Skip to main content

Ախտանիշներ - Ալերգիա դեղերից

Լուրջ դեղորայքային ալերգիայի ախտանիշները հաճախ հայտնվում են դեղամիջոցն ընդունելուց հետո մեկ ժամվա ընթացքում:

Այլ ռեակցիաները, մասնավորապես, ցանը, կարող է առաջանալ ժամեր, օրեր կամ շաբաթներ անց:

Դեղորայքային ալերգիայի ախտանիշները կարող են ներառել՝

  • մաշկի ցան
  • եղնջացան
  • քորի առաջացում
  • ջերմություն
  • այտուցներ
  • շնչարգելություն (հևոց)
  • խզզոցներ
  • քթահոսություն
  • քոր եկող, արցունքոտ աչքեր:

Անաֆիլաքսիա

Անաֆիլաքսիան հազվադեպ, սակայն կյանքին սպառնացող դեղորայքային ալերգիկ ռեակցիա է, որն առաջացնում է օրգանիզմի օրգան-համակարգերի գործառույթների համատարած խանգարում: Անաֆիլաքսիայի ախտանիշները ներառում են՝

  • շնչուղիների և կոկորդի նեղացում, ինչը հանգեցնում է շնչառության դժվարացման
  • սրտխառնոց կամ որովայնային կծկանքներ (սպազմ)
  • փսխում կամ փորլուծություն
  • գլխապտույտ կամ ուշագնացության զգացում
  • թույլ, արագացած սրտազարկ (պուլս)
  • արյան ճնշման կտրուկ անկում (կոլապս)
  • ցնցումներ
  • գիտակցության կորուստ:

Այլ վիճակներ, որոնք առաջանում են դեղորայքային ալերգիայից

Դեղորայքի նկատմամբ ավելի քիչ տարածված ալերգիկ ռեակցիաներն ի հայտ են գալիս դեղամիջոցի հետ շփումից օրեր կամ շաբաթներ անց և կարող են պահպանվել որոշ ժամանակ այն բանից հետո, երբ դուք դադարեցնեք դեղի ընդունումը: Այս վիճակները ներառում են հետևյալը:

  • Շիճուկային հիվանդություն, որը կարող է առաջացնել ջերմություն, հոդացավ, ցան, այտուց և սրտխառնոց:
  • Դեղորայքային սակավարյունություն (անեմիա)` արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) կրճատում, որը կարող է առաջացնել հոգնածություն, անկանոն սրտազարկ (առիթմիա), շնչարգելություն և այլ ախտանիշներ:
  • Դեղորայքային ցան էոզինոֆիլիայով և համակարգային ախտանիշներով (ԴՑԷՀԱ, անգլերեն՝ DRESS), որը հանգեցնում է ցանի, արյան սպիտալ բջիջների (լեյկոցիտների) մի տեսակի բարձր քանակի, ընդհանուր այտուցի, ավշային հանգույցների այտուցվածության և «քնած» հեպատիտային վարակի կրկնության։
  • Երիկամների բորբոքում (նեֆրիտ), որը կարող է առաջացնել ջերմություն, մեզի մեջ արյուն, ընդհանուր այտուցվածություն, շփոթվածություն և այլ ախտանիշներ:

Ե՞րբ դիմել բժշկին

Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե դեղորայք ընդունելուց հետո զգում եք ծանր ռեակցիայի նշաններ կամ կասկածելի անաֆիլաքսիա:

Եթե ​​ ունեք դեղորայքային ալերգիայի ավելի թեթև ախտանիշներ, հնարավորինս շուտ դիմեք ձեր բժշկին:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024