Անհետաձգելի բեղմնականխման հաբը հղիությունն անհետաձգելի կերպով կանխարգելելու տեսակ է, որը կարող է կիրառվել չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո մի քանի օրվա ընթացքում:
Այն սովորաբար արդյունավետ է, բայց՝ ոչ միշտ: Անհետաձգելի բեղմնականխման հաբը չի կարելի օգտագործել որպես կանոնավոր կերպով ընդունվող հակաբեղմնավորիչ դեղ:
Ի՞նչ է անհետաձգելի բեղմնականխման հաբը
Այս հաբը խմվում է սեռական հարաբերությունից անմիջապես հետո, որպեսզի նվազեցվի հղիության ռիսկը: Այն առօրյայում հիշատակվում է նաև «վաղորդյան հաբ» անվանման ներքո, որն իրականում շփոթեցնող է: Կախված տեսակից, անհետաձգելի բեղմնականխման հաբը կարող է ընդունվել սեռական հարաբերությունից անմիջապես հետո՝ մինչև 3-5 օրվա ընթացքում:
Ինչպե՞ս է ազդում անհետաձգելի հաբը
Անհետաձգելի բեղմնականխման հաբը կասեցնում կամ հետաձգում է ձվարանի կողմից ձվազատումը (օվուլյացիա): Այն նաև կարող է խոչընդոտել սպերմատոզոիդների թափանցումը դեպի արգանդի խոռոչ:
Կարևոր է իմանալ, որ անհետաձգելի բեղմնականխիչ հաբերը դեղամիջոցներ են, որոնք չեն ընհատում հղիությունը: Ուստի, եթե սպերմատոզոիդը հասցրել է բեղմնավորել ձվաբջիջը, դեղն այլևս օգուտ չունի:
Հիշեք նաև, որ այս դեղը նախատեսված է միայն անհետաձգելի, այլ ոչ թե կանոնավոր բեղմնականխման համար, և, ի տարբերություն պահպանակի, չի կարող պաշտպանել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից:
Ե՞րբ կարող եմ օգտագործել անհետաձգելի բեղմնականխման հաբ
Դուք կարող եք խմել այս հաբը, եթե՝
- ունեցել եք չպաշտպանված սեռական հարաբերություն
- բաց եք թողել ձեր ամենօրյա հակաբեղմնավորիչ հաբի մեկ կամ ավելի շատ դեղաչափեր
- ունեցել եք կամ ունեք փսխումներ, փորլուծություն կամ ընդունել եք հակաբիոտիկներ, որոնք կարող են թուլացնել կամ չեզոքացնել ձեր սովորական ամենօրյա հակաբեղմնավորիչ հաբի ազդեցությունը
- սեռական հարաբերության ընթացքում ձեր պահպանակը պատռվել է
- դարձել եք բռնաբարության զոհ:
Որքա՞ն արդյունավետ է անհետաձգելի բեղմնականխման հաբը
Անհետաձգելի բեղմնականխման հաբը չի կարող կանխարգելել հղիության բոլոր դեպքերը: Կախված հաբի տեսակից, պատշաճ կարգով օգտագործելիս դեղը կարող է 80% և ավելի բարձր հավանականությամբ կանխարգելել անցանկալի հղիությունը: Ընդ որում, որքան շուտ սկսեք դեղն ընդունել, այդքան այն ավելի արդյունավետ կլինի:
Արդոք «վաղորդյան հաբերն» անվտա՞նգ են
Ընդհանուր առմամբ, անհետաձգելի բեղմնականխման հաբը համարվում է բավականին անվտանգ դեղ և չի դրսևորում որևէ լուրջ կամ երկարատև շարունակվող բարդություն: Սակայն, դեղն ընդունելուց անմիջապես հետո բազմաթիվ կանայք կարող են նշել մի շարք կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝
- սրտխառնոց
- կրծքագեղձերի ցավոտություն
- գլխացավ
- որովայնի ստորին հատվածի ցավեր
- գլխապտույտ:
Անհետաձգելի բեղմնականխման հաբը կարող է նաև անկանխատեսելի կերպով խախտել ձեր դաշտանի ժամանակային պարբերականությունը: Օրինակ, հերթական դաշտանը կարող է սկսվել ավելի վաղ, ճիշտ ժամանակին կամ ուշացմամբ:
Քննարկեք ձեր բժշկի հետ «վաղորդյան հաբերի» օգտագործման հարցը, հատկապես, եթե կրծքով կերակրող մայր եք, ունեք առողջական այլ խնդիրներ, ալերգիաներ կամ ստանում եք այլ դեղեր կամ խոտաբույսեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024