Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)
19-04-2018
3 րոպե

Բժիշկը կարող է ձեզ նշանակել էլեկտրասրտագրություն, որ գնահատի, թե արդյոք ձեր սիրտը լա՞վ է աշխատում։
Էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ, ռուսերեն՝ ЭКГ) շատ պարզ, անցավ և անվնաս հետազոտություն է, որի նպատակը ձեր սրտի էլեկտրական ակտիվության գրանցումն է։
Ինչո՞ւ է ինձ պետք ԷՍԳ
ԷՍԳ-ի անհրաժեշտությունը ծագում է, երբ անձն ունի կրծքավանդակի ցավեր, սրտխփոց և ընհանուր առմամբ, բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ընդհանուր պատկերացում կազմելսրտի աշխատանքի մասին։
ԷՍԳ-ն մտնում է նաև ընդհանուր կանխարգելիչ հետազոտությունների մեջ։
ԷՍԳ-ն կարող է ցույց տալ, թե արդյոք դուք՝
- ունե՞ք կամ ունեցե՞լ եք սրտամկանի ինֆարկտ
- ունե՞ք գերլարված կամ գերաճած սրտամկան
- ունե՞ք սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ (առիթմիաներ և այլն)
- ունե՞ք սրտի պատերի բորբոքում
- ունե՞ք սրտի ոչ նորմալ հաղորդիչ (էլեկտրական) ուղիներ։
Ի՞նչ է ներկայացնում ԷԿԳ-ն
ԷՍԳ-ն ձեր սրտի էլեկտրական ակտիվության պատկերումն է ժապավենի վրա (կամ սարքի էկրանին)։ Այն լիարժեք անվտանգ հետազոտություն է և չկա էլեկտրահարվելու որևէ վտանգ։
Մինչև ԷՍԳ-ն, ձեզ գուցե առաջարկեն սափրել ձեր մարմնի այն մասերի մազածածկույթը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրոդները (գրանցող մակերեսներ)։ Կանանց կառաջարկեն նաև հանել կրծքկալը, քանի որ էեկտրոդներ պետք է հպվեն նաև կրծքի, այդ թվում՝ ձախ կրծքագեղձի մաշկին։
ԷՍԳ-ի ժամանակ էլեկտրոդները տեղադրվում են ձեր ձեռքերի, ոտքերի և կրծքավանդակի մաշկին, որոնք լարերով միացվում են ԷՍԳ սարքին։
Ներկայում կիրառություն են ստացել հետևյալ երեք հիմնական ԷՍԳ տեսակները՝
- հանգստի ԷՍԳ, երբ հետազոտությունը կատարվում է մեջքի վրա հանգիստ պառկած պայմաններում
- ամբուլատոր ԷՍԳ մոնիթորինգ կամ Հոլտեր թեստ, երբ փոքր ԷՍԳ սարքը և էլեկտրոդները դուք ձեզ վրա կրում եք 24 ժամ և ԷՍԳ գրանցումն առանց ընդհատման շարունակվում է 24 ժամվա ընթացքում
- սրտի սթրես կամ տրեդմիլ թեստ, երբ ԷՍԳ-ն կատարվում է ձեր ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում (սովորաբար՝ տրեդմիլ շարժուղու վրա քայելելիս) և գնահատվում է, թե ինչպես են ձեր սրտամկանի տարբեր տեղամասերն արձագանքում ֆիզիկական լարվածությանը։
Եթե հանգստի ԷՍԳ-ի կամ տրեդմիլ թեստի ժամանակ ձեզ մոտ առաջանում են կրծքավանդակի ցավեր, տեղեկացրեք այդ մասին հետազոտությունն անցկացնող բուժքրոջը կամ բժշկին։
Նույն կերպ, եթե կրծքավանդակի ցավերն առաջանում են հոլտեր մոնիթորինգի ընթացքում, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021