Քնային զարկերակների գերձայնային հետազոտությունը նույն գերձայնային հետազոտության տարատեսակ է, որի դեպքում հետազոտվում են պարանոցի ամենախոշոր զարկերակները։
Բժիշկները հաճախ այս հետազոտությանը կարճ անվանում են «կարոտիսային սոնոգրաֆիա» կամ «կարոտիսային դուպլեքս», քանի որ «կարոտիսը» նույն քնային զարկերակի լատիներեն անվանումն է:
Ի՞նչն են հետազոտում
Կարոտիսային գերձայնային հետազոտությունն անվտանգ և անցավ ախտորոշիչ միջոցառում է, որն օգտագործում է մեր ականջին անլսելի գերձայնային ալիքներ՝ զննելու և գնահատելու քնային զարկերակներով արյան հոսքի առանձնահատկությունները՝ ըստ վերջինիս սոնոգրաֆիկ պատկերի:
Ձեր երկու քնային զարկերակները տեղակայված են պարանոցի երկու կողմերում: Դրանք զարկերակային (թթվածնով և սննդանյութերով հարուստ) արյունը սրտից տեղափոխում են դեպի գլուխ (այդ թվում՝ գլխուղեղ):
Կարոտիսային գերձայնային հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել քնային զարկերակների նեղացումներ կամ խցանում (այդ թվում՝ մակարդուկով), որը կարող է բարձրացնել իշեմիկ ինսուլտի (գլխուղեղի ինֆարկտ) ռիսկը: Հետազոտության արդյունքները կարող են օգնել բժշկին, որ որոշի ինսուլտի ռիսկը կրճատող բուժումը:
Ինչո՞ւ է նշանակվում կարոտիսային գերձայնային հետազոտությունը
Կարոտիսային գերձայնային հետազոտությունն իրականացվում է՝ հայտնաբերելու ինսուլտի ռիսկը բարձրացնող քնային զարկերակների նեղացումները:
Քնային զարկերակները սովորաբար նեղանում են ճարպից, խոլեստերինից, կալցիումից և արյան հոսքում շրջանառող այլ նյութերից կազմված կուտակումների կամ վահանիկների պատճառով: Նեղացած քնային զարկերակի վաղ ախտորոշումը և բուժումը կարող է նվազեցնել ինսուլտի ռիսկը:
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կարոտիսային գերձայնային հետազոտություն, եթե ունեք տրանզիտոր իշեմիկ գրոհներ (ՏԻԳ) կամ ինսուլտի որոշ տեսակներ, ինչպես նաև այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են բարձրացնել ինսուլտի ռիսկը, օրինակ՝
- բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
- դիաբետ
- բարձր խոլեստերին
- ինսուլտի կամ սրտանոթային հիվանդությունների ընտանեկան պատմություն
- վերջերս տարած ՏԻԳ կամ ինսուլտ
- քնային զարկերակների վրա ստետոսկոպով լսվող ոչ նորմալ հնչյուններ (աղմուկ)
- քնային զարկերակային հիվանդություն:
Օրգանիզմի այլ շրջաններում զարկերակների նեղացումն ախտորոշվում է գերձայնային հետազոտության այլ տարատեսակներով, օրինակ՝ որովայնային, սթրես թեստ՝ էխոսրտագրությամբ և այլն: Բժիշկը կարող է նշանակել նաև այլ պատկերային, այդ թվում՝ կոնտրաստային նյութով ռենտգեն հետազոտություններ:
Կարոտիսային գերձայնային հետազոտության այլ օգտագործումներ
Բժիշկը կարող է առաջարկել կարոտիսային գերձայնային հետազոտություն նաև այս նպատակներով՝
- գնահատել կարոտիսային էնդարտերէկտոմիայից հետո արյան հոսքը (անոթի լուսանցքը նեղացնող վահանիկը հեռացնող վիրահատություն)
- գնահատել կարոտիսային ստենտի ճիշտ տեղակայումը և արդյունավետությունը
- տեղորոշել արյան մակարդուկի (թրոմբ) դիրքը, որը կարող է խոչընդոտել նորմալ արյան հոսքը
- հայտնաբերել քնային զարկերակի այլ կառուցվածքային շեղումներ, որոնք կարող են ընդհատել արյան նորմալ հոսքը:
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
Ժամանակ խնայելու համար կարելի է հետազոտությանը նախապես հերթագրվել և ներկայանալ նշանակված ժամին: Հետազոտության պետք է ներկայանալ հարմարավետ և հեշտ հանվող վերնազգեստով: Տանը թողեք ձեր արդուզարդի առարկաները, այդ թվում՝ պարանոցի շղթաները և ականջօղերը: Մյուս հարցերը քննարկեք ձեր բժշկի հետ պայմանավորվելիս:
Հետազոտության ընթացքը
Կարոտիսային գերձայնային հետազոտությունը սովորաբար տևում է մինչև 30 րոպե: Բժիշկ-սոնոգրաֆիստը սարքին միացված տվիչը (датчик) նուրբ հպում է ձեր պարանոցի մաշկին` նախապես տվյալ շրջանն օծելով անվնաս և ոչ գրգռիչ գելային մածուկով:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Հետազոտության պատասխանը սովորաբար տրամադրվում է հետազոտությունից անմիջապես հետո: Քննարկեք այն ձեր բժշկի հետ, ով կբացատրի, թե ինչ է հայտնաբերվել և ինչ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ (օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիայի ներքո անգիոգրաֆիա, ՄՌՏ և այլն):
Հոդվածը հրապարակվել է՝ 11-02-2021
Վերջին վերանայում՝ 02-06-2024