Գրադարան

Մրսածությունը և գրիպը հղիության ժամանակ

Մրսածությունը և գրիպը հղիության ժամանակ

Time Read 4 րոպե

Հղի ժամանակ մրսածությունը և գրիպը կարող են ազդել ձեր չծնված երեխայի վրա։

Եթե պատրաստվում եք հղիանալ կամ արդեն հղի եք, խիստ օգտակար կարող է լինել գրիպի դեմ պատվաստվելը, որը կօգնի այս վիրուսից ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի պաշտպանությանը։

Մրսածության վարումը հղիության ժամանակ

Մրսածությունը կամ, ինչպես նշվում է բժշկական փաստաթղթերում, սուր շնչառական վիրուսային վարակը (ՍՇՎՎ) շատ հաճախ հանդիպող վիրուսային հիվանդություն է, որն ունի չափավոր ծանր ընթացք և դրսևորվում է քթի, ըմպանի, քթի հարակից խոռոչների և վերին շնչուղիների բորբոքմամբ։ Այն կարող է առաջացնել քթի փակվածություն կամ քթահոսություն (հարբուխ), կոկորդի ցավ, փռշտոց, հազ և ջերմություն։ Մրսածությունը սովորաբար տևում է մինչև մեկ շաբաթ, որի ընթացքում օրգանիզմը կարողանում է ինքնուրույն հաղթահարել վարակը։

ՍՇՎՎ դեմ որևէ բուժում գոյություն չունի, սակայն կարող եք գանգատները մեղմացնել դեղատոմսի չպահանջող որոշ դեղամիջոցներով։ ՍՇՎՎ ախտանիշների մեղմացմանը նաև կարող է օգնել առատ հեղուկների ընդունումը։

Գրիպի վարումը հղիության ժամանակ

Գրիպը նույնպես վիրուսային վարակ է, որը կարող է տարածվել օդակաթիլային ճանապարհով, օրինակ՝ հազալիս կամ փռշտալիս։ Գրիպը նույն ՍՇՎՎ-ը չէ և պատճառվում է այլ վիրուսների խմբով, որոնք կոչվում են գրիպի վիրուսներ (ինֆլուենցա)։ Գրիպի ախտանիշներն ավելի ծանր են և տևում են ավելի երկար, քան ՍՇՎՎ-ինը։

Գրիպով կարող եք վարակվել ամբողջ տարին, սակայն վիրուսն առավել տարածված է ձմռան ամիսներին։

Եթե հղի եք և կարծում եք, որ վարակվել եք գրիպով, ճիշտ կլինի տեղեկացնել բժշկին։

Ցանկալի է, որ գրիպով հիվանդ հղի կինը բուժվի հակավիրուսային դեղերով, որը թույլ է տալիս կրճատել բարդությունների ռիսկը։ Հակավիրուսային դեղերի արդյունավետությունն ամենաբարձրն է, երբ բուժումը սկսվում է ախտանիշները սկսվելուց հետո մինչև 48 ժամվա ընթացքում։

Հակավիրուսային դեղերը չեն բուժում գրիպը, սակայն օգնում են, որ՝

  • կրճատվի հիվանդության տևողությունը միջինը 1 օրով
  • մեղմանան որոշ գանգատներ
  • նվազի լուրջ կամ ծանր բարդությունների ռիսկը։

Եթե ունեք գրիպ, բուժումը նաև պետք է ներառի՝

  • հանգիստ (անկողնային կամ կիսաանկողնային ռեժիմ)
  • տաք (բայց ոչ՝ շատ տաք) միջավայր
  • ջրազրկման կանխարգելման նպատակով առատ հեղուկներ ընդունում։

Խիստ բարձր ջերմությունն իջեցնելու և սաստիկ մկանացավերը մեղմացնելու համար կարող եք ընդունել Ացետամինոֆեն։

Դեղերի ընդունումը հղիության ընթացքում

Լավագույն տարբերակն այն է, որ հղիության ընթացքում, հատկապես առաջին երեք ամիսներին որևէ դեղ չընդունեք։ Մրսածությունը և գրիպը հաճախ որևէ դեղորայքային բուժում չեն պահանջում։ Այնուամենայնիվ, եթե հղի եք և կարծում եք, որ ունեք դեղամիջոցի կարիք, Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կարող է դառնալ լավագույն ընտրությունը։

Հղիության ընթացքում մինչև որևէ դեղ ընդունելը խորհրդակցեք այդ մասին ձեր բժշկի կամ քույր-մանկաբարձի հետ։

Ացետամինոֆենը հղիության ժամանակ

Երբ հղի եք, Ացետամինոֆենը լավագույն ընտրությունն է, որ բուժեք՝

  • թույլ կամ չափավոր ցավերը
  • բարձր ջերմությունը (տենդ)։

Որպես ցավազրկող և ջերմիջեցնող արդյունավետ միջոց, Ացետամինոֆենը երկարատև տարիներ օգտագործվել է հղիության բոլոր փուլերում։ Որևէ հստակ տվյալ չկա այն մասին, որ այս դեղամիջոցը կարող է վնասակար ազդեցություն թողնել չծնված երեխայի վրա։

Այնուամենայնիվ, ինչպես հղիության ժամանակ օգտագործվող այլ դեղերի, այնպես էլ Ացետամինոֆենի դեպքում ցանկալի է կիրառել «նվազագույն ազդող դեղաչափ՝ հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում» սկզբունքը։ Եթե Ացետամինոֆենի դեղաչափը չի մեղմացնում գանգատները, դիմեք բժշկին, այլ ոչ թե ինքնուրույն բարձրացրեք դեղաչափը կամ ավելացրեք այլ դեղամիջոցներ (որոք ևս կարող են պարունակել Ացետամինոֆեն)։

Իբուպրոֆենը կամ այլ ՈՍՀԲԴ հղիության ժամանակ

Իբուպրոֆենը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերից մեկն է (ՈՍՀԲԴ)։ Եթե հղի եք կամ պատրաստվում եք հղիանալ, զրուցեք բժշկի հետ մինչև Իբուպրոֆեն կամ մեկ այլ ՈՍՀԲԴ ընդունելը։

Դեռևս անհայտ է, թե հղիության վաղ շրջանում ՈՍՀԲԴ, օրինակ՝ Իբուպրոֆենը կամ Ասպիրինը կարող են բարձրացնել վիժման ռիսկը։ ՈՍՀԲԴ խորհուրդ չի տրվում հղիության վերջին երեք ամիսներին, քանի որ կարող է բարձրացնել մինչ- կամ հետծննդաբերական արյունահոսության, ծննդաբերության հետաձգման, չծնված երեխայի սրտի և երիկամների խնդիրների առաջացման ռիսկը։

Պարացետամոլը, որը չի մտնում ՈՍՀԲԴ խմբի մեջ, մնում է հղիության ընթացքում ցավերի մեղմացման և բարձրացած ջերմության կարգավորման ընտրության միջոց։

Հղիության ընթացքում գրիպի դեմ պատվաստումը

Գրիպի պատվաստանյութը կարող է վարակից պաշտպանել ինչպես ձեզ, այդպես էլ երեխային։

Հղի կանանց մոտ գրիպի բարդացած ընթացքի ռիսկը բարձրանում է, հատկապես հղիության վերջին ամիսներին (ներառյալ՝ կյանքին սպառնացող բարդություններ): Գրիպի ամենատարածված բարդություններից մեկը բրոնխիտն է՝ շնչուղիների վարակ, որը կարող է վերաճել թոքաբորբի։ Ավելի հազվադեպ կարող են զարգանալ գրիպի այլ բարդություններ ևս, այդ թվում՝

  • միջին ականջի վարակ (միջին օտիտ)
  • արյան վարակ, որը կարող է առաջացնել արյան ճնշման կտրուկ անկում (սեպտիկ շոկ)
  • գլխուղեղի և ողնուղեղի վարակներ (մենինգիտներ)
  • գլխուղեղի բորբոքում (էնցեֆալիտ)
  • սրտամկանի վարակային բորբոքում (միոկարդիտ)։

Եթե հղիության ժամանակ վարակվեք գրիպով, կարող է զարգանալ վաղաժամ ծննդաբերություն կամ երեխան կարող է ծնվել ցածր մարմնի կշռով, անգամ հղիությունը կարող է ավարտվել մեռելածնությամբ կամ նորածնի մահով՝ նրա կյանքի առաջին մի քանի շաբաթվա ընթացքում։

Գրիպի դեմ պատվաստանյութն անվտանգ է հղիության բոլոր փուլերում՝ սկսած առաջին մի քանի շաբաթից մինչև ծննդաբերության օրը։ Պատվաստանյութը որևէ ռիսկ չի պարունակում ինչպես ձեր, այնպես էլ երեխայի առողջության համար։

Եթե կինը հղիության ընթացքում ստանում է գրիպի պատվաստանյութ, գրիպից որոշակի չափով պաշտպանված է դառնում նաև նորածին երեխան՝ կյանքի առնվազն առաջին 6 ամիսների ընթացքում։

Պատվաստանյութը որևէ ռիսկ չի պարունակում նաև կերակրող մայրերի կամ նրանց երեխաների համար։

Հոդվածը տեղադրվել է՝ 26-04-2019 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով