Բարձր ջերմություն. առաջին օգնություն
09-05-2020
3 րոպե

Բարձր ջերմությունը կամ տենդը մարմնի ջերմաստիճանի նորման գերազանցող բարձրացումն է:
Ջերմելը սովորաբար վարակի նշան է: Ընդհանուր առմամբ, բարձր ջերմությունն ինքնին անվնաս է, հավանաբար՝ նույնիսկ օգտակար: Շատ հաճախ այն որևէ բուժում չի պահանջում:
Մարմնի միջին ջերմաստիճանը 37,0°C է: Սակայն մարմնի նորմալ ջերմաստիճանը կարող է տատանվել սկսած 36,1°C մինչև 37,2°C և ավելի: Ձեր մարմնի ջերմաստիճանը կարող է տատանվել՝ կախված ձեր ֆիզիկական ակտիվությունից կամ օրվա ժամից: Ընդհանուր առմամբ մեծ տարիքով մարդիկ ունեն ավելի ցածր մարմնի ջերմաստիճան, քան ավելի երիտասարդները:
Այս ջերմաչափումները վկայում են բարձր ջերմության առկայության մասին՝
- ուղիղաղիքային (ռեկտալ), ականջի կամ քունքային զարկերակի ջերմաստիճան՝ 38,0°C կամ ավելի բարձր
- բերանի (օրալ) ջերմաստիճան՝ 37,8°C կամ ավելի բարձր
- թևատակի ջերմաստիճան՝ 37,2°C կամ ավելի բարձր:
Պե՞տք է արդյոք բուժել բարձր ջերմությունը
Երբ դուք կամ ձեր երեխան վատառողջ եք, գլխավոր նպատակը ձեր դիսկոմֆորտը մեղմացնելն է և հանգիստ պայման ապահովելը։ Բարձր ջերմաստիճանը բուժելը ոչ կարճացնում է, ոչ թե առանձնապես երկարացնում է որևէ հիվանդության ընթացքը։
Բարձր ջերմությամբ երեխայի բուժումը
Հարաբերականորեն բարձր ջերմություն ունեցող երեխան կարող է արտաքինից չերևալ կամ իրեն չդրսևորել որպես հիվանդ։ Բարձր ջերմության բուժումը կախված է երեխայի ինքնազգացողությունից և դիսկոմֆորտի աստիճանից: Եթե ձեր երեխան իրեն լավ չի զգում կամ անհանգիստ է, տնային պայմաններում այս միջոցառումները կարող են լինել օգտակար:
- Հիշեցրեք և քաջալերեք ձեր երեխային, որ խմի հեղուկներ։
- Ուշադրություն դարձրեք, որ նրա հագուստը լինի թեթև:
- Ծածկեք նրան թեթև վերմակով, քանի դեռ նա զգում է դող և սարսուռ:
- Մի՛ տվեք Ասպիրին մանկահասակ կամ անչափահաս երեխաներին:
- Մի՛ տվեք ձեր նորածին երեխային որևէ տեսակի ցավազրկող, քանի դեռ կապ չեք հաստատել ձեր բժշկի հետ և նա չի զննել ձեր երեխային:
- Եթե ձեր երեխան 6 ամսական կամ ավելի մեծ է, կարող եք տալ Ացետամինոֆեն (Պարացետամոլ) կամ Իբուպրոֆեն: Ուշադիր ծանոթացեք դեղատուփում առկա տեղեկատվական թերթիկն՝ ճիշտ դեղաչափ ընտրելու համար:
Ե՞րբ դիմել բժշկին կամ մանկաբույժին
Եթե ձեր երեխան մինչև 3 ամսական է և ունի բարձր ջերմություն, կարևոր է, որ դուք անմիջապես դիմեք բժշկական օգնության:
Երեխայի տարիքից անկախ, կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե նրա մոտ կան հետևյալ նշանները՝
- նյարդային վիճակ կամ ոչ նորմալ ակտիվություն, որը չի անցնում նույնիսկ ջերմությունը նորմալանալու հետո
- ջրազրկման նշաններ, օրինակ՝ չոր տակդիրներ 8-10 ժամվա ընթացքում, չորացած բերան կամ որևէ տեսակի հեղուկ խմելու մերժում
- պարանոցի լարվածություն կամ գլխացավ
- որովայնային ցավեր
- շնչառության հետ կապված խնդիրներ
- մաշկային ցան
- հոդերի ցավ կամ այտուց։
Նաև դիմեք ձեր բժշկին, եթե բարձր ջերմությունն անընդմեջ շարունակվում է 5 օրից ավելի:
Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության
Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե երեխայի մոտ մարմնի ջերմաստիճանը բարձրացել է տոթ մեքենայում կամ այլ վտանգավոր իրավիճակում մնալուց հետո կամ նա ունի հետևյալ անհանգստացնող նշաններից մեկնումեկը
- բարձր ջերմություն՝ առանց քրտնելու
- ուժեղ գլխացավեր
- ցնցումներ
- պարանոցի լարվածություն
- շշմածություն
- կրկնակի փսխումներ կամ փորլուծություն
- գերգրգռվածություն կամ զգալի դիսկոմֆորտ
- որևէ այլ անհանգստացնող, տարօրինակ կամ անհասկանալի ախտանիշներ:
Բարձր ջերմությամբ չափահասի բուժումը
39,4°C և ավելի բարձր ջերմությամբ չափահաս մարդկանց վատ ինքնազգացողությունը սովորաբար նկատվում է թե արտաքինից և թե նրանց գործողություններից: Նման դեպքերում բուժման առաջին նպատակը դիսկոմֆորտը մեղմացնելն է և հանգիստ վիճակին վերադառնալուն օգնելը:
Տնային պայմաններում բարձր ջերմությունը բուժելու համար՝
- խմեք առատ հեղուկներ (ցանկալի է՝ ջուր), որ կանխեք ջրազրկումը
- հագեք թեթև շորեր
- եթե զգում եք դող և սարսուռ, ծածկվեք թեթև վերմակով
- Խմեք Ացետամինոֆեն (Պարացետամոլ) կամ Իբուպրոֆեն։ Հետևեք տեղեկատվական թերթիկի հրահանգներին։
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք բժշկին, եթե բարձր ջերմությամբ չափահաս անձը ունի այս նշաններից մեկնումեկը՝
- դժվարացած շնչառություն
- կրծքավանդակի ցավեր
- ուժեղ գլխացավեր
- շշմածություն կամ աժիտացիա
- որովայնային ցավեր
- կրկնակի փսխումներ
- ջրազրկման նշաններ, օրինակ՝ քչացած կամ մուգ միզարձակություն, հեղուկ խմելու մերժում
- մաշկային ցանավորում
- սնունդը կուլ տալու դժվարություն
- միզելիս ցավեր կամ ցավեր գոտկատեղում:
Հոդվածը վերանայվել է՝ 30-04-2021