չափահաս տուժողի անոթազարկը ստուգեք նրա քնային զարկերակի վրա (պարանոցի վրա, կոկորդի աջ կամ ձախ կողմում):
- Սիրտ-թոքային վերակենդանացում. ձեր մի ձեռքի ափի հիմքը դրեք տուժողի կրծքավանդակի կենտրոնում, որից հետո ձեր մյուս ձեռքը դրեք ձեր առաջին ձեռքի վրա, որի մատները ուղղված և բարձրացված են կրծքավանդակից, ձեր ձեռքերը պահեք արմնկային հոդերում ուղիղ՝ տուժողի իրանին ուղղահայաց և կատարեք նրա կրծոսկրի խոր և կտրուկ 30 սեղմում (մոտավորապես՝ 1 վայրկյանում 2 սեղում): Ուշադրություն դարձրեք, որ սեղմումները լինեն կտրուկ և ռիթմիկ՝ վերից վար: 30 հատ սեղմում կատարելուց հետո մի պահ դադարեցրեք սրտի մերսումը, խորը ներշնչեք և, փակելով տուժողի քիթը, ձեր բերանով խորը արտաշնչեք-ներփչեք տուժողի բերանով այնպես, որ նրա կրծքավանդակը քիչ վեր բարձրանա: Շարունակեք 30 սեղմում-1 ներփչում ցիկլն այնքան, մինչև շտապ օգնության անձնակազմը ժամանի:
- Դեֆիբրիլյացիա. սա կատարվում է ժամանած շտապ օգնության բուժանձնակազմի կողմից: Դեֆիբրիլյացիայի նպատակը սրտի արյդունավետ կծկումները վերականգնելն է։
ՍԹՎ միջոցառումներն ավելի մանրամասն ներկայացված են մեր մեկ այլ առանձին հոդվածում:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024