Ի՞նչ է խոլեսթերինը
08-05-2018
3 րոպե

Խոլեսթերինը կամ խոլեսթերոլը ճարպային նյութ է, որն արտադրվում է ձեր օրգանիզմում և ստացվում սննդի հետ միասին:
Խոլեսթերինը ձեր առողջության համար անփոխարինելի նյութ է, սակայն դրա բարձրացած քանակները կարող են վնասել արյունատար անոթների պատը և բարձրացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Ինչո՞ւ է խոլեսթերինն անփոխարինելի
Խոլեսթերինի որոշ քանակներ անհրաժեշտ են, որ ձեր օրգանիզմը նորմալ գործի: Օրինակ, խոլեսթերինը մտնում է բջջաթաղանթների կառուցվածքի մեջ և մասնակցում է որոշ հորմոնների արտադրությանը:
Ինչո՞ւ է բարձր խոլեսթերինն անցանկալի
Ձեր օրգանիզմի խոլեսթերինի շուրջ 75% արտադրվում է լյարդի կողմից, իսկ մնացած 25%-ը ստանում եք սննդով:
Խոլեսթերինն արյան մեջ տեղափոխվում է լիպոպրոտեիդներով, որոնց երկու հիմնական տեսակներն են բարձր խտության (ԲԽԼ) և ցածր խտության լիպոպրոտեիդները (ՑԽԼ):
ԲԽԼ հայտնի է որպես «լավ» խոլեսթերին, քանի որ հեռացնում է խոլեսթերինը ձեր զարկերակներից և տեղափոխում այն դեպի լյարդ՝ պահեստավորման:
ՑԽԼ հայտնի է նաև որպես «վատ» խոլեսթերին, որովհետև իր խոլեսթերինը թողնում է զարկերակների պատի վրա:
Պատկերավոր ասած, ՑԽԼ-ն խոլսթերինը արյան հունից «բերում է» դեպի զարկերակների պատ, մինչդեռ ԲԽԼ-ն անոթների պատից խոլեսթերինը «տանում է» դեպի լյարդ:
Լաբորատորիաներում սովորաբար ՑԽԼ-ն ներկայացվում է որպես ՑԽԼ խոլեսթերին, իսկ ԲԽԼ-ն՝ ԲԽԼ խոլեսթերին, քանի որ չափվում է այս լիպոպրոտեիդների մեջ առկա խոլեսթերինի մակարդակը:
Խոլեսթերինի լաբորատոր թեստերն արյան մեջ ընդհանուր խոլեսթերինի և վերջինիս երկու «ֆրակցիաների»՝ ԲԽԼ և ՑԽԼ մակարդակների որոշումն է: Այս հետազոտությունը թույլ է տալիս բժշկին, որ նա գնահատի ձեզ մոտ սրտի իշեմիկ հիվանդության (այդ թվում՝ սրտամկանի ինֆարկտի) և ինսուլտի ռիսկը: Իհարկե, բժիշկը հաշվի է առնում նաև այլ ռիսկի գործոններ ևս, ինչպիսք են՝ արյան բարձր ճնշում, ավելցուկային կշիռ կամ գիրություն, 2-րդ տիպի դիաբետ և ծխախոտի օգտագործում:
Տրիգլիցերիդը կամ եռգլիցերիդը նույնպես արյան ճարպի մի տեսակ է, որն իր հերթին կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Տրիգլիցերիդները սովորաբար որոշվում են խոլեսթերինի և դրա ֆրակցիաների հետ միասին:
Այս բոլոր թեստերը միասին՝ ընդհանուր խոլեսթերին, ԲԽԼ, ՑԽԼ և տրիգլիցերիդներ, կոչվում է «արյան լիպիդային պրոֆիլ»:
Ինչո՞ւ է բարձր խոլեսթերինը վատ ձեր առողջության համար
Թեև խոլեսթերինի որոշ քանակներ անփոխարինելի են ձեր օրգանիզմն առողջ պահելու համար, նույն այդ խոլեսթերինի նորմայից բարձր մակարդակները կարող են առաջացնել առողջական խնդիրներ: ՑԽԼ խոլեսթերինի ավելցուկային քանակները կուտակվում են անոթի պատի վրա՝ առաջացնելով վահանիկներ, որոնք արյան սահուն հոսքի համար դառնում են խոչընդոտ:
Խոլեսթերինի նվազեցումը և բարվոք առողջության պահպանումը
Եթե ձեր արյան խոլեսթերինը բարձր է, դուք կարող եք այն նվազեցնել տարբեր ճանապարհներով:
Օրինակ, դուք կարող եք կրճատել սննդով ընդունվող հագեցած ճարպերի քանակը՝ սնունդը դարձնելով առողջ: Հագեցած ճարպերով հարուստ սննդամթերքներից են՝
- տորթեր և թխվածքներ
- մսի ճարպոտ կտորներ
- կարագ և չճարպազերծված (բարձր յուղային) կաթնամթերքներ
- կոկոսի կամ արմավի յուղ պարունակող մթերքներ:
Ի լրումն, դուք կարող եք նպաստել խոլեսթերինի մակարդակի նորմալացմանը, եթե ձեր սննդակարգում ավելացնեք բջջանքով հարուստ մթերքներ:
Եթե դուք «նստակյաց» կենսակերպ եք վարում, ապա ֆիզիկական ակտիվության բարձրացումը նույնպես կօգնի, որ կարգավորեք ձեր արյան բարձր խոլեսթերինը: Լավագույն տարբերակը ֆիզիկական ակտիվությունն առողջ սննդակարգի հետ զուգակցելն է:
Ապրելակերպի առողջացման միջոցով ձեր խոլեսթերինի կարգավորման ոչ բավարար արդյունքների դեպքում բժիշկը կարող է նշանակել խոլեսթերինը նվազեցնող որոշ դեղեր: Հիշեք, որ դեղերը ոչ թե փոխարինելու են առողջ ապրելակերպի միջոցառումները, այլ լրացնելու են դրանք:
Հոդվածը վերանայվել է՝ 16-01-2023