Ցածր դեղաչափով ամենօրյա Ասպիրինը կարող է նվազեցնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը:
Բայց սա չի բնավ նշանակում, որ յուրաքանչյուր մարդ կարող է պաշտպանվել սրտամկանի ինֆարկտից՝ ամեն օր կուլ տալով Ասպիրին:
Ինչպես որևէ մեկ այլ դեղամիջոցը, այնպես էլ երկարատև բուժման համար օգտագործվող Ասպիրինն ունի հստակ ցուցումներ, հակացուցումներ և պետք է նշանակվի միայն ձեր բժշկի կողմից, այլ ոչ թե օգտագործվի որպես ինքնաբուժում: Օրինակ, եթե ունեք նախկինում ալերգիա կամ արյունահոսություն, ձեր բժիշկը կարող է ասպիրինային բուժումից ձեռնպահ մնալ:
Այսպիսով, եթե ունեք սրտանոթային որևէ հիվանդության բարձր ռիսկ, ձեր բժիշկը երկարաժամկետ բուժման համար նշանակում է Ասպիրին՝ նախապես գնահատելով դեղամիջոցի օգուտները և հնարավոր վտանգները: Ուստի, երբեք ինքնուրույն որոշում մի կայացրեք, այլ քննարկեք ձեր առողջության հետ կապված բոլոր խնդիրները, այդ թվում՝ որևէ դեղի ընդունման նպատակահարմարությունը ձեր բժշկի հետ:
Ինչպե՞ս կարող է Ասպիրինը կանխարգելել սրտամկանի ինֆարկտը
Ասպիրինն ազդում է արյան մակարդման վրա: Արյան թիթեղիկները (թրոմբոցիտներ) կուտակվում են արնահոսող վերքի շրջանում և օգնում են, որ վնասված անոթի լուսանցքում առաջանա մակարդուկային խցան (թրոմբ), որը փակում է արնահոսող անոթը և կանգնեցնում արյունահոսությունը: Սա պաշտպանական օգտակար գործընթաց է:
Սակայն, արյան մակարդման վերոնշյալ խիստ պարզունակ ներկայացրած, իսկ իրականում չափազանց բարդ ու տարատեսակ գործոններ ներառող գործընթացը կարող է ընթանալ նաև սրտամկանը սնուցող պսակաձև զարկերակներում: Եթե այս անոթներն աթերոսկլերոզի պատճառով արդեն նեղացած են, բարձրանում է դրանց լուսանցքում արյան մակարդուկի (թրոմբ) առաջացման, արյան հոսքի ընդհատման և սրտամկանի մեռուկացման (նեկրոզ) կամ որ նույնն է՝ ինֆարկտի զարգացման վտանգը, որի նախնական փուլում ներգրավված են նաև արյան թիթեղիկները:
Ասպիրինով բուժումը նվազեցնում է թրոմբոցիտների միաձուլվելու ունակությունը (ագրեգացիա) և, ըստ այդմ, թրոմբառաջացման և սրտամկանի ինֆարկտի զարգացման հավանականությունը:
Պե՞տք է արդյոք ամեն օր խմել Ասպիրին
Զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե արդյոք ունեք ամենօրյա Ասպիրին ընդունելու կարիք, որ կանխարգելեք սրտամկանի ինֆարկտը: Ձեր ժիշկը կարող է առաջարկել ասպիրինային բուժում, եթե՝
- արդեն ունեցել եք սրտամկանի ինֆարկտ կամ իշեմիկ ինսուլտ
- չեք ունեցել ինֆարկտ, սակայն ունեք պսակային զարկերակում տեղադրված ստենտ կամ ենթարկվել եք աորտոկորոնար շունտավորման վիրահատության
- ձեզ ախտորոշել են կրծքահեղձուկ (ստենոկարդիա)
- երբեք չեք ունեցել սրտամկանի ինֆարկտ, բայց ունեք հիվանդության բարձր ռիսկ
- ունեք դիաբետ (շաքարախտ) և սրտանոթային ռիսկի գործոններից ևս մեկը, օրինակ՝ ծխելը կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), և 50-ն անց տղամարդ կամ 60-ն անց կին եք (Ասպրինի նշանակման այս ցուցումն ունի որոշակի հակասություններ):
ԱՄՆ Կանխարգելիչ ծառայությունների հանձնախումբն ասպիրինային բուժումը խորհուրդ է տալիս, եթե 50-59 տարեկանների խմբում եք, չունեք արյունահոսության բարձրացած ռիսկ և ունեք հաջորդ 10 տարվա համար սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի 10% և ավելի բարձր ռիսկ: Նույն պայմաններում, եթե 60-69 տարեկան եք, զրուցեք Ասպիրինով բուժման նպատակահարմարության մասին ձեր բժշկի հետ:
Մինչև 50 տարեկան կամ 70-ն անց մարդկանց մոտ Ասպիրինի ամենօրյա ընդունման օգուտների և վնասների հավասարակշռության հարցը ներկայումս խորությամբ ուսումնասիրվում է: Հետազոտվում է նաև Ասպիրինի՝ հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղի կանխարգելման մեջ հավանական դերն ու նշանակությունը:
ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) ասպիրինային բուժումը խորհուրդ չի տալիս, եթե չեք ունեցել սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ կամ սրտանոթային մեկ այլ հիվանդություն:
Որոշակի անհամապատասխանություն կա նաև տարբեր սրտաբանական ասոցիացիաների ուղեցույցների միջև:
Ամփոփելով, կարելի է եզրակացնել, որ Ասպիրինով երկարատև բուժման նպատակահարամարության հարցը պետք է վերջնականապես պարզել՝ զրուցելով բժշկի հետ:
Արդյոք պե՞տք է խուսափեմ ամենօրյա Ասպիրինի ընդունումից, եթե ունեմ մեկ այլ առողջական խնդիր
Եթե բժիշկը ասպիրինային երկարատև բուժում սկսելու որոշում կայացնելու փուլում է, տեղեկացրեք նրան բոլոր, նույնիսկ առաջին հայացքից ձեզ ոչ կարևոր թվացող առողջական խնդիրների մասին: Բժիշկը պետք է տեղեկացված լինի, թե արդյոք ունեք արնահոսության կամ մեկ այլ բարդության բարձր ռիսկ: Այսպիսի առողջական վիճակներից են՝
- արյունահոսության (հեշտությամբ արնահոսելու) կամ արյան մակարդելիության հետ կապված հիվանդություն կամ խանգարում
- Ասպիրինի նկատմամբ ալերգիա, որը կարող է ներառել Ասպիրինով պայմանավորված ասթման
- արնահոսող պեպտիկ խոցեր:
Ո՞րն է Ասպիրինի լավագույն դեղաչափը
Արդյունավետ կարող են լինել Ասպիրինի խիստ ցածր դեղաչափերը՝ օրական 75-150 միլիգրամ (մգ), սակայն ավելի հաճախ նշանակվում է Ասպիրինի 81 մգ/օր դեղաչափը: Հաշվի առնելով մի շարք գործոններ, բժիշկը հավանաբար կնշանակի սկսած 75 մգ-ից մինչև 325 մգ ամենօրյա ընդունման Ասպիրին:
Եթե ունեցել եք սրտամկանի ինֆարկտ կամ սրտի անոթային ստենտ, շատ կարևոր է, որ Ասպիրինը կամ արյան մակարդելիության վրա ազդող այլ դեղամիջոցներն ընդունեք այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը կամ սրտաբանը:
Ի՞նչ կարող է լինել, եթե կտրուկ դադարեցնեմ Ասպիրինի ամենօրյա ընդունումը
Ամենօրյա Ասպիրինի ընդունման կտրուկ դադարեցնումը կարող է թողնել հակադարձ ազդեցություն՝ բարձրացնել արյան մակարդելիությունը և դրա հետ կապված, նաև՝ սրտամկանի ինֆարկտի ռիսկը:
Եթե որոշ ժամանակ ստացել եք Ասպիրին, վերջինիս ընդունման դադարեցման հետ կապված ցանկացած որոշման մասին նախապես տեղեկացրեք ձեր բժշկին: Թույլ տվեք մեկ անգամ ևս հիշեցնել, որ Ասպիրինի ընդունման կտրուկ դադարեցումը նպաստում է արյան մակարդուկների՝ թրոմբի առաջացման, հետևաբար՝ սրտամկանի ինֆարկտի զարգացման ռիսկի բարձրացմանը:
Կարո՞ղ եմ ընդունել Ասպիրին, եթե մեկ այլ առողջական խնդրի կապակցությամբ կանոնավոր կերպով խմում եմ Իբուպրոֆեն կամ մեկ այլ ՈՍՀԲԴ
Ինչպես Ասպիրինը, այնպես էլ այլ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Իբուպրոֆենը կամ Նապրոքսենի նատրիումը, կրճատում են արյան թիթեղիկների միաձուլման ունակությունը, հետևաբար՝ արյան մակարդելիությունը: ՈՍՀԲԴ կանոնավոր օգտագործումը կարող է բարձրացնել արնահոսելու վտանգը:
Կան որոշ ՈՍՀԲԴ-ներ, որոնք ինքնուրույն կարող են բարձրացնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը: Ավելին, կան ՈՍՀԲԴ-ներ, որոնք հակադարձ կերպով են փոխազդում Ասպիրինի հետ՝ էլ ավելի բարձրացնելով արնահոսելու ռիսկը:
Որո՞նք են ամենօրյա Ասպիրինի ընդունման կողմնակի ազդեցությունները
Ասպիրինային երկարատև բուժման կողմնակի ազդեցություններից ու բարդություններից են՝
- արյան անոթի պատռումից զարգացած հեմոռագիկ (արնահոսող) ինսուլտ
- ստամոքսաղիքային արյունահոսություններ, որոնց պատճառը Ասպիրինի երկարատև ընդունման պատճառով պեպտիկ խոցի առաջացումն է
- ալերգիկ ռեակցիաներ, երբ Ասպիրինը նպաստում է ծանր ալերգիկ ռեակցիաների զարգացմանը:
Եթե ընդունում եք Ասպիրին և առաջացել է ատամնաբուժական կամ վիրաբուժական որևէ միջամտության կարիք, անպայման տեղեկացրեք ձեր բժշկին այն մասին, թե ինչքան ժամանակ և ինչ դեղաչափով եք Ասպիրինն ընդունում: Առանց ձեր բժշկին տեղեկացնելու երբեք մի՛ ընդհատեք Ասպիրինի ամենօրյա ընդունումը:
Ստամոքսային արյունահոսության ռիսկը որոշ չափով բարձրանում է, եթե միաժամանակ խմում եք Ասպիրին և ալկոհոլային խմիչքներ:
Որո՞նք են Ասպիրինի և այլ դեղերի միջև հնարավոր փոխազդեցությունները
Եթե մեկ այլ առողջական խնդրի կապակցությամբ ընդունում եք որևէ հակամակարդիչ դեղ (օրինակ՝ Վարֆարին, Ապիքսաբան, Դաբիգատրան կամ Ռիվարօքսաբան), ապա այս դեղամիջոցների և ցածր դեղաչափով Ասպիրինի զուգակցումը կարող է բարձրացնել ուժեղ արյունահոսության ռիսկը: Տեղեկացրեք ձեր բոլոր դեղերի մասին Ասպիրին նշանակած ձեր բժշկին:
Ասպիրինի հետ փոխազդող այլ դեղերից են՝
- Հեպարին
- Իբուպրոֆեն
- կորտիկոստերոիդներ
- Կլոպիդոգրել
- որոշ հակադեպրեսանտներ (Կլոմիպրամին, Պարօքսետին և այլն):
Որոշ սննդային հավելումներ նույնպես կարող են բարձրացնել արնահոսելու ռիսկը (օրինակ՝ օմեգա-3 ճարպաթթուներ կամ ձկան յուղ):
Եթե ամեն օր ընդունում եմ Ասպիրին, անվտա՞նգ է արդյոք սրտամկանի ինֆարկտի ժամանակ Ասպիրին խմելը
Եթե կարծում եք, որ ունեք սրտամկանի ինֆարկտ, ամենակարևոր բանը, որ պետք է անեք, 1-03 զանգելն ու շտապ օգնություն կանչելն է: Մի՛ հետաձգեք այս զանգը: Զարգացող սրտամկանի ինֆարկտի պայմաններում Ասպիրինն առանձին վերցրած չի կարող փրկել ձեր կյանքը:
Արժի՞ արդյոք ընդունել Ասպիրինի թաղանթապատ հաբեր
Դեղատներում կարող եք տեսնել Ասպիրինի թաղանթապատ հաբեր: Ասպիրինի նման դեղաձևի նպատակն այն է, որ ակտիվ դեղանյութը սկսի ներծծվել ոչ թե ստամոքսում, այլ՝ բարակ աղիներում և արդյունքում կրճատվի ստամոքսի խոցի առաջացման վտանգը:
Այս հարցին վերաբերվող հետազոտությունների արդյունքները հակասական են: Ինչպես լիարժեք հաստատված չէ ստամոքսի խանգարումների առաջացման ռիսկի նվազեցումը, այնպես էլ որոշ հետազոտությունների արդյունքներ ցույց են տվել, որ թաղանթապատ Ասպիրինի արդյունավետությունը կարող է նվազել:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-06-2019
Վերջին վերանայում՝ 30-04-2024