Ցավ միզելիս (դիզուրիա)
08-05-2020
3 րոպե

Դիզուրիան միզելու հետ կապված ցանկացած բնույթի ցավն է կամ անհարմարության զգացումը (դիսկոմֆորտ):
Բոլոր տարիքի տղամարդկանց և կանանց մոտ կարող է միզելիս առաջանալ ցավեր, սակայն դիզուրիան ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում, որը կապված է միզուղիների վարակի նրանց շրջանում ավելի մեծ տարածվածությամբ:
Ի՞նչ է ցավոտ միզարձակումը
Դիզուրիան միզելիս ի հայտ եկող ցավերն են կամ անհարմարության զգացումը: Այն չի վերաբերվում միզելու հաճախականությանը (այն, թե ինչքան հաճախ եք միզում), թեև վերջինս հաճախ ուղեկցվում է ցավոտ միզարձակման հետ:
Ո՞ւմ մոտ կարող է միզելը դառնալ ցավոտ
Ցանկացած տարիքի տղամարդկանց կամ կանանց մոտ միզարձակումը կարող է ուղեկցվել ցավերի կամ տհաճ զգացողությունների առաջացմամբ, սակայն դիզուրիան ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Ցավոտ միզարձակումն ավելի հաճախ կապված է միզուղիների վարակի հետ, որը կանանց մոտ:
Միզելու հետ կապված ցավերին ավելի հակված են հետևյալ խմբերը՝
- հղի կանայք
- դիաբետով տղամարդիկ կամ կանայք
- միզապարկի որևէ հիվանդություն (օրինակ՝ միզապարկի բորբոքում) ունեցող տղամարդիկ և կանայք:
Ցավոտ միզարձակման պատճառները
Կանանց մոտ միզումը կարող է ցավոտ դառնալ հետևյալ դեպքերում՝
- հեշտոցի վարակներ
- միզուղիների վարակ
- միզուկի (ուրեիտ) կամ հեշտոցի (վագինիտ) բորբոքում, որոնք կարող են կապված լինել սննդային գործոնների հետ:
Բորբոքումը կարող է պատճառվել նաև սեռական հարաբերության, ցնցուղի օգտագործման, օճառների, արոմատիզացված զուգարանի թղթերի, հակաբեղմնավորիչ սպունգների կամ սպերմիցիդների պատճառով:
Տղամարդկանց մոտ ցավոտ միզարձակման պատճառներից են՝
Երկու սեռերի մոտ էլ ցավոտ միզելը կարող է լինել որևէ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության (ՍՃՓՀ) հետ կամ ի հայտ գալ որպես դեղերի կողմնակի ազդեցություն: Կոնքի շրջանի քաղցկեղների քիմիոթերապիան, ճառագայթային կամ դեղերով բուժումը նույնպես կարող է բորբոքել միզապարկը և առաջացնել միզելիս ցավերի առաջացում:
Ցավոտ միզարձակման ախտանիշները
Հանդիսանալով ախտանիշ, դիզուրիան կարող է հանդես գալ միայնակ կամ, ավելի հաճախ, այլ ախտանիշների հետ միասին:
Միզարձակությանն ուղեկցող ցավի բնույթը տղամարդկանց և կանանց միջև կարող է տարբերվել, սակայն սովորաբար երկու սեռի մարդիկ էլ իրենց գանգատը նկարագրում են որպես այրող, ծակող բնույթի ցավեր կամ քորի զգացողություն:
Միզարձակման սկզբում ի հայտ եկող ցավը հաճախ միզուղիների վարակի նշան է: Միզելուց հետո առաջացող ցավը կարող կարող է վկայել միզապարկի կամ տղամարդկանց մոտ շագանակագեղձի խնդիրների մասին: Բազմաթիվ տղամարդկանց մոտ առնանդամում տեղակայված ցավը կարող է մնալ ինչպես միզելուց առաջ, այնպեսե էլ հետո:
Կանանց մոտ ախտանիշները կարող են լինել ներքին կամ արտաքին: Հեշտոցի շրջանի արտաքին ցավը կարող է պատճառվել այս գերզգայուն մաշկի գրգռվածությամբ կամ բորբոքումով, իսկ ներքին ցավը կարող է լինել միզուղիների վարակի ախտանիշ:
Ցավոտ միզարձակման ախտորոշումը
Միզելիս ցավեր նշող և՛ տղամարդիկ և՛ կանայք պետք է այցելեն իրենց բժշկին: Դիզուրիան կարող է լինել տարբեր ֆիզիկական հիվանդությունների կամ վիճակների ախտանիշներից մեկը, որը կարիք ունի բուժման:
Բժիշկը սովորաբար կարողանում է ախտորոշել ցավոտ միզարձակության պատճառը՝ լսելով ձեր գանգատները, դրանց առաջացման և զարգացման հետ կապված մանրամասները և գնահատելով մեզի հետազոտության արդյունքները: Օրինակ, մեզի մեջ սպիտակ գնդիկների առկայությունը (լեյկոցիտուրիա) կարող է վկայել միզուղիների բորբոքման մասին:
Բժիշկը կարող է նշանակել մեզի մանրէաբանական հետազոտություն (ցանքս), որի պատասխանը կարող է ստացվել մի քանի օրվա ընթացքում: Այս հետազոտությամբ կարող է հայտնաբերվել միզուղիների վարակ հարուցած բակտերիայի տեսակը, ինչպես նաև փորձարկել տարբեր հակաբիոտիկներ, որպեսզի գնահատվի, թե դրանցից որը տվյալ բակտերիայի վրա կարող է դրսևորել ամենամեծ ազդեցությունը (կոչվում է «հակաբիոտիկների զգայունության որոշման հետազոտություն»):
Եթե, այնուամենայնիվ, մեզի մանրէաբանական հետազոտությամբ որևէ վարակ հնարավոր չի լինում հայտնաբերել, բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի ստուգի ձեր միզապարկը և, եթե տղամարդ եք, ապա նաև շագանակագեղձը:
Եթե դուք կին եք, ապա բժիշկը կարող է նաև առաջարկել հեշտոցի կամ միզուկի լորձաթաղանթից քսուկի մանրէաբանական հետազոտություն, դարձյալ՝ ուղղված վարակի հարուցիչ հայտնաբերելուն:
Նկատի ունեցեք նաև, որ դիզուրիայի պատճառը որոնելիս բժիշկը կարող է տալ հարցեր, որոնք վերաբերվում են ձեր սեռական կյանքին: Նույն կերպ, որևէ սեռավարակ կասկածելիս, բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություններ:
Ինչպե՞ս է ցավոտ միզարձակումը բուժվում
Միզելիս ցավերի բուժումը կախված է առաջացման պատճառից: Ուստի, նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ պատճառով է միզարձակումը դարձել ցավոտ՝ վարակ, բորբոքում, սննդային գործոններ, միզապարկի կամ տղամարդկանց մոտ շագանակագեղձի խնդիրներ և այլն:
Միզուղիների վարակները սովորաբար բուժվում են հակաբիոտիկներով: Եթե բորբոքման պատճառը մաշկային կամ այլ գրգռիչներ են, ապա պետք է վերացնել կամ խուսափել դրանցից: Այլ դեպքերում, եթե դիզուրիայի պատճառը միզապարկի կամ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի խնդիրներն են, ապա պետք է բուժել այդ հիվանդությունները կամ վիճակները:
Կան որոշ միջոցառումներ, որոնք կարող են մեղմացնել ցավոտ միզարձակության հետ կապված անհարմարության զգացումը: Դրանցից են՝ առատ ջրի ընդունում, առանց դեղատոմսի միզելու հետ կապված ցավերը մեղմացնող միջոցներ:
Հոդվածը վերանայվել է՝ 23-06-2021