Համակարգչային (կոմպյուտերային) տոմոգրաֆիան (ԿՏ, անգլերեն՝ CT) ռենտգեն հետազոտության տեսակ է, որի ախտորոշիչ և բուժական նշանակությունը վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն աճել է:
ԿՏ–ն ախտորոշիչ միջոցառում է, որի ժամանակ ստացվում է մարդու ներքին օրգանների ռենտգենյան շերտավոր եռաչափ պատկերներ: ԿՏ ախտորոշիչ նշանակությունն աննկարագրելի մեծ է ինչպես անհետաձգելի, այնպես էլ պլանային իրավիճակներում:
Ունենալով հսկայական կլինիկական դեր, այնուամենայնիվ, ԿՏ հետազոտությունը թանկարժեք է և ոչ լայնորեն մատչելի:
Ինչ է ԿՏ սքանավորումը
ԿՏ-ն ռենտգեն հետազոտության մի տեսակն է, որի էությունը ներքին օրգանների եռաչափ պատկերների արտածումն է: ԿՏ սարքը ռենտգենյան ճառագայթների փունջը պտտում է ձեր մարմնի շուրջը, որի շնորհիվ ստացվում է ռենտգեն պատկերների շարք՝ տարբեր խորության շերտագրերով, ինչը թույլ է տալիս հետազոտվող օրգանների կամ հյուսվածքների մասին ստանալ մանրակրկիտ տվյալներ:
Ե՞րբ է նշանակվում ԿՏ սքանավորումը
ԿՏ կարող է նշանակվել հետևյալ նպատակներով՝
- տարբեր հիվանդությունների և վիճակների ախտորոշում կամ վերահսկում, օրինակ՝ ուռուցքներ (այդ թվում՝ քաղցկեղներ), թոքերի ախտահարումներ և այլն
- ոսկրերի կոտրվածքների, հոդերի և ներքին օրգանների վնասվածքների ախտորոշում
- մեծ վիրահատությունների կամ ճառագայթային թերապիայի պլանավորում
- անատոմիական շեղումների ու արատների հայտնաբերում
- բիոպսիայի ճիշտ իրականացում:
ԿՏ-ով կարելի է հետազոտել մարմնի բոլոր շրջանները, սակայն ավելի հաճախ սքանավորվում են գլուխը, կրծքավանդակի, որովայնի և փոքր կոնքի օրգանները: Այն կարող է օգտագործվել նաև ոսկրերը, արյունատար անոթները, սիրտը (անգիոգրաֆիա), փափուկ հյուսվածքները (օրինակ՝ մկանները) և այլ օրգանները (օրինակ՝ գլխուղեղը) հետազոտելու համար:
ԿՏ-ով ստացված եռաչափ պատկերները կարող են ավելի մանրակրկիտացվել՝ օգտագործելով կոնտրաստային գունանյութեր:
ԿՏ-ն և հղիությունը
ԿՏ-ի ընթացքում կիրառվում է ռենտգենյան ճառագայթում, ուստի, պտղի հավանական վնասումից խուսափելու համար հղիներին այս հետազոտությունը պետք է նշանակվի միայն բացառիկ դեպքերում:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024