Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունն ամենատարբեր ցուցումներով լայնորեն նշանակվող գործիքային հետազոտություն է, որի նպատակը կրծքավանդակի օրգանների կառուցվածքը գնահատելն է:
Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը անվանում են նաև կրծքավանդակի օրգանների ռենտգեն կամ ավելի կարճ՝ կրծքավանդակի ռենտգեն:
Ի՞նչն են հետազոտում
Կրծքավանդակի ռենտգենը թույլ է տալիս ստանալ ձեր կրծքավանդակի օրգանների՝ սրտի, թոքերի, շնչուղիների, արյունատար անոթների, ինչպես նաև կրծքավանդակի ոսկրերի և կրծքային ողնաշարի ռենտգեն պատկերը: Այս հետազոտությունը նաև թույլ է տալիս հայտնաբերել թոքերը շրջապատող հեղուկը (հիդրոթորաքս) կամ օդը (պնևմոթորաքս):
Եթե այցելում եք ձեր բժշկին կամ շտապ օգնության բաժանմունք կրծքավանդակային ցավերով, նույն շրջանի վնասվածքով կամ հևոցով, որպես օրենք, ձեզ նշանակում են կրծքավանդակի ռենտգեն: Ռենտգեն պատկերն օգնում է ձեր բժշկին որոշելու, թե արդյոք դուք ունեք սրտային խնդիր, թոքի թորշոմում (կոլապս), թոքաբորբ (պնևմոնիա), կոտրված կողեր, էմֆիզեմա, թոքի քաղցկեղ կամ որևէ այլ հիվանդություն:
Որոշակի իրավիճակներում բժիշկը կարող է նշանակել կրկնակի ռենտգեն հետազոտություն, որ վերահսկի, թե արդյոք ժամանակի ընթացքում առողջական խնդիրը բարելավվել կամ վատթարացել է:
Ինչո՞ւ է այս հետազոտությունը նշանակվում
Կրծքավանդակի ռենտգենը լայնորեն նշանակվող հետազոտություն է: Սրտային կամ թոքային հիվանդություն կասկածելիս կրծքավանդակի ռենտգենը հաճախ բժշկի կողմից նշանակվող առաջին հետազոտություններից մեկն է: Այն նաև կարող է նշանակվել, որ ստուգվի, թե ինչպես է ձեր օրգանիզմը պատասխանում բուժմանը:
Կրծքավանդակի ռենտգենը կարող է հայտնաբերել ձեր օրգանիզմում ընթացող տարբեր ախտաբանական խնդիրներ, որոնցից առավել կարևորները ներկայացված են ստորև:
- Թոքային հիվանդություններ. կրծքավանդակի ռենտգենը կարող է հայտնաբերել թոքի քաղցկեղը, վարակը (թոքաբորբ) կամ պլևրալ տարածությունում կուտակված օդը (պնևմոթորաքս, որը կարող է բերել թոքի կոլապսի): Ռենտգենը նաև կարող է օգնել քրոնիկ թոքային հիվանդությունների կամ դրանց բարդությունների ախտորոշմանը՝ էմֆիզեմա, կիստոզ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ) և այլն:
- Սրտի հետ կապված թոքային խնդիրներ. կրծքավանդակի ռենտգենը կարող է ցույց տալ սրտային խնդրի հետ կապված թոքային փոփոխությունները կամ խնդիրները: Օրինակ, կանգային սրտային անբավարարության պատճառով թոքերում կարող է կուտակվել հեղուկ, որը հայտնաբերվի ռենտգեն հետազոտությամբ։
- Սրտի չափս և ուրվագիծ. սրտի չափսերի և ուրվագծի փոփոխությունը կարող է վկայել սրտային անբավարարության, սրտի շուրջը հեղուկի կուտակման (պերիկարդիտ) կամ սրտի փականային ախտահարման մասին:
- Արյունատար անոթներ. սրտի հարակից խոշոր անոթները՝ աորտան և թոքային զարկերակների ուրվագծերը տեսանելի են ռենտգեն պատկերում, ուստի այս հետազոտությունը կարող է հայտնաբերել աորտայի անևրիզմաները, անոթային այլ խնդիրները կամ կանգային սրտային հիվանդությունը:
- Կալցիումական կուտակումներ. կրծքավանդակի ռենտգենը կարող է հայտնաբերել ձեր սրտում կամ արյունատար անոթներում կալցիումական կուտակումների առկայությունը, որը վկայում է ճարպի և այլ նյութերի առկայության, սրտի փականների, պսակային զարկերակների, սրտամկանի կամ սիրտը ծածկող արտաքին թաղանթի (պերիկարդ) ախտահարման մասին: Թոքերում կալցիֆիկացված հանգույցների առկայությունը հաճախ վկայում է անցյալում տարած վարակի մասին:
- Կոտրվածքներ. կրծքավանդակի ռենտգենը ցույց է տալիս կողերի կամ ողնաշարի կրծքային հատվածի կոտրվածքները:
- Հետվիրահատական փոփոխություններ. կրծքավանդակի ռենտգենն օգտակար է կրծավանդակի օրգանների (սիրտ, թոքեր կամ կերակրափող) վիրահատությունից հետո վերականգնման ընթացքը վերահսկելիս: Ձեր բժիշկը նաև կարող է գնահատել վիրահատությամբ տեղադրված խողովակների դիրքը, օդի կամ հեղուկի կուտակումը և այլն:
- Փեյսմեյքեր, դեֆիբրիլյատոր կամ կաթետեր. սրտային որոշ հիվանդությունների դեպքում սրտի ռիթմը կառավարելու համար տեղադրվում են փեյսմեյքերներ (սրտի արհեստական ռիթմավար) և դեֆիբրիլյատորներ: Կաթետերները փոքր ճկուն խողովակներ են, որոնք տեղադրվում են դեղեր ներմուծելու կամ դիալիզի համար: Նման միջամտություններից հետո սովորաբար նշանակվում է կրծքավանդակի ռենտգեն, որ ստուգվի սարքերի կամ կաթետերների ճիշտ տեղադրությունը և դիրքը:
Արդյոք ռենտգենյան ճառագայթումը վտանգավո՞ր է
Դուք կարող եք անհանգստանալ կրծքավանդակի ռենտգենի ընթացքում ստացած ճառագայթային ազդեցությունից, հատկապես, եթե ստիպված եք այս հետազոտությունն անցնել կրկնակի կամ հաճախակի: Իրականում, ռենտգեն հետազոտությամբ ստացած ճառագայթումը ցածր է՝ ավելի ցածր, քան արտաքին միջավայրում առկա բնական ճառագայթման աղբյուրներից ստացածը:
Թեև ռենտգեն հետազոտության օգուտները գերակշռում են հնարավոր ռիսկերը, հետազոտության ժամանակ ձեզ կտրամադրեն պաշտպանիչ գոգնոց կամ այլ միջոցներ:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե հղի եք կամ պատրաստվում եք հղիանալ: Հետազոտությունը կարող է անցկացվել այնպես, որ ձեր որովայնը պաշտպանվի հնարավոր ճառագայթումից:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
Մինչև կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը բժիշկ-ռադիոլոգը (ռենտգենոլոգ) կամ նրա օգնականը՝ ռենտգեն տեխնիկը ձեզ կառաջարկեն մերկացնել իրանի վերին շրջանը և հեռացնել արդուզարդի բոլոր պարագաները (վզնոցներ և այլն), որոնք ավելի ճիշտ կլինի թողնել տանը:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Ռենտգեն հետազոտության արդյունքում ստացվում է սև-սպիտակ պատկեր (նկար), որի վրա տարբերակվում են առանձին օրգանների ուրվագծերը: Ճառագայթներն արգելափակող կառուցվածքները պատկերվում են սպիտակ, իսկ իրենց միջով ճառագայթների թափանցումը թույլատրողները՝ սև երանգավորմամբ:
Ռենտգեն պատկերի վրա ձեր ոսկրերը հստակ երևում են, քանի որ ունեն շատ խիտ կառուցվածք: Ձեր սիրտը նույնպես պատկերվում է, թեև՝ ավելի բաց երանգավորմամբ: Օդով լցված թոքերը փոքր չափով են ճառագայթներ արգելափակում, ուստի պատկերվում են որպես ավելի մուգ դաշտեր:
Ռենտգենոլոգը, ով մասնագիտացած է ռենտգեն և այլ պատկերային հետազոտություններ անցկացնելու և արդյունքները մեկնաբանելու ոլորոտում, կվերլուծի ձեր կրծքավանդակի ռենտգեն պատկերը և կարձանագրի եզրակացությունը:
Հիշեք, որ դուք պետք է այդ ձեր հետազոտության պատասխանը ներկայացնեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024