Կորոնարոգրաֆիան կատարվում է՝ տեսնելու, թե սիրտը սնուցող անոթներում կա արդյոք արյան հոսքը խոչընդոտող կամ անոթը խցանող որևէ խնդիր:
Կորոնարոգրաֆիան անգիոգրաֆիայի մի տեսակ է, որի ժամանակ հետազոտվում է սրտամկանը սնուցող զարկերակների անցանելիությունը, որոնք կոչվում են սրտի պսակային զարկերակներ: Բժիշկը կարող է ձեզ նշանակել կորոնարոգրաֆիա, եթե կասկածում է, որ ձեզ մոտ առկա է սրտի պսակային զարկերակների նեղացմամբ կամ լրիվ խցանմամբ պայմանավորված որևէ սրտանոթային հիվանդություն:
Ի՞նչ են պսակային զարկերակները
Թեև սրտի խոռոչները լցված են արյունով, սրտամկանն արյուն ստանում է առանձին անոթներով, որոնք կոչվում են պսակային զարկերակներ:
Երբ պսակային զարկերակները նեղանում են, սրտամկանի արյունամատակարարումը դանդաղում և վատթարանում է: Բավարար քանակով արյուն և արյան միջոցով՝ թթվածին և սննդանյութեր չստանալով, սրտամկանի տվյալ շրջանը իշեմիզացվում է, իսկ ծանր դեպքերում՝ նաև մեռուկանում (նեկրոզվում)՝ հանգեցնելով սրտամկանի ինֆարկտի:
Ի՞նչ է կորոնարոգրաֆիան
Կորոնարոգրաֆիան ախտորոշիչ միջամտություն է, որի ընթացքում բժիշկը ձեզ ներարկում է գունանյութ (կոնտրաստ) և ռենտգեն հետազոտությամբ դիտում ու գնահատում սրտի պսակային զարկերակների անցանելիությունը: Կորոնարոգրաֆիայի մյուս անվանումներն են սրտի կաթետերիզացիա կամ պսակային անգիոգրաֆիա:
Ե՞րբ կարող է նշանակվել կորոնարոգրաֆիան
Բժիշկը ձեզ կարող է նշանակել կորոնարոգրաֆիա, եթե ունեք այնպիսի գանգատներ, որոնք կարող են վկայել սրտամկանի անբավարար արյունամատակարարման մասին՝ ետկրծոսկրային ցավ կամ սրտամկանի ինֆարկտի այլ նշաններ:
Կորոնարոգրաֆիա կարող է նշանակվել նաև սրտի բնածին արատների, կրծքավանդակի ծանր տրավմաների և բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է գնահատել սրտի պսակային զարկերակներով արյան հոսքը (սրտամկանի արյունամատակարարումը):
Կորոնարոգրաֆիային նախապատրաստվելը
Մինչև բուն միջամտությունը, նախապատրաստեք ձեր սրտային վիրաբույժին, սրտաբանին կամ ռենտգենոլոգին տրվող հարցերը:
Նրանք կզրուցեն ձեզ հետ, կզննեն ձեզ և մեծ հավանականությամբ մինչև կորոնարոգրաֆիան կառաջարկեն մի շարք այլ հետազոտություններ, օրինակ՝ արյան թեստ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն կամ էլեկտրասրտագրություն (ԷՍԳ):
Կորոնարոգրաֆիայի ընթացքը
Պլանային կարգով իրականացվող կորոնարոգրաֆիայի դեպքում ձեզ կհրավիրեն բժշկական կենտրոն բուն միջոցառումից մի քանի ժամ առաջ:
Այնուհետև ձեզ կուղեկցեն հատուկ սրտային կաթետերիզացիայի կաբինետ (որոշ կենտրոններում կոչվում է լաբորատորիա) և կխնդրեն պառկել հատուկ նեղ սեղանի վրա: Բժշկական անձնակազմը ձեզ կմիացնի երակային համակարգ և կներարկի հանգստացնող ազդեցության որոշ դեղեր, որ դուք մի փոքր թուլանաք:
Բժշկական անձնակազմն այնուհետև ձեր աճուկային շրջանում կամ դաստակից վերև կներարկի տեղային անզգայացնող դեղ և կկատարի փոքր կտրվածք, որ այդ շրջաններով անցնող խոշոր զարկերակի մեջ ներմուծի կաթետեր՝ երկար բարակ և ճկուն երակային խողովակ:
Հաջորդ փուլով բժիշկները կաթետրը զգուշությամբ ներմուծում են՝ հասնելու սրտի զարկերակներին: Զարկերակների նյարդավորումը աղքատիկ է, այնպես որ կաթետերի անցնելը ձեր զարկերակներով որևէ ցավ չի առաջացնում: Երբ կաթետերի ծայրը հասնում է աջ փորոք, դրանով ներմուծվում է գունանյութ (ռենտգեն-կոնտրաստ նյութ), որը կարող է առաջացնել ջերմության ներհոսի զգացողություն:
Ռենտգեն հսկողության ներքո բժիշկները դիտում են, թե ինչպես է գունանյութը անցնում պսակային զարկերակներով և արդյոք այդ անոթներում դիտարկվում են արյան հոսքը խոչընդոտող նեղացումներ, խցանումներ և այլն:
Եթե նրանք տեսնեն, որ պսակային զարկերակի ինչ-որ մի հատված կամ մի քանի հատվածներ նեղացած կամ խցանված են, ապա մեծ հավանականությամբ ձեզ կառաջարկեն այդ անոթի կամ անոթների ստենտավորման կամ մեկ այլ միջամտություն: Պատրաստ եղեք նաև այս առաջարկության վերաբերյալ որոշում կայացնելուն:
Կորոնարոգրաֆիայից հետո
Միջամտության ավարտին բժիշկը հեռացնում է կաթետրը և այդ շրջանը ծածկում ստերիլ վիրակապով: Որոշ ժամանակ մնալով բժշկական անձնակազմի հսկողության ներքո, ձեզ այնուհետև կտեղափոխեն հիվանդասենյակ:
Սովորաբար կորոնարոգրաֆիայից հետո ձեզ կառաջարկեն մի քանի ժամ մնալ պառկած վիճակում և հարթ ընթացքի դեպքում նույն օրը, ձեր առողջական վիճակից և վերջնական ախտորոշումից կախված, կկարողանաք վերադառնալ տուն:
Տանը առնվազն մի քանի օր դուք պետք է խուսափեք ֆիզիկական ծանր գործերից և ակտիվությունից: Այս ընթացքում հոգ տարեք նաև կաթետերիզացիայի շրջանի վերքի մասին:
Կորոնարոգրաֆիայի հնարավոր ռիսկերը կամ բարդությունները
Ընդհանուր առմամբ կորոնարոգրաֆիան բավականին անվտանգ միջամտություն է: Այնուամենայնիվ, ինչպես բոլոր ինվազիվ բժշկական միջամտությունները, կորոնարոգրաֆիան ևս զերծ չէ որոշ ռիսկերից, որոնցից են՝
- արյունահոսություն
- ցավեր
- սրտամկանի ինֆարկտ
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ
- երիկամների վնասում:
Առանց հետաձգելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ձեզ մոտ առաջացել է՝
- արյունահոսություն
- սուր ցավեր
- վարակի նշաններ, օրինակ՝ այտուցվածություն կամ մարմնի ջերմաստիճանի բարձրացում
- կրծքավանդակի շրջանի ցավեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024