Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ զգում ենք հոգնածություն կամ գերհոգնածություն։
Նման դեպքերում մեր հոգնածությունն ունի ակնհայտ պատճառ և հանգստանալուց հետո վերանում է։
Ի տարբերություն այսպիսի ժամանակավոր հոգնածության դեպքերին, լինում են նաև հյուծվածություն կամ ուժասպառություն հիշեցնող ընդհանուր թուլության և հոգնածության զգացումներ, որոնք որևէ ակնհայտ արտաքին պատճառ չունեն, զարգանում են աստիճանաբար և ուղեկցվում ներքին էներգիայի, շարժառիթների և ուշադրության կենտրոնացման թուլացման հետ։ Նման հոգնածությունը հաճախ կապված է դեպրեսիայի, ապրելակերպի որոշ գործոնների կամ առողջական որևէ այլ խնդրի առկայության հետ։
Նման դեպքերում ֆիզիկական հոգնածությունից բացի առաջ են գալիս նաև հուզական և հոգեբանական «հյուծման» նշաններ։ Հոգնածության դրվագները կարելի է կրճատել ինքնօգնության որոշ միջոցներով: Եթե դրանք օգուտ չեն տալիս կամ կարծում եք, որ ձեր հոգնածության պատճառը ինչ-որ հիվանդություն կամ առողջական խնդիր է, դիմեք ձեր բժշկին:
Ընդհանուր հոգնածության պատճառները
Ապրելակերպի գործոններ
Հոգնածության զգացումը կարող է կապված լինել հետևյալ գործոնների հետ՝
- ալկոհոլի կամ թմրամիջոցների օգտագործում
- ֆիզիկական գերլարվածություն
- հակառակը՝ ֆիզիկական պասիվություն
- անբավարար քուն
- անառողջ սննդակարգ:
Հիվանդություններ կամ վիճակներ
- հիվանդություններ և վիճակներ, որոնք ուղեկցվում են ջրազրկմամբ
- սակավարյունություն (անեմիա)
- տագնապային խանգարումներ
- քաղցկեղ
- քրոնիկ հոգնածության համախտանիշ
- քրոնիկ վարակ կամ բորբոքում
- քրոնիկ երիկամային հիվանդություններ
- թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)
- դեպրեսիա
- շաքարային դիաբետ
- էմֆիզեմա
- ֆիբրոմիալգիա
- սրտանոթային հիվանդություններ
- վահանաձև գեղձի գերակտիվություն (թիրեոտոքսիկոզ) կամ թերակտիվություն (հիպոթիրեոզ)
- աղիների բորբոքային հիվանդություն
- ցրված սկլերոզ
- գիրություն
- կայուն կամ քրոնիկ ցավ
- քնի ապնոէ
- սթրես
- գլխի (գանգուղեղային) տրավմաներ
- անհանգիստ («պարող») ոտքերի համախտանիշ
- լյարդային անբավարարություն
- քնկոտություն առաջացնող որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ հակահիստամինային դեղեր, հակադեպրեսանտներ, թմրաբեր ցավազրկողներ, հազի դեմ դեղեր և այլն
- բուժման որոշ մեթոդներ, օրինակ՝ քիմիոթերապիա, ճառագայթային բուժում և այն։
Ե՞րբ դիմել բուժօգնության
Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն բոլոր այն դեպքերում, երբ հոգնածության զգացումը պայմանավորված է հոգեկան առողջության խնդրի հետ և ուղեկցվում է հետևյալ նշաններով՝
- ինքնավնասման կամ ինքնասպանության մտքեր
- ուրիշներին վնասելու մտքեր։
Անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն առաջանում է նաև այն դեպքերում, երբ ընդհանուր թուլությունը և հոգնածությունը ուղեկցվում են հետևյալ գանգատների հետ՝
- հետկրծոսկրային ցավեր
- շնչարգելություն և հևոց
- անկանոն կամ հաճախացած սրտազարկ
- ուշաթափության զգացում
- որովայնի, կոնքի կամ թիկունքի սուր ցավեր
- առատ արյունահոսություն
- սուր գլխացավ։
Դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքում, երբ ձեր ընդհանուր հոգնածության զգացումը տևում է մի քանի շաբաթ` չնայած հանգստանալու ձեր փորձերին, սթրեսը նվազեցնելուն, սննդակարգն առողջ դարձնելուն կամ հեղուկների ընդունումը նորմալացնելուն։
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2018
Վերջին վերանայում՝ 28-04-2024