Եթե բժիշկը կասկածում է, որ ձեր չհղիանալն ունի որևէ պատճառ, ապա կան տարբեր հետազոտություններ, որոնք կարող են ստուգել կամ գնահատել ինչպես ձեր, այնպես էլ ձեր զուգընկերջ պտղաբերությունը:
Բժիշկը կարող է ձեզ առաջարկել այդ հետազոտություններից մեկումեկը կամ մի քանիսը, որոնք սովորաբար կատարվում են հիվանդանոցներում, ախտորոշիչ կամ պտղաբերության կլինիկաներում:
Սերմնահեղուկի թեստ
Ընդհանուր առմամբ 5 դեպքից 2-ի ժամանակ պտղաբերության խնդիրը կապված է ոչ թե կնոջ, այլ տղամարդ զուգընկերոջ հետ: Երբեմն սպերմատոզոիդների ցածր քանակը (կոչվում է օլիգոսպերմիա) կամ այս բջիջների ցածր որակը (օրինակ՝ շարժունակության կորուստ կամ թուլացում) կարող են բերել ձվաբջջի բեղմնավորման անհաջողության (որի պատճառը բնավ ձվաբջիջը կամ կնոջ անպտղությունը չէ):
Սերմնահեղուկի հետազոտության համար անհրաժեշտ է, որ ձեր զուգընկերը լաբորատորիայում հանձնի սերմնահեղուկի կենսանմուշ, որն էլ զննվում է մանրադիտակով:
Ձվազատման ստուգում արյան հետազոտություններով
Կնոջ արյան հորմոնների մակարդակները սերտորեն կապված են ձվազատման հետ (օվուլյացիա), երբ ձվարանները ֆալոպյան փողի (նույն արգանդափողն է) մեջ ազատում են մեկ ձվաբջիջ: Հորմոնային անհավասարկշռությունները կամ շեղումները կարող են առաջացնել ձվազատման խնդիրներ, և արյան հետազոտությունը կարող է օգնել որոշելու ձեզ մոտ նման խնդիրի առկայությունը:
Եթե ձեզ մոտ առկա են դաշտանի բացակայություններով շրջաններ կամ ունեք անկանոնավոր դաշտանային ցիկլեր, դրանք նույնպես բժշկի կողմից կարող են դիտարկվել որպես ձվազատման խնդիրների նշաններ: Կանանց մոտ ձվազատման խնդիրների ամենատարածված պատճառը պոլիկիստոզային ձվարանների համախտանիշն է:
Քլամիդիայի և այլ ՍՃՓՀ հետազոտություն
Քլամիդիան բազմաթիվ երկրներում ամենահաճախ հանդիպող սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունն է (ՍՃՓՀ): Այն կարող է կնոջ մոտ առաջացնել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ) և բերել անպտղության, ուստի բժիշկը կարող է նշանակել նաև այս կամ այլ ՍՃՓՀ հետազոտություն: Քլամիդիայի հետազոտության համար դուք պետք է հանձնեք մեզի կենսանմուշ կամ ձեր միզուկից և (կամ) արգանդի վզիկից լաբորանտը կվերցնի քսուք:
Գերձայնային հետազոտություն
Գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան նշանակվում է, որպեսզի ստուգվեն ձեր ձվարանները, արգանդը և ֆալոպյան փողերը: Այս հետազոտության մեկ այլ տարբերակում սոնոգրաֆիստը կարող է օգտագործել տրանսվագինալ (ներհեշտոցային) տվիչ (датчик), որի դեպքում կարող է ստացվել վերարտադրողական օրգանների ավելի հստակ սոնոգրաֆիկ պատկեր:
Որոշ հիվանդություններ, օրինակ՝ էնդոմետրիոզը և ֆիբրոիդը (արգանդի միոմա) կարող են ախտահարել ձեր արգանդը և կանխել հղիության առաջացումը: Սոնոգրաֆիան թույլ է տալիս նաև հայտնաբերել ֆալոպյան փողերի արգելքները (անանցանելիություն), որի առկայությունը խոչընդոտում է ձվարաններից ազատված ձվաբջջի տեղափոխումը փողերով դեպի արգանդ:
Ֆալոպյան փողերի ռենտգեն
Ֆալոպյան փողերի ռենտգեն հետազոտությունը կոչվում է հիստերոսալպինգոգրաֆիա: Այս դեպքում օգտագործվում է կոնտրաստային նյութ, որը ներմուծվում է արգանդի վզիկով և բժշկին թույլ է տալիս ռենտգեն պատկերի վրա հայտնաբերել արգանդափողերի անանցանելությունը: Ինչպես նշվեց վերևում, նման պայմաններում ձվաբջիջը չի կարողանում փողերով իջնել արգանդ, որն էլ խոչընդոտում է հղիացումը:
Լապարոսկոպիա
Եթե ունեք վերարտադրողական օրգանների հետ կապված խնդիրներ, օրինակ՝ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն կամ էնդոմետրիոզ, ապա ձեզ կարող են առաջարկել լապարոսկոպիա: Սա փոքր վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ ձեր որովայնի պատին կատարում են փոքր կտրվածք, որի միջով ներմուծում են ազատ ծայրին տեսախցիկ ունեցող բարակ խողովակ և զննում ձեր արգանդը, փողերը և ձվարանները:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024