Գունային տեսողության խանգարումները կամ գունակուրությունը մի վիճակ է, երբ դուք չեք կարողանում տարբերակել գույներն այնպես, ինչպես դրանք կտեսնեին այլ մարդիկ:
Սա տարածված երևույթ է, որը հեշտ ախտորոշվում է: Բնածին գունակուրությունը բուժում չունի: Գունային տեսողության խանգարումները կարող են այս կամ այն չափով ազդել ձեր առօրյա գործունեության վրա:
Ի՞նչ է գունային կուրությունը
Գունազգացողությունը կամ գունային տեսողությունը շրջակա միջավայրի գունային բազմազանությունն ընկալելու ունակությունն է: Այն իրականանում է աչքի ցանցաթաղանթի շշիկներ կոչվող բջիջների օգնությամբ, որոնք պարունակում են 3 տեսակի գունաընկալման տարրեր, իսկ դրանցից յուրաքանչյուրն ընկալում է 3 հիմնական գույներից մեկը՝ կարմիր, կանաչ և մանուշակագույն: Մնացած գույներն ու երանգները ստացվում են այդ գույների խառնումից։
Գունային տեսողության խանգարումը կամ կուրությունը մի վիճակ է, երբ մարդը դժվարությամբ կամ ընդհանրապես չի տարբերակում գույներն այնպես, ինչպես մյուսները: Սա ավելի հաճախ բնածին խանգարում է (կոչվում է դալթոնիզմ), սակայն կարող է զարգանալ նաև գլխուղեղի կամ աչքերի վնասումից կամ ախտահարումից:
Դալթոնիզմը փոխանցվում է ժառանգաբար՝ հորից, իսկ աղջկա միջոցով՝ թոռանը։ Ընդ որում, աղջիկա մոտ այդ արատը չի դրսևորովում, այլ հանդես է գալիս որպես մուտանտ գենի կրող, որը նրա որդու մոտ դառնում է գունային տեսողության խանգարման պատճառ:
Գունային կուրության տեսակները
Տարբերում են գունակուրության երեք տեսակ: Ընդ որում, յուրաքանչյուր գույնի ընկալման նկատմամբ զգայնության նվազման աստիճանը կարող է նույնը չլինել:
Կարմիր-կանաչ գունակուրություն
Սա գունակուրության ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը սովորաբար բնածին է և գլխավորապես հանդիպում է տղամարդկանց մոտ: Նման դեպքերում մարդիկ դժվարանում կամ ընդհանրապես չեն կարողանում կարմիր գույնը տարբերակել կանաչից:
Կապույտ-դեղին գունակուրություն
Սա նախորդից ավելի հազվադեպ հանդիպող վիճակ է, երբ մարդիկ դժվարանում կամ ընդհանրապես չեն կարողանում կապույտ գույնը տարբերակել դեղինից:
Ամբողջական գունակուրություն
Գունային տեսողության լրիվ բացակայությունը կոչվում է գունակուրություն (մոնոքրոմազիա), որի դեպքում շրջապատի առարկաներն ընկալվում են սև-սպիտակ երանգներով: Սա խիստ հազվադեպ հանդիպող վիճակ է:
Գունային կուրության ախտորոշումը
Գունային տեսողության խանգարումները կամ գունակուրությունն ախտորոշվում է բժշկի կամ ակնաբույժի կողմից՝ գունային տեսողության ստուգման միջոցով: Այս նպատակի համար օգտագործվում են պատկերազարդ հատուկ քարտեր, որոնց վրա կան գունավոր կլոր դաշտեր:
Գունային կուրության բուժումը
Գունային տեսողության ձեռքբերովի խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժումը շատ դեպքերում հնարավորություն է տալիս վերականգնել ճիշտ գունազգացողությունը, սակայն բնածին խանգարումների բուժման եղանակներ դեռևս չկան:
Դալթոնիզմով տառապող մարդկանց օրգանիզմում աստիճանաբար առաջանում է գույներն ըստ պայծառության աստիճանի տարբերելու ունակություն, որի ընթացքում կարևոր նշանակություն է ստանում կյանքի փորձը, առարկայի իսկական գույնն իմանալը: Ուստի, դալթոնիզմով տառապող մարդիկ իրենց արատի մասին հաճախ առաջին անգամ տեղեկանում են ակնաբույժի հետազոտությունից հետո:
Ինչպե՞ս կարող է գունակուրությունն ազդել ձեր առօրյա կյանքի վրա
Շրջապատող աշխարհի գունապատկերի աղավաղված ընկալումը կարող է ձեր առօրյա կյանքում առաջացնել որոշակի խնդիրներ:
Օրինակ, եթե ունեք կարմիր-կանաչ գունակուրություն, ձեզ համար խոհանոցում դժվար կլինի հասկանալ կարմիր մսի պատրաստ լինելու պահը: Նույն կերպ, դուք դժվարությամբ եք տարբերելու փողոցի լուսացույցի գույները, թեև կարող եք հասկանալ, որ կարմիր լույuը վերևի, իսկ կանաչը՝ ներքևի լույսն է:
Գունային կուրությամբ երեխաները հավանաբար օգնության կարիք կզգան, քանի որ կրթական նյութերը հաճախ ներկայացվում են գունային պատկերազարդմամբ:
Այս վիճակը դժվարություն կարող է ստեղծել կամ անհնարին դարձնել մասնագիտական որոշ աշխատանքների կատարումը, օրինակ՝ վարորդություն, գրաֆիկական դիզայներություն և այլն:
Եթե ձեզ մոտ առկա է գույները միմյանցից տարբերակելու խնդիր, դիմեք ձեր բժշկին և նրա խորհրդով՝ ակնաբույժին: Նրանք կարող են ձեզ օգտակար խորհուրդներ տալ այն մասին, թե ինչպես հարմարեցնել ձեր առօրյա կյանքը ստեղծված իրավիճակին:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024