Ցիոստոսկոպիան բժշկական միջամտություն է, որը նշանակվում է միզապարկի հիվանդություններն ախտորոշելու և երբեմն նաև որոշ բուժական միջոցառումներ իրականացնելու համար:
Ի՞նչ է ցիստոսկոպիան
Ցիստոսկոպիան էնդոսկոպիկ միջամտություն է, որի ժամանակ օգտագործվում է ցիստոսկոպ: Վերջինս ազատ ծայրում լուսավորող տեսախցիկ ունեցող բարակ սարք է, որի միջոցով բժիշկը կարողանում է զննել ձեր միզապարկի խոռոչը: Ցիստոսկոպիան կարևոր ախտորոշիչ հետազոտություն է, որը թույլ է տալիս հայտնաբերել և որոշ դեպքերում բուժել միզապարկը և միզուղիներն ախտահարող որոշ հիվանդություններ և վիճակներ:
Ե՞րբ է նշանակվում
Ցիստոսկոպիան հաճախ խորհուրդ է տրվում այն մարդկանց, ում մեզում առկա է արյուն (կոչվում է արյունամիզություն կամ հեմատուրիա): Ցիստոսկոպիան կարող է նշանակվել նաև միզապարկի քաղցկեղը և քարերը հայտնաբերելու, հյուսվածքային նմուշ վերցնելու նպատակով (բիոպսիա), ինչպես նաև բուժման համար, օրինակ՝ միզապարկում առկա երիկամային քարերի փշրում:
Ինչպե՞ս նախապատրաստվել
Ցիստոսկոպիային նախապատրաստվելը մեծամասամբ կախված է անզգայացման եղանակից:
Եթե ցիստոսկոպիան անցկացվելու է ընդհանուր անզգայացման ներքո, բժիշկը ձեզ կզգուշացնի, որ բուն հետազոտությունից առնվազն 8-10 ժամ առաջ որևէ սնունդ կամ ջուր չընդունեք: Էպիդուրալ կամ ողնուղեղային անզգայացման դեպքում դուք պետք է ցիստոսկոպիայից առնվազն մի քանի ժամ առաջ դադարեցնեք սննդի կամ ջրի ընդունումը, մինչդեռ տեղային անզգայացմամբ ցիստոսկոպիային դուք կարող եք ներակայանալ սնունդ և հեղուկներ ընդունած վիճակում:
Եթե ընդունում եք դեղեր, տեղեկացրեք հետազոտող բժշկին դրանց անվանումները և դեղաչափերը: Չի բացառվում, որ բժիշկն առաջարկի ցիստոսկոպիայից մի քանի օր առաջ ընդհատել Ասպիրինի և արյան մակարդելիությունն ընկճող այլ դեղերի ընդունումը:
Ցիստոսկոպիայի ընթացքը
Ցիստոսկոպիան սովորաբար անցկացվում է արտահիվանդանոցային պայմաններում և դուք ի վիճակի եք լինում նույն օրը վերադառնալ տուն:
Հետազոտության ընթացքում մի ծայրին տեսախցիկ և լույսի աղբյուր ունեցող բարակ խողովակը ձեր միզուկով զգուշությամբ ներմուծվում է դեպի ձեր միզապարկի խոռոչ:
- Ճկուն ցիստոսկոպը սովորաբար օգտագործվում է այն դեպքերում, երբ ձեր բժիշկը ցանկանում է բավարարվել միայն ձեր միզապարկի զննմամբ: Նման դեպքերում անզգայացումը սովորաբար ապահովվում է տեղային միջոցներով (գել կամ սփրեյ), որոնց օգնությամբ թմրեցվում է միզուկի լորձաթաղանթը:
- Կոշտ ցիստոսկոպը կարող է օգտագործվել միզապարկից բիոպսիա կատարելու կամ այլ փոքր վիրահատական միջամտությունների անցկացման դեպքում (օրինակ՝ միզապարկի քարի փշրում կամ հեռացում): Նման միջամտությունները հիմնականում կատարվում են ընդհանուր կամ էպիդուրալ անզգայացման ներքո:
Ցիստոսկոպիան կարող է առաջացնել միզուկի և միզապարկի շրջանում որոշակի անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ), սակայն ընդհանուր առմամբ անցավ միջոցառում է:
Ցիստոսկոպիայից հետո
Ցիստոսկոպիայից հետո դուք կարող եք զգալ անզգայացման հետ կապված որոշ գանգատներ, օրինակ՝ թուլություն կամ գլխապտույտ, ինչպես նաև միզուկի և միզապարկի շրջանում թույլ ցավեր կամ այրոց, որոնք ուժեղանում են միզելիս: Եթե մինչ այս հետազոտությունը ձեզ մոտ արյունամիզություն չկար, ձեր մեզում կարող է նաև հայտնվել արյուն: Այս և համանման գանգատները սովորաբար մի քանի օրվա ընթացքում աստիճանաբար մեղմանում և ի վերջո վերանում են:
Հնարավոր ռիսկերը և բարդությունները
Ցիստոսկոպիայից հետո խիստ հազվադեպ կարող են ի հայտ գալ լուրջ և ծանր բարդություններ:
Ճկուն ցիստոսկոպով հետազոտվելուց հետո մի քանի օր կարող է զգացվել միզելիս ցավեր կամ դժվարամիզություն և թույլ արյունամիզություն:
Կոշտ ցիստոսկոպիայից հետո կարող է ի հայտ գալ մի քանի ժամվա տևող դժվարամիզություն, անմիզապահություն և ավելի երկար շարունակվող միզարձակման հետ կապված անհարմարավետության զգացում, ցավ, այրոց և արյունամիզություն: Այս գանգատները սովորաբար մի քանի օրվա ընթացքում (կոշտ ցիստոսկոպիայի դեպքում՝ մեկ շաբաթվա ընթացքում) անհետանում են: Եթե նշված ժամանակից հետո արյունամիզությունը և մյուս գանգատները մնում են, դիմեք ձեր բժշկին:
Ցիստոսկոպիան նաև կապված է միզուղիների վարակի առաջացման որոշակի ռիսկի հետ: Եթե ցիստոսկոպիայից հետո առաջացող միզուկի և միզպարկի ցավերը կամ արյունամիզությունը չեն մեղմանում կամ դրանց գումարվում է ջերմություն, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-06-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024