Skip to main content

Բարձր ջերմություն - Երեխաների առողջություն

Մանկահասակ երեխաների մոտ ջերմության բարձրացումը տարածված ախտանշան է:

Ավելի հաճախ երեխայի ջերմության բարձրացումը ցածր աստիճանի է և անհետևանք վերանում է: Սակայն, լինում են նաև դեպքեր, երբ ջերմող երեխան պահանջում է հատուկ ուշադրություն և խնամք, իսկ երբեմն՝ անհետաձգելի բուժօգնություն: Ջերմության կտրուկ բարձրացումն ավելի հաճախ անվանում են տենդ:

Ի՞նչ է ջերմության բարձրացումը և տենդը

Մարմնի ջերմաստիճանը համարվում է բարձր, եթե չափելիս գրանցվում է 38° C կամ ավելի բարձր ցուցանիշ: Ջերմության բարձրացումը սովորաբար որևէ վարակի դեմ օրգանիզմի պայքարի նշան է:

Երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ աստիճանաբար, մի քանի օրվա ընթացքում կամ կտրուկ ու հանկարծակի: Կախված ջերմության բարձրացման չափից, տարբերում են բարձր ջերմության հետևյալ աստիճանները՝

  • սուբֆեբրիլ՝ մինչև 38° C
  • ցածր՝ մինչև 38,5° C
  • ֆեբրիլ՝ մինչև 39° C
  • բարձր՝ մինչև 41° C
  • գերբարձր՝ 41° C-ից բարձր:

Գերբարձր տենդը, հատկապես երեխաների դեպքում, վտանգավոր է կյանքի համար:

Փորձառու մայրերը կարող են կասկածել, որ իրենց երեխան ջերմում է՝ նկատելով նրա կարմրած այտերը կամ հպվելով տաք ու «վառվող» ճակատին: Սակայն երեխայի մարմնի ճշգրիտ ջերմաստիճանի մասին կարելի է իմանալ միայն ջերմաչափման օգնությամբ:

Մանկահասակ կամ նորածին երեխաների համար նորմալ է համարվում 36.5° C-ից մինչև 37.5° C ջերմաստիճանը: Նորմալ ջերմաստիճանը կախված է երեխայի տարիքից, ֆիզիկական ակտիվությունից, օրվա ժամից, ինչպես նաև այն հանգամանքից, թե ինչպես և մարմնի որ շրջանում է կատարվել ջերմաչափումը:

Մարմնի ջերմաստիճանը սովորաբար ավելի ցածր է լինում վաղ առավոտյան ժամերին և իր գագաթնակետին հասնում վաղ երեկոյան:

Երեխաների ջերմելու պատճառները

Երեխաների ջերմելու ամենահաճախ հանդիպող պատճառը վարակն է: Ավելի հաճախ երեխան ջերմում է վիրուսային վարակներով հիվանդանալիս՝ մրսածություն (սուր շնչառական վիրուսային վարակ) և գրիպ, մանկական տարիքի վարակային հիվանդություններ և այլն: Այս վարակները սովորաբար երկար չեն տևում և առանձնահատուկ բուժում չեն պահանջում:

Վիրուսային վարակներից բացի երեխան կարող է բարձր ջերմություն ունենալ նաև բակտերիալ վարակների ժամանակ: Ի տարբերություն վիրուսային վարակների, բակտերիայի դեմ բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ: Բակտերիալ վարակի օրինակներից են ականջի և կոկորդի որոշ վարակային բորբոքումները, միզուղիների վարակները, թոքաբորբերի որոշ տեսակները և այլն:

Կան նաև մարմնի ջերմությունը բարձրացնող այլ, ավելի հազվադեպ հանդիպող պատճառներ, ինչպիսիք են դեղերի նկատմամբ ալերգիկ ռեակցիաները, պատվաստումները, քրոնիկ բորբոքումները, արյան համակարգի հիվանդությունները, ուռուցքները և ստամոքս-աղիքային հիվանդությունները:

Բարձր ջերմության գանգատները և ախտանիշները

Ջերմության բարձրացումը հազվադեպ է օրգանիզմին վնաս պատճառում: Սակայն ջերմող երեխայի մոտ կարող են ի հայտ գալ տարբեր անցանկալի երևույթներ՝ ջերմաստիճանը բարձրանալուն ուղեկցող դող և սարսուռ կամ կտրուկ նվազելուն ուղեկցող առատ քրտնարտադրություն: Տենդը կարող է առաջացնել նաև ջրազրկում, որը խորանալիս ինքը կարող է դառնալ բարձր ջերմության պատճառ:

Ջերմային (ֆեբրիլ) ջղաձգումներ և ցնցումներ

Ֆիբրիլ ջղաձգումները ջերմող մանկահասակ՝ վեց ամսականից մինչև հինգ տարեկան երեխաների մոտ ցնցումների՝ տարածուն մկանային ջղաձգումների առաջացումն է: Թեև այս ցնցումները հանդիպում են շատ հազվադեպ և երկարաժամկետ առողջական հետևանքներ չեն առաջացնում, այնուամենայնիվ երեխայի մոտ նման երևույթ նկատելիս անմիջապես տեղեկացրեք նրա բժշկին:

Ե՞րբ դիմել բժշկին, եթե ձեր երեխան ջերմում է

Եթե ձեր երեխան 3 տարեկանից մեծ է, ջերմությունը խիստ բարձր չէ և չի ուղեկցվում ինքնազգացողության կտրուկ վատթարացմամբ, գուցե բժշկին դիմելու կարիք չառաջանա: Սակայն բժշկի ներկայությունն անհրաժեշտ է, որ պարզվի ջերմության պատճառը:

Որոշ դեպքերում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է զանգել 1-03 և կանչել շտապ օգնություն, եթե նկատել եք, որ ձեր երեխան՝

  • խիստ անտարբեր է շրջապատի նկատմամբ և ձեր կանչին չի արձագանքում
  • կորցրել է գիտակցությունը կամ առաջին անգամ ջերմային ցնցումների մեջ է ընկել
  • դժվարությամբ է շնչում:

Դուք նաև պետք է կապ հաստատեք ձեր երեխայի բժշկի հետ, եթե ձեր երեխան՝

  • վեց ամսականից մեծ է և ունի ինքնազգացողության վատացման նշաններ, օրինակ՝ թուլություն և քնկոտություն կամ դուք անհանգստացած եք նրա վիճակով
  • փսխում է
  • ունի ուժեղ կամ մշտական գլխացավ
  • ունի մշտական փորացավ
  • ունի լարված-ձգված պարանոց
  • ունի արտափքված գաղթուն
  • հրաժարվում է ջրից ու հեղուկներից
  • բավարար քանակով չի միզում
  • ունի երեք օր և ավելի երկար շարունակվող բարձր ջերմություն
  • շփման մեջ է եղել ծանր վարակիչ հիվանդությամբ մարդու հետ:

Խիստ բարձր ջերմությամբ մինչև 3 ամսական երեխաները պետք է շտապ տեղափոխվեն մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:

Ինչպե՞ս երեխաների մոտ բուժել բարձր ջերմությունը

Ջերմության դեպքերի մեծ մասի ժամանակ սովորաբար երեխայի խնամքը կազմակերպում է տնային պայմաններում: Նման դեպքերում բուժման նպատակը բնավ նրա ջերմության շուտափույթ նորմալացումը չէ: Ջերմության բարձրացման պատճառ հանդիսացող հիվանդությունից կախված, երեխան կարող է մի քանի օր ջերմել, և հիվանդության մեղմացմանը զուգընթաց նրա ջերմությունն աստիճանաբար կարգավորվի:

Մինչև 12 ամսական մանուկների մոտ ջերմությունը կարող է լինել ոչ միայն վիրուսային վարակի, այլև ավելի լուրջ հիվանդության նշաններից մեկը:

Ընդհանուր առմամբ, երեխաների մեծ մասը ջերմությունը տանում է բավականին հեշտ: Սակայն որոշ դեպքերում գուցե որոշեք երեխայի գանգատները մեղմացնել: Այս խորհուրդները կարող են օգնել ջերմող ձեր երեխային:

  • Թեթևացրեք երեխայի շորերը, անգամ՝ հանեք նրա տակաշորերը կամ վերնաշորերը:
  • Դող-սարսուռի դեպքում ծածկեք նրան թեթև վերմակով:
  • Պահեք սենյակի ջերմաստիճանը հարմարավետ միջակայքում (ոչ տաք և ոչ սառը):
  • Մշտապես օդափոխեք ձեր բնակարանը և մի՛ թողեք, որ ձեր բնակարանում ծխեն:
  • Երեխային հաճախակի ջուր և հեղուկներ առաջարկեք՝ թույլ թեյ, նոսրացված և անգազ հանքային ջուր և այլն: Աշխատեք, որ նա հեղուկները խմի հաճախակի և փոքր կումերով:
  • Եթե երեխան քաղցած է մնում, մի՛ անհանգստացեք: Ավելի կարևոր է, որ ջրազրկումը կանխվի, իսկ երեխան ինքնուրույն ուտելիք կպահանջի, երբ ախորժակը վերականգնվի կամ քաղց զգա:
  • Մի՛ փորձեք ջերմող երեխային պահել սառը ցնցուղի տակ:

Իմացե՛ք ավելին բարձր ջերմության առաջին օգնության մասին։

Դեղորայք

Քանի դեռ ձեր երեխան ցավ կամ անհարմարություն չի նշում, պետք չէ նրան ջերմիջեցնող դեղեր տալ:

Ացետամինոֆենը (Պարացետամոլ, մանկական Թայլենոլ) կարելի է տալ մեկ ամսականից բարձր, իսկ Իբուպրոֆենը (Ադվիլ)՝ երեք ամսականից և 5 կգ-ից բարձր երեխաների մոտ բարձր ջերմության հետ կապված գանգատները մեղմացնելու համար: Մինչև 16 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում Ասպիրին տալ, քանի դեռ այն չի նշանակվել նրա բժշկի կողմից:

Ուշադիր եղեք, որ ձեր երեխային տաք իր տարիքին և մարմնի քաշին համապատասխանող դեղաչափ: Մանրակրկիտ ծանոթացեք դեղապիտակին և խստագույնս հետևեք այնտեղ նշված հրահանգներին և ձեր բժշկի ցուցումներին:

Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2018
Վերջին վերանայում՝ 30-04-2024