Առողջական խնդիրներ

Էնդոսկոպիա

Էնդոսկոպիա

Time Read 3 րոպե

Էնդոսկոպիան բժշկական միջոցառում է, որը բժշկին թույլ է տալիս անմիջականորեն դիտել ձեր ներքին օրգանները։

Այս հետազոտությունը թույլ է տալիս ոչ միայն ախտորոշել, այլև բուժել որոշ հիվանդություններ։

Ի՞նչ է էնդոսկոպիան

Էնդոսկոպը բարակ, ճկուն և ազատ ծայրին լուսավորող տեսախցիկ ունեցող խողովակ է, որի միջոցով հետազոտող բժիշկն ուղղակիորեն կամ էկրանի վրա դիտում է որոշ ներքին օրգաններ։

Էնդոսկոպիայի տեսակները

Այսօր ախտորոշիչ կենտրոններում կիրառվում են էնդոսկոպիայի տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ որևէ օրգանը զննելու համար, օրինակ՝

  • գաստրոսկոպիա, երբ բերանի միջով ներհրված էնդոսկոպով զննվում է կերակրափողը (որկոր), ստամոքսը և 12-մատնյա աղին
  • կոլոնոսկոպիա, երբ հետացքի միջով զննվում են հաստ աղիները
  • բրոնխոսկոպիա, երբ բերանի ու կոկորդի միջով զննվում են շնչուղիները (շնչափող և բրոնխներ) և թոքերը
  • ցիստոսկոպիա, երբ միզուկի միջով զննվում է միզապարկը
  • հիստերոսկոպիա, երբ հեշտոցի և արգանդի վզիկի միջով զննվում է արգանդը
  • պատիճային (կապսուլյար) էնդոսկոպիա, երբ կուլ եք տալիս անլար տեսախցիկ և լույսի աղբյուր պարունակող պատիճ, որն անցնում է մարսողական խողովակով և ընթացքում կատարվում են դիտումներ։

էնդոսկոպիային նախապատրաստվելը

Էնդոսկոպիան սովորաբար ցավոտ չէ, բայց հավանաբար կունենաք թեթև հանգստացնող կամ անզգայացնող դեղամիջոցների կարիք։ Այս պատճառով, պետք է նախապես հոգ տանել, որ տուն վերադառնալիս ուղեկցող անձ լինի։

Էնդոսկոպիկ հետազոտությանը սովորաբար ներկայանում են քաղցած և ջուր չխմած վիճակում։ Խնդրեք բժշկին, որ այս հարցերով ներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։

Կոլոնոսկոպիան սովորաբար պահանջում է ավելի մանրակրկիտ նախապատրաստություն։ Զրուցեք այս թեմայով բժշկի հետ։

Էնդոսկոպիայի ընթացքը

Մինչև բուն ախտորոշիչ միջոցառումը սկսելը և էնդոսկոպիայի տեսակից կախված, ձեզ հավանաբար կտան տեղային կամ ընդհանուր անզգայացնող, ինչպես նաև հանգստացնող կամ տագնապամարիչ դեղամիջոցներ, որոնք թույլ կտան, որ թուլանաք և ավելի հեշտ կարողանաք տանել հետազոտության հետ կապված տհաճ զգացողություններն ու անհարմարությունները։ Այդ դեղամիջոցները գուցե մասամբ անջատեն ձեր գիտակցությունը և չզգաք կամ մոռանաք հետազոտության մանրամասները։

Հետազոտող բժիշկը էնդոսկոպը զգուշությամբ կներհրի ձեր մարմնի բնական անցքերից մեկնումեկի միջով (ըստ տեսակի՝ բերանով, հետանցքով, միզուկով կամ հեշտոցով) և կսկսի զննել հետազոտման ենթակա օրգանը։ Հետազոտության ընթացքում գուցե այդ օրգանից մի փոքր նմուշ վերցվի՝ լրացուցիչ հյուսվածաբանական կամ այլ հետազոտության համար (կոչվում է բիոպսիա

Էնդոսկոպիայի ռիսկերը

Ցանկացած բժշկական միջոցառում պարունակում է որոշակի ռիսկեր։ Էնդոսկոպիան ընդհանուր առմամբ անվտանգ մեթոդ է, բայց միշտ էլ առկա են մի շարք վտանգներ, այդ թվում՝

  • արյունահոսություն
  • հանգստացնող (տագնապամարիչ) դեղերի կողմնակի ազդեցություններ
  • վարակում
  • օրգանների թափածակում (պատի ծակում)։

Էնդոսկոպիայից հետո

Ախտորոշիչ կենտրոնում դուք պետք է մնաք հսկողության ներքո այնքան ժամանակ, մինչև ձեզ ներարկած անզգայացնող կամ հանգստացնող դեղերի ազդեցություններն անհետանան։ Ըստ անհրաժեշտության, կարող են նշանակվել ցավազրկողներ կամ այլ դեղեր։

Եթե հետազոտման օրը պատրաստվում եք վերադառնալ տուն, հոգ տարեք, որ ուղեկցող լինի։

Էնդոսկոպիայից հետո դրա հետ կապված գանգատները, որպես կանոն, լիովին անհետանում են հետազոտության հաջորդ օրը։

Բժիշկը ձեզ հետ կքննարկի հետազոտության արդյունքները։ Եթե էնդոսկոպիայի հաջորդող օրերին ի հայտ են գալիս անհանգստության տեղիք տվող նշաններ կամ սրանում է հիմնական հիվանդությունը, անպայման այդ մասին տեղեկացրեք բժշկին։

Հոդվածը տեղադրվել է՝ 19-04-2018 վերանայվել է՝ 17-01-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով