Դեղորայքային ալերգիան առաջանում է, երբ ձեր իմունային համակարգը սխալմամբ ճանաչում է դեղամիջոցը որպես վնասակար նյութ, ինչպիսիք են վիրուսները կամ բակտերիաները:
Երբ ձեր իմունային համակարգը հայտնաբերում է ձեր ընդունած դեղամիջոցը որպես վնասակար օտարածին նյութ, այն ձևավորում է այդ դեղամիջոցի նկատմամբ հատուկ հակամարմին: Դա կարող է տեղի ունենալ առաջին անգամ, երբ դուք դեղամիջոց եք ընդունում, սակայն երբեմն ալերգիան չի զարգանում այնքան ժամանակ, մինչև չլինի նույն դեղամիջոցի կրկնակի ազդեցություն:
Հաջորդ անգամ, երբ դուք ընդունում եք նույն դեղամիջոցը, այս հատուկ հակամարմինները նշում են դեղամիջոցը և անմիջականորեն ուղղորդում իմունային համակարգին, որ հարձակվի այդ նյութի վրա: Այս գործընթացի արդյունքում արյան հուն արձակված քիմիական նյութերը առաջացնում են ալերգիկ ռեակցիայի հետ կապված ախտանիշներ:
Այնուամենայնիվ, դուք կարող եք տեղյակ չլինեք դեղամիջոցի հետ ձեր առաջին ազդեցության մասին: Որոշ ապացույցներ ցույց են տալիս, որ սննդամթերքի մեջ դեղամիջոցի հետքային քանակությունը, ինչպիսին է հակաբիոտիկը, կարող է բավարար լինել իմունային համակարգի համար՝ դրա դեմ հակամարմին ստեղծելու համար:
Որոշ ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ մի փոքր այլ գործընթացի արդյունքում: Հետազոտողները կարծում են, որ որոշ դեղամիջոցներ կարող են ուղղակիորեն կապվել իմունային համակարգի որոշակի տեսակի սպիտակ արյան բջիջների (լեյկոցիտների) հետ, որոնք կոչվում են T բջիջներ (լիմֆոցիտներ): Սա առաջացնում է քիմիական նյութերի արտազատում, որոնք կարող են հանգեցնել ալերգիկ ռեակցիայի՝ առաջին անգամ դեղն ընդունելիս:
Դեղամիջոցներ, որոնք հաճախ կապված են ալերգիաների հետ
Ցանկացած դեղամիջոց կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա, սակայն որոշ դեղամիջոցներ ավելի հաճախ են կապված ալերգիայի հետ: Դրանք ներառում են՝
- հակաբիոտիկներ, ինչպիսին է Պենիցիլինը
- ցավազրկողներ, ինչպիսիք են Ասպիրինը, Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Նապրոքսեն նատրիումը (Ալեվե)
- քաղցկեղի բուժման համար օգտագործվող քիմիոթերապիայի դեղեր
- դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, ինչպիսին է ռևմատոիդ արթրիտը:
Ոչ ալերգիկ դեղորայքային ռեակցիաներ
Երբեմն դեղամիջոցի նկատմամբ ռեակցիան կարող է առաջացնել գրեթե նույն ախտանիշները, ինչ դեղորայքային ալերգիայի ախտանիշները: Այնուամենայնիվ, դեղամիջոցի ռեակցիան չի հրահրվում իմունային համակարգի գործունեության արդյունքում: Այս վիճակը կոչվում է ոչ ալերգիկ գերզգայունության ռեակցիա կամ պսևդոալերգիկ (կեղծ ալերգիկ) դեղորայքային ռեակցիա:
Դեղամիջոցները, որոնք ավելի հաճախ են կապված այս վիճակի հետ, ներառում են՝
- Ասպիրին
- գունանյութեր, որոնք օգտագործվում են պատկերային հետազոտության մեջ (ռադիոկոնտրաստային միջավայրեր)
- օփիատներ` թմրաբեր ցավազրկողներ
- տեղային անզգայացնող միջոցներ (անեսթետիկներ):
Ռիսկի գործոններ
Ցանկացած մարդ կարող է ալերգիկ ռեակցիա ունենալ դեղամիջոցի նկատմամբ, սակայն մի քանի գործոններ կարող են մեծացնել ձեր ռիսկը: Դրանք ներառում են՝
- այլ ալերգիաների պատմություն (անամնեզ), ինչպիսիք են սննդային ալերգիան կամ ալերգիկ ռինիտը
- դեղորայքային ալերգիայի վերաբերյալ անձնական կամ ընտանեկան պատմություն (անամնեզ)
- դեղամիջոցի նկատմամբ ազդեցության ավելացում՝ բարձր դեղաչափերի, կրկնակի օգտագործման կամ երկարատև օգտագործման պատճառով
- որոշ հիվանդություններ, որոնք սովորաբար կապված են դեղերի ալերգիկ ռեակցիաների հետ, ինչպիսիք են ՄԻԱՎ վարակը կամ Էպշտեյն-Բարի վիրուսը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024