Քրոնիկ է կոչվում երկարատև և կայուն, ամիսներ և տարիներ տևող և մարմնի որևէ մի շրջանն ընդգրկող ցավային զգացումը։
Կան քրոնիկ ցավի տարբեր տեսակներ, օրինակ՝ նյարդային ցավ, ոսկրային ցավ, մկանային ցավ և հոդացավ, ինչպես նաև քաղցկեղային ցավեր։ Քրոնիկը տարբերվում է սուր ցավից (օրինակ՝ վնասվածքից առաջացած), որը զարգանում է կտրուկ և սովորաբար երկար չի տևում։
Ի՞նչն է պատճառում քրոնիկ ցավ
Երբ դուք վնասվածք եք ստանում, մարմնի վնասված շրջանից զգացողական նյարդերը դեպի գլխուղեղ փոխանցում են ազդանշաններ՝ վերջինիս տեղեկացնելով, որ այդ շրջանում խնդիր կա։ Եվ գլխուղեղն այդ ազդանշաններն ընկալում է որպես ցավ։
Քրոնիկ ցավի առաջացման մեխանիզմն այլ է։ Քրոնիկ ցավի ժամանակ զգացողական նյարդերը կարող են լինել սովորականից ավելի զգայուն կամ գլխուղեղը կարող է այլ տիպի ազդանշաններն ընկալել որպես ցավային։
Քրոնիկ ցավի հետևանքները
Քրոնիկ ցավը դժվարացնում է աշխատանքը, մարդու ինքնախնամքը կամ սիրելի գործերը հաճույքով կատարելը։ Այն կարող է ազդել մարդու քնի և տրամադրության վրա։ Քրոնիկ ցավը նաև կարող է անհանգստություն կամ դեպրեսիա պատճառել։ Ուստի շատ կարևոր է, որ քրոնիկ ցավին հարմարվելու փոխարեն փորձել միջոցներ ձեռնարկել մշտական ցավը հնարավորինս մեղմացվելու կամ դրա հետևանքները թեթևացնելու համար։
Քրոնիկ ցավի կառավարումը
Քրոնիկ ցավը սովորաբար միայն դեղերով չի բուժվում։ Հաճախ նաև անհրաժեշտ է դիմել այլ միջոցների, որոնցից են՝
- հոգեբանական հնարքներ (զրուցեք այս թեմայով հոգեթերապևտի հետ)
- ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ
- ռելաքսացիայի մեթոդներ՝ ուղղված ցավի առաջացրած սթրեսի մեղմացմանը
- քնի կարգավորում։
Նման միջոցառումները կարող են քրոնիկ ցավը մեղմացնել հակադարձ կապի սկզբունքով: Ցավն առաջացնում է սթրես, որն ավելի է սրացնում ցավային զգացողությունները և օրգանիզմի արձագանքը, ուստի, մեղմացնելով սթրեսը, կարելի է կանխարգելել ցավի ուժգնացումը և նպաստել ցավազրկողների ազդեցության հզորացմանը։
Քրոնիկ ցավի ժամանակ ոչ հազվադեպ նշանակվում են ուժեղ ցավազրկողներ՝ մորֆին, ֆենտանիլ և այլ թմրաբեր դեղեր, որոնք սովորական պայմաններում լինելով կախվածություն առաջացնող միջոցներ, ցավերը բուժելիս իրենց հակում առաջացնող ազդեցությունից գրեթե զրկվում են։ Այնուամենայնիվ, թմրաբեր ցավազրկողները արդյունավետ են միայն կարճատև ժամանակի ընթացքում, քանի որ երկարատև օգտագործելիս զարգանում է տոլերանտություն և ցավազրկող ազդեցության թուլացում։
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024