Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ) կամ էլեկտրաուղեղագրությունը (ԷՈւԳ) գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը չափող հետազոտություն է:
ԷԷԳ-ն կարող է նշանակվել այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ախտորոշել կամ հսկել գլխուղեղի ախտահարմամբ ընթացող հիվանդությունները, ինչպիսիք են էպիլեպսիան կամ քնի խանգարումները:
Ի՞նչ է ԷԷԳ հետազոտությունը
ԷԷԳ-ն գրանցում է ձեր գլխուղեղի բջիջների՝ նեյրոնների միջև փոխանցվող էլեկտրական բնույթի ազդանշանները:
Գլխուղեղում ընթացող բարդ էլեկտրական գործընթացներն արտացոլվում է համակարգչի կամ ԷԷԳ սարքի վրա որպես ուղեղային ալիքներից կազմված գրաֆիկներ, որոնք վերլուծում և արդյունքները մեկնաբանում է բժիշկ-մասնագետը: Եթե գլխուղեղի էլեկտրական ակտիվության մեջ ինչ-որ մի բան նորմայից շեղված է, դա կարտացոլվի ԷԷԳ գրանցումներում:
Հետազոտությունն անվտանգ է և ձեզ որևէ վնաս չի կարող պատճառել: Ձեզ որևէ հոսանք չի ուղղորդվում, այլ պարզապես էլեկտրոդների միջոցով գրանցվում է գլխուղեղից ստացված ազդանշանները:
Ինչպիսի՞ հիվանդությունների ախտորոշման մեջ ԷԷԳ-ն կարող է օգտակար լինել
Բժիշկը կարող է ձեզ ուղեգրել ԷԷԳ հետազոտության, որ ձեզ մոտ ախտորոշի կամ վերահսկի հետևյալ հիվանդությունները՝
- էպիլեպսիա կամ ցնցումներով ընթացող այլ հիվանդություններ
- քնի խանգարումներ
- գլխուղեղի ուռուցքներ
- գանգուղեղային վնասվածքներ
- էնցեֆալոպաթիաներ (տարբեր պատճառներից ուղեղի գործունեության խանգարումներ)
- էնցեֆալիտներ (ուղեղի բորբոքում)
- ինսուլտ
- դեմենցիա (թուլամտություն), օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդություն:
ԷԷԳ-ն չի կարող ախտորոշել հոգեկան հիվանդությունները: Թեև ԷԷԳ-ն էպիլեպսիայի ախտորոշման հիմնական գործիքներից մեկն է, սակայն բացասական կամ նորմալ ԷԷԳ պատասխանը չի կարող բացառել այս հիվանդության առկայությունը:
Ինչպե՞ս է ԷԷԳ-ն իրականացվում
ԷԷԳ-ի ընթացքում մետաղական հարթ դիսկերը (էլեկտրոդներ) տեղադրվում են ձեր գլխամաշկի վրա: Ամրացումը կատարվում է հատուկ մածուկի միջոցով, ուստի դուք կարիք չունեք խուզելու ձեր մազերը:
ԷԷԳ-ի էլեկտրոդները միացված են լարերին, որոնց միջոցով էլեկտրական ազդանշանները ձեր գլխուղեղից հաղորդվում են դեպի գրանցող սարք: Գրանցման ժամանակ դուք որևէ զգացողություն չեք ունենում:
Որպես կանոն, ԷԷԳ գրանցումը պահանջում է, որ գտնվեք հանգիստ վիճակում: Ձեզ կարող են խնդրել, որ մի քանի անգամ խորը շնչեք, նայել առկայծող լույսին կամ հետազոտության ընթացքում ննջել:
ԷԷԳ հետազոտությունը տևում է միջինը մեկ ժամ, սակայն գրանցումը կարող է նաև տևել ավելի երկար, հատկապես, եթե բժշկին հետաքրքրում է քնած ժամանակ ձեր գլխուղեղի ակտիվությունը:
Ինչպե՞ս պատրաստվել ԷԷԳ գրանցմանը
Հետազոտության նախորդ երեկոյան լվացեք ձեր գլուխը, որ էլեկտրոդներն ավելի հեշտությամբ ամրացվեն ձեր գլխամաշկին: Մի՛ օգտագործեք մազերի կոնդիցիոներներ, սփրեյ, գելեր և մազերի խնամքի այլ միջոցներ:
Ցանկալի է նաև, որ հետազոտությունից առնվազն 8 ժամ առաջ չօգտագործեք կոֆեին պարունակող մթերքներ կամ ըմպելիքներ (սուրճ, թեյ, կոլա, շոկոլադ և այլն):
Ձեր բժիշկը կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ, եթե գտնի, որ անհրաժեշտ է փոփոխել ձեր դեղերի դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024