Առողջական խնդիրներ

Եղջերաթաղանթի (կոռնեալ) խոցեր

Եղջերաթաղանթի (կոռնեալ) խոցեր

Time Read 3 րոպե

Եղջերաթաղանթի կամ եղջերենու խոցն աչքի գունավորված ծիածանաթաղանթը ծածկող թափանցիկ շերտի՝ եղջերաթաղանթի բաց վերքն է:

Ի՞նչ է եղջերաթաղանթի խոցը

Եղջերաթաղանթի խոցն աչքի համանուն թաղանթի բորբոքման՝ կերատիտի հետևանք է: Կերատիտը եղջերենու բորբոքային հիվանդություն է, որն ըստ բնույթի լինում է խոցոտվող (երբ եղջերենու ամբողջականությունը խախտված է) և ոչ խոցոտվող:

Եղջերաթաղանթի խոցերը հաճախ պատճառվում են վարակից: Սա ներառում է, օրինակ, այն դեպքերը, երբ եղջերենու ֆիզիկական վնասվածքից հետո զարգանում է վերքի վարակում։

Նույնիսկ փոքր վնասվածքները կարող են առաջացնել եղջերաթաղանթի խոցեր, ուստի աչքի ցանկացած վնասվածքի դեպքում պետք է այցելել բժկին կամ նրա խորհրդով՝ ակնաբույժին: Պատշաճ բուժումից դուրս մնալու դեպքում եղջերաթաղանթի խոցը կարող է բերել սպիացման, որն էլ իր հերթին կարող է խաթարել ձեր տեսողությունը և նույնիսկ բերել կատարակտի կամ գլաուկոմայի:

Եղջերաթաղանթի խոցի ախտանիշները

Եղջերենու խոցը կարող է բերել ախտահարված աչքի՝

  • կարմրության և գրգռվածության
  • ցավի կամ այրոցի զգացողության
  • տվյալ աչքում օտար մարմնի (օրինակ՝ փոշեհատիկի) զգացողության
  • արցունքահոսության կամ թարախային արտադրության
  • մշուշոտ տեսողության
  • լուսավախության (վառ լույսի նկատմամբ գերզգայունություն)։

Եթե դուք ունեք այս նշաններից մեկնումեկը և սովորական աչքի կաթիլներով մեկ օրվա ընթացքում որևէ փոփոխություն չեք զգում, ապա պետք է այցելեք ակնաբույժին:

Եղջերաթաղանթի խոցի պատճառները

Եղջերենու խոցերը սովորաբար պատճառվում են բակտերիալ վարակով (բակտերիալ կերատիտ), սակայն կարող են զարգանալ նաև վիրուսային կամ սնկիկային վարակներից կամ տրավմայից հետո:

Վարակներն ավելի հաճախ են զարգանում, եթե դուք՝

  • կրում եք կոնտակտային լինզաներ, հատկապես, եթե չեք հանդում դրանք քնելիս
  • ունեք «չոր աչքեր»
  • անցյալում ունեցել եք եղջերաթաղանթի վնասվածք կամ տարել եք կոպի վիրահատություն
  • ունեք թերակտիվ իմունային համակարգ
  • ունեք աչքի ալերգիաներ:

Խոց նաև կարող է առաջանալ եղջերենու վնասվածքից՝ առաջացած աչքում հայտնված օտար մարմնից կամ փոքր մասնիկից:

Եղջերաթաղանթի խոցի ախտորոշումը

Մեծ խոցը կարող է երևալ որպես եղջերենու վրա սպիտակ բիծ, սակայն որոշ խոցեր տեսանելի են միայն ավելի մանրակրկիտ զննմամբ, այդ թվում՝ խոշորոցույցով:

Ձեր բժիշկը կամ ակնաբույժը հատուկ լուսատու սարքի միջոցով կզննի ձեր աչքը, ինչպես նաև կստուգի տեսողությունը: Ակնաբույժը կարող է օգտագործեք փոքր քանակով գունանյութ, որպեսզի խոցը դառնա առավել տեսանելի:

Վարակի պատճառը հայտնաբերելու համար ակնաբույժը կարող է նաև վերցնել փոքր նմուշ` մանրէաբանական լաբորատորիա ուղարկելու համար:

Եղջերաթաղանթի խոցի բուժումը

Եթե խոցի պատճառն աչքում հայտնված օտար մարմինն է, ապա բժիշկը նախ կհեռացնի դա:

Եղջերենու խոցերը սովորաբար բուժվում են հակաբիոտիկներով, որոնք հաճախ նշանակվում են որպես աչքի կաթիլներ:

Եթե կրում եք կոնտակտային լինզաներ, ապա փորձեք բուժման ընթացքում խուսափել դրանցից և կրել ակնոց: Խուսափեք նաև աչքերը տրորելուց և հաճախակի լվացեք ձեռքերը՝ կանխելու վարակի տարածումը: Սառը թրջոցները և սովորական ցավազրկողները կարող են մեղմացնել ցավերը:

Խոցային կերատիտը հաճախ բարելավվում է բուժման 2-3-րդ շաբաթներին: Աչքի կենտրոնում տեղակայված խոցի լավացումը կարող է տևել ավելի երկար:

Եթե խոցի լավացում և եղջերաթաղանթի վերականգնում չի հաջողվում կամ բերում է զգալի սպիացման, ակնաբույժը կարող է առաջարկել եղջերենու փոխպատվաստման վիրահատություն:

Եղջերաթաղանթի խոցի կանխարգելումը

Խոցային կերատիտի կանխարգելմանը կարող է օգնել աչքերի պատշաճ խնամքը, ինչպես նաև ըստ անհրաժեշտության առանց հետաձգելու ակնաբույժին այցելելը:

Եթե կրում եք կոնտակտային լինզաներ, ապա խորհուրդ է տրվում՝

  • պատշաճ կերպով մաքրել և պահպանել լինզաները
  • չկրել դրանք ավելի երկար ժամանակի ընթացքում, քան անհրաժեշտ է
  • հանել դրանք գիշերային քնից առաջ:

Եթե ունեք «չոր աչքերի» համախտանիշ կամ ձեր կոպերը լիարժեք չեն փակվում, պահեք ձեր աչքերը միշտ խոնավ վիճակում՝ օգտագործելով արցունքը փոխարինող կաթիլներ:

Ըստ կարիքի, օգտագործեք նաև աչքերն արևից, փոշուց, օտար մարմիններից ու կեղտից պաշտպանող ակնոցներ, օրինակ՝ այգեգործական աշխատանքներ կատարելիս:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-02-2021 վերանայվել է՝ 13-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: