Գրադարան

Մրսածությունը երեխաների մոտ

Մրսածությունը երեխաների մոտ

Time Read 2 րոպե

Հանրահայտ փաստ է, որ եղանակները ցրտելուն պես բազմաթիվ երեխաների մոտ ի հայտ են գալիս մրսածությանը բնորոշ նշաններ։

Մրսածությունը բժշկական փաստաթղթերում գրանցվում է որպես սուր շնչառական վիրուսային վարակ (ՍՇՎՎ, ռուսերեն՝ ОРВИ)։ Այն սովորաբար ընթանում է ջերմությամբ, հազով, հարբուխին (քթահոսություն կամ քթի փակվածություն) և կոկորդի ցավին բնորոշ նշաններով։

Մրսածությունը մանկահասակ երեխաների մոտ

Միջին հաշվով նախադպրոցական տարիքի երեխաները տարին մի քանի անգամ ունենում են ՍՇՎՎ։ Սա բացատրվում է նրանով, որ մրսածության վիրուսներն ուեն բազմաթիվ տեսակներ և դրանցից մեկով վարակվելը չի բերում մյուսների նկատմամբ կայուն անընկալունակության (իմունիտետ) զարգացման: Տարիքի հետ երեխայի իմունային համակարգն ամրապնդվում է, իսկ ՍՇՎՎ դեպքերը՝ պակասում։

Ինչպես վիրուսային մյուս հիվանդությունների, այնպես էլ ընդհանուր մրսածության դեպքում հակաբիոտիկները անարդյունավետ են։ ՍՇՎՎ դեպքերի մեծ մասն առանց որևէ առանձնահատուկ բուժման ինքնուրույն լավանում է 5-7 օրվա ընթացքում։

Ահա մի շարք խորհուրդներ, որոնք կարող են մեղմացնել ձեր երեխայի գանգատներն ու նշանները։

  • Ավելացրեք երեխայի խմած հեղուկների քանակը։ Խորհուրդ է տրվում երեխային տալ տարաբնույթ հեղուկներ (ջուր, գոլ թեյ) տալ փոքր բաժիններով և հաճախակի։
  • Քթի աղային կաթիլները կարող են փափկացնել քթի խոռոչի չորացած արտադրուկները և մեղմացնել քթի փակվածությունը։
  • Բարձր ջերմության դեպքում, եթե երեխայի մոտ առկա է ինքնազգացողության վատացում, գլխացավ կամ անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ), բժշկի իմացությամբ կարող եք տալ Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ Իբուպրոֆեն։ Համոզվեք, որ երեխային տալիս եք իր տարիքին և քաշին համապատասխան դեղաչափ։
  • Հոգ տարեք, որ ընտանիքի բոլոր անդամները հաճախակի լավ լվանան ձեռքերը։ Վիրուսի տարածմանը և տան մյուս անդամների վարակման կանխարգելմանը նաև կարող է օգնել հիվանդ երեխայի սենյակի պարբերաբար օդափոխությունը։
  • Խուսափեք քթային դեկոնգեստանտներից (հակականգային կաթիլներ): Դրանք ՍՇՎՎ ախտանիշների մեղմացմանը որևէ օգուտ չեն տալիս, սակայն կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ սրտազարկի արագացում, գերգրգռվածություն և անքնություն։

Հոդվածը տեղադրվել է՝ 27-04-2019 վերանայվել է՝ 07-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով