Կոլոնոսկոպիան հաստ աղիքի էնդոսկոպիկ հետազոտություն է։
Ի՞նչ է կոլոնոսկոպիան
Կոլոնոսկոպը փոքրիկ լույսի աղբյուր և տեսախցիկ ունեցող բարակ ճկուն և երկար խողովակ է (էնդոսկոպ), որը բժիշկը ձեր հետանցքով զգուշությամբ ներմուծում է դեպի հաստ աղիք (կոլոն) և ներսից դիտում լուսանցքը և լորձաթաղանթը։
Կոլոնոսկոպը բավականին ճկուն է, որը թույլ է տալիս հաղթահարել հաստ աղիքի կորությունները:
Ինչո՞ւ է նշանակվում կոլոնոսկոպիան
Լինելով էնդոսկոպիկ հետազոտության մի տեսակ, կոլոնոսկոպիան նշանակվում է ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական նպատակներով։
Կոլոնոսկոպիայի ավելի հաճախ հանդիպող ցուցումներն են՝
- աղիների հետ կապված տարաբնույթ խնդիրների ախտորոշում՝ սկսած որովայնի ցավերից մինչև հետանցքից արյունահոսությունը
- աղիների քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, հատկապես, եթե առկա է ժառանգական նախատրամադրվածություն և որևէ հիվանդության զարգացման բարձր ռիսկ
- հաստ աղիքի լորձաթաղանթից աճած պոլիպների հայտնաբերում և հեռացում
- հաստ աղիքի քաղցկեղի ախտորոշում և էնդոսկոպիկ վիրահատական միջամտություն։
Կոլոնոսկոպիային նախապատրաստվելը
Հետազոտության լավագույն արդյունքներ ապահովելու համար կոլոնոսկոպիային պետք է ներկայանալ լավ նախապատրաստված։
Կոլոնոսկոպիային նախապատրաստվելու տարբերակները տարբեր ախտորոշիչ կենտրոնների համար կարող են լինել տարբեր, սակայն դրանց բոլորի նպատակը հետազոտությանը կղանքից դատարկված հաստ աղիքով ներկայանալն է, որը թույլ կտա, որ ներսից զննման տեսադաշտը լինի հնարավորինս բաց։ Աղիքը դատարկելու և մաքրելու մեթոդների մասին ձեզ մանրամասն կներկայացնի ձեզ հետազոտող բժիշկը։
Հետազոտությունից մեկ օր առաջ հավանաբար ձեզ կնշանակվի դեղ (լուծողական), որի առաջացրած կարճատև փորլուծությունը կնպաստի հաստ աղիքի դատարկմանը։
Եթե փորլուծության պատճառով ձեր հետանցքի շուրջբոլորը գրգռվում և դառնում է ցավոտ, զուգարանի թղթի փոխարեն օգտվեք ցնցուղից կամ խոնավ անձեռոցիկներից։
Շատ կարևոր է, որ հետազոտությունից մեկ օր առաջ անցնեք մաքուր հեղուկներին (ջուր, հանքային ջուր, անգույն մրգահյութեր և ապուրներ) և բացառեք՝
- գունավոր հեղուկները՝ գունավոր մրգահյութեր, կաթ, սուրճ, շոկոլադ և այլն
- պինդ կերակրատեսակները՝ միս, կարտոֆիլ և այլն։
Միևնույն ժամանակ, հետազոտությունից 6 ժամ առաջ դադարեցրեք ջուր, հեղուկներ կամ սնունդ ընդունելը։
Դուք պետք է նաև ձեր բժշկի հետ խորհրդակցեք, թե ձեր կանոնավոր դեղերից որոնք կարելի է ընդունել կամ որ դեղերի խմելը պետք է հետաձգել։ Ձեր բժշկին տեղեկացրեք նաև, եթե դուք ունեք ալերգիա կամ այլ զուգակցող հիվանդություններ։
Կոնոլոսկոպիայի ընթացքը
Բավարար անզգայացման պայմաններում կոլոնոսկոպիան անցավ միջոցառում է: Այն սովորաբար տևում է մոտ 30 րոպե։ Հետազոտության ցավազրկումն ապահովվում է թեթև անզգայացնող դեղերի շնորհիվ, որոնց շնորհիվ հետազոտությունից հետո կոլոնոսկոպիայի մասին կարող եք հիշել միայն աղոտ դրվագներ։
Հետազոտությունից հետո դուք գուցե զգաք թույլ քնկոտություն, ուստի պայմանավորվեք ձեր մտերիմներից մեկնումեկի հետ, որ նա ձեզ ուղեկցի մինչև ձեր տուն։
Կոլոնոսկոպիայից հետո բժիշկը ձեզ հակիրճ կներկայացնի հետազոտության արդյունքները, իսկ ամբողջական պատասխանը հավանաբար ձեզ կտրամադրվի մեկ օրվա ընթացքում։
Կոլոնոսկոպիայից հետո
Կոլոնոսկոպիայից հետո սովորաբար սնունդ և ջուր ընդունելը թույլատրվում է, սակայն խորհուրդ չի տրվում, որ ավտոմեքենա վարեք, ալկոհոլ օգտագործեք կամ տուն վերադառնաք առանց ուղեկցողի։
Սովորաբար մեկ-երկու օրվա ընթացքում կոլոնոսկոպիայի «մնացորդային» գանգատները վերանում են։
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024