Կոլպոսկոպիան փոքր բժշկական միջոցառում է, որի ընթացքում հատուկ գործիքի օգնությամբ զննվում է ձեր արգանդի պարանոցը:
Միևնույն ժամանակ, կոնոլոսպոպիայի ընթաաքում կարող է նմուշառվել հյուսվածքի փոքր կտոր, որը ուղարկվում է լաբորատոր հետազոտության (կոչվում է «բիոպսիա»):
Ինչո՞ւ է կոլպոսկոպիան իրականացվում
Կոլպոսկոպիան սովորաբար նշանակվում է, որ գնահատվի կանանց արգանդի պարանոցի առողջական վիճակը և առկայության դեպքում հայտնաբերվեն ոչ նորմալ բջիջներ կամ գոյացություններ:
Ինչպես հուշում է անվանումը, կոլպոսկոպիան կատարվում է կոլպոսկոպով, որն իրենից ներկայացնում է լուսային աղբյուր ունեցող բինօկուլյար մանրադիտակ: Այն թույլ է տալիս բազմակի անգամ խոշորացնել պարանոցի և հեշտոցի մակերևույթը: Եթե անհրաժեշտ է տվյալ շրջանի լրացուցիչ հետազոտություն, բժիշկը կարող է փոքր վերցնել փոքր հյուսվածքային նմուշ և ուղարկել լաբորատորիա (բիոպսիա):
Ձեզ կարող են նշանակել կոլոնոսկոպիա, եթե դուք ունեք՝
- պարանոցի սքրինինգային թեստով շեղված պատասխաններ, որը շատ երկրներում փոխարինել է հին ՊԱՊ քսուքի թեստին
- արտասովոր կամ անբացատրելի հեշտոցային արյունահոսություն, օրինակ՝ սեռական հարաբերությունից հետո
- արգանդի պարանոցի կամ հեշտոցի պատի վրա ոչ նորմալ ուռուցքային գոյացություն:
Այս հետազոտությունը կարող է օգնել հետևյալ հիվանդությունների ախտորոշմանը՝
- արգանդի պարանոցի քաղցկեղ կամ նախաքաղցկեղ
- բարորակ աճեր, օրինակ՝ պոլիպներ
- արգանդի պարանոցի բորբոքում
- սեռական գորտնուկ (կոնդիլոմա):
Ինչպե՞ս նախապատրաստվել կոլպոսկոպիային
Հարցրեք ձեր գինեկոլոգին կոլպոսկոպիայի օգուտների և ռիսկերի մասին: Տեղեկացրեք նրան, եթե հղի եք:
Հետազոտությունը սովորաբար կատարվում է դաշտանից դուրս օրերին: Մինչև բժշկին այցելելը, մոտ 24-48 ժամվա ընթանում դուք պետք է խուսափեք՝
- տամպոններից
- սեռական հարաբերություններից
- հեշտոցային տեղային դեղամիջոցներ օգտագործելուց
- լոգանքից, ցնցուղից և լվացումներից:
Կոլպոսկոպիայի ընթացքում
Կոլպոսկոպիան սովորաբար տևում է 10-30 րոպե: Դուք կարող եք զգալ քիչ անհարմարություն կամ անհարմարավետություն, սակայն բուն միջոցառումը սովորաբար ցավոտ չէ: Այն սովորաբար անցկացվում է գինեկոլոգի կաբինետում կամ կլինիկայում: Կոլպոսկոպիան անզգայացում չի պահանջում, սակայն, եթե իրականացվելու է նաև բիոպսիա, բժիշկը կարող է զգայուն հյուսվածքը անզգայացնել տեղային միջոցներով:
Ձեզ կխնդրեն պառկել մեջքի վրա այնպես, ինչպես ՊԱՊ քսուք վերցնելիս կամ պարանոցի սքրինինգային թեստի ժամանակ: Ձեր ոտքերը քիչ բարձրացված և միմյանցից հեռացված կլինեն:
Գինեկոլոգը նախ ձեր հեշտոց կներմուծի գինեկոլոգիական հայելի, որի միջոցով կբացի ձեր հեշտոցը, որի հետո կմաքրի պարանոցի մակերևույթը թույլ քացախաթթվային լուծույթով և գուցե նաև՝ յոդինով: Այնուհետև միկրոսկոպը կմոտեցնի հեշտոցի բացվածքին և կսկսի զննել արգանդի պարանոցը:
Անհրաժեշտության դեպքում բժիշկը կվերցնի նաև փոքր հյուսվածքի կտոր, որը կուղարկի բիոպսիայի: Վերջինիս պատասխանը սովորաբար ստացվում է մինչև 2 շաբաթվա ընթացքում:
Կոլպոսկոպիայից հետո
Առանց բիոպսիայի անցկացված կոլպոսկոպիայից հետո դուք կարող եք անմիջապես անցնել ձեր օրվա նորմալ գործերին:
Եթե կոլպոսկոպիայի ընթացքում կատարվել է բիոպսիա, ապա դուք կարող եք մեկ կամ մի քանի օր ունենալ ջղաձգումային ցավեր: Նման դեպքերում բժիշկը կարող է ձեզ առաջարկել Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն): Նորմալ է համարվում, եթե 5-6 օրվա ընթացքում ունենում եք թույլ հեշտոցային արտադրուկ կամ արյունահոսություն:
Բիոպսիայից հետո բժիշկը ձեզ կխնդրի մի քանի խուսափել սեռական հարաբերությունից, ծանր ֆիզիկական գործերից, տամպոնի կամ լուբրիկանտների օգտագործումից: Դուք կարող եք ցնցուղ ընդունել, սակայն պետք է չօգտվեք լոգանքից (վաննա) կամ լողավազանից:
Բիոպսիայի արդյունքից կախված, ձեզ կարող են առաջարկել բուժում, օրինակ՝ ոչ նորմալ պարանոցային բջիջների սառեցում կրիովիրահատտությամբ: Եթե արդյունքներն անորոշ են, բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ:
Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ
Գոյություն ունի վարակման կամ առատ արյունահոսության փոքր ռիսկ: Դուք պետք է կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե կոլպոսկոպիայից հետո ունեք՝
- ջերմություն
- տհաճ հոտով հեշտոցային արտադրուկ
- ուժեղ ցավեր
- արյունահոսություն, որը տևում է ավելի քան 5 օր:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024