Դուք գիտեք, որ իրանի վարժանքները լավ են ձեզ համար, բայց արդյո՞ք դրանք ներառված են ձեր ֆիթնես ծրագրում: Ահա թե ինչու են այդ վարժանքները կարևոր:
Իրանն ամրապնդող և ճկունացնող վարժանքները լավ մշակված ֆիթնես ծրագրի կարևոր մասն են: Երբեմն-երբեմն կքանիստ և պառկած դիրքից հրումներ անելուց զատ, իրանը ներառող վարժությունները հաճախ անտեսվում են: Այնուամենայնիվ, արժե, որ ձեր իրանի, ինչպես նաև կոնքի մկաններն ավելի լավ վիճակի բերեք: Կարդացեք՝ պարզելու համար, թե ինչու:
Իրանի վարժությունները բարելավում են ձեր հավասարակշռությունը և կայունությունը
Իրանը ձեր մարմնի առանցքն է՝ միջուկը: Մարմնի առանցքն ընդգրկում է ձեր կոնքը, մեջքի ստորին հատվածը (գոտկատեղ), ազդրերը և որովայնը (փոր): Վերջինիս երբեմն անվանում են ստամոքսի մկաններ:
Իրանի վարժությունները մարզում են ձեր մարմնի առանցքային մկանները ներդաշնակ գործելու համար, որի արդյունքում բարելավվում է ձեր հավասարակշռությունը և կայունությունը: Կայունությունը կարևոր է՝ անկախ նրանից՝ դուք խաղադաշտում եք, թե զբաղված եք առօրյա վարժանքներով: Իրականում, սպորտի և այլ ֆիզիկական գործունեության մեծ մասը կախված է առանցքային մկանների կայունությունից:
Իրանի վարժությունները չեն պահանջում սարքավորումներ կամ մարզասրահ
Ցանկացած վարժություն, որը ներառում է ձեր փորի և մեջքի մկանների համակարգված օգտագործում, համարվում է իրանի կամ մարմնի առանցքի վարժություն: Օրինակ, ձեր իրանի կայուն վիճակում կշռաքարերով վարժանքները մարզում և ուժեղացնում են ձեր մկաններից շատերը, այդ թվում՝ իրանի մկանները:
Իրանի դասական վարժությունները կայունացնում և ամրացնում են ձեր մարմնի առանցքային մկանները: Որոշ օրինակներից են հատակի հրումները, կքանիստը և ֆիթնիս գնդակով վարժանքները:
«Կամուրջը» իրանի դասական վարժության ևս մեկ օրինակ է: Կամուրջ անելու համար պառկեք մեջքի վրա՝ ծնկները ծալած վիճակում: Ձեր մեջքը պահեք ուղիղ՝ ոչ ճկած դեպի վեր և ոչ էլ իջեցված դեպի հատակը: Խուսափեք ձեր կոնքերը աջ կամ ձախ թեքելուց: Ձգեք փոքրի մկանները: Բարձրացրեք ձեր կոնքերը հատակից՝ մինչև դրանք մի գիծ կազմեն ծնկների և ուսերի հետ: Մնացեք այս դիրքում՝ երեք անգամ խորը շունչ քաշելով և առանց ձեր իրանի դիրքը փոփոխելու:
Իրանի վարժությունները կարող են օգնել ձեր որովայնի տոնուսի բարելավմանը
Ցանկանու՞մ եք ունենալ որովայնի ավելի ընդգծված մկաններ: Իրանի վարժությունները կօգնեն այս հարցում: Թեև որովայնային ճարպերն այրելու համար անհրաժեշտ է աերոբիկ ակտիվություն, իրանի վարժությունները կարող են ուժեղացնել և տոնուսավորել որովայնի պատը կազմող մկանները:
Իմացե՛ք ավելին աերոբիկ վարժությունների մասին:
Իրանի ուժեղ մկանները հեշտացնում են բազմաթիվ ֆիզիկական վարժանքների կատարումը
Մարմնի առանցքի ամուր մկանները հեշտացնում են բազմաթիվ գործողություններ կատարելը: Երբ ձեր իրանի մկանները ուժեղ են, ավելի հեշտ է օրորել գոլֆի մահակը, վերևի դարակից բաժակ վերցնել և կռանալ՝ կապելու կոշիկների թելերը: Ամուր իրանն օգնում է մարզիկներին, օրինակ՝ վազորդներին: Եվ հակառակը, իրանի թույլ մկանները կարող են հանգեցնել ավելի շատ հոգնածության, ավելի ցածր տոկունության և վնասվածքների:
Մարմնի առանցքը կազմող մկանների թույլ լինելը կարող է ձեզ ավելի խոցելի դարձնել վատ կեցվածքի, գոտկատեղի ցավերի և մկանային վնասվածքների նկատմամբ: Դրա փոխարեն, այս մկանների ամրապնդումը կարող է օգնել մեջքի ցավերի բարելավմանը և կրճատել ընկնելու ռիսկը:
Իրանի վարժությունները կարող են օգնել ձեզ հասնելու ձեր ֆիթնես նպատակներին
Աերոբիկ վարժությունները և ուժային մարզումները կազմում են ֆիթնես ծրագրերի մեծ մասը: Սակայն իրանի վարժություններն առանցքային են լավ մշակված ֆիթնես ծրագրի համար:
Ֆիթնես ծրագիրը, որը ներառում է իրանի վարժություններ, կարող է օգնել ձեզ հասնելու ձեր ֆիթնես նպատակներին: Նախատեսեք ունենալ լավ մշակված ֆիթնես ծրագիր՝ անկախ նրանից, նորեկ եք ֆիթնեսում, թե՞ երկարաժամկետ մարզիկ, որը փորձում է բարելավել իր անհատական ցուցանիշները:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2024
Վերջին վերանայում՝ 16-05-2024