Բշտեր. առաջին օգնություն
30-05-2019
2 րոպե

Մաշկային բշտերը հատակ, ծածկ և խոռոչ ունեցող ցանային տարրեր են, որոնք ունեն շճային կամ շճա-արյունային պարունակություն:
Եթե մաշկային այս տարրի մեծությունը մինչև 0,5 սմ տրամագծով է, ապա բժիշկներն ասում են, որ առկա է «բշտիկ» (ռուսերեն՝ пузырёк, անգլերեն՝ vesicula), հակառակ դեպքում՝ «բուշտ» (пузырь, bulla): Այնուամենայնիվ, երկու դեպքում էլ՝ և՛ բուշտը և՛ բշտիկը բացվելու դեպքում առաջացնում են վերնամաշկի մակերեսային դեֆեկտ՝էրոզիա։
Եթե բուշտը կամ բշտիկը խիստ ցավոտ չեն, փորձեք ձեռք չտալ դրանց: Դրանք ծածկող մաշկը հանդես է գալիս որպես բակտերիաների համար բնական պատնեշ և կարող է նվազեցնել վարակման ռիսկը: Ծածկեք այն ստերիլ (մանրէազերծ) անձեռոցիկով կամ կպչուն ստերիլ վիրակապով այնպես, որ կպչուն մասերը չդիպչեն բշտին:
Եթե արտաքինից բուշտը կամ բշտիկն ձեզ թվում են վարակված, ապա դիմեք ձեր բժշկին: Նույն կերպ, տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք դիաբետ կամ անբավարար արյան շրջանառություն:
Ինչպե՞ս չորացնել բուշտը կամ բշտիկը
Բշտերի հետ կապված ցավերը մեղմացնելու համար չորացրեք դրանք՝ առանց հեռացնելու կամ վնասելու դրանք ծածկող մաշկը։
Ահա թե ինչպես:
- Նախ, լվացեք ձեր ձեռքերը և բուշտն օճառով և գոլ ջրով:
- Բշտի վրա զգուշությամբ (որպեսզի չբացվի) քսեք յոդի լուծույթ:
- Վերցրեք փակ վիճակում գտնվող ստերիլ ներարկման ասեղ։
- Բացեք ասեղի տուփը, հեռացրեք ասեղի պատյանը և առանց ասեղի մետաղական մասին հպվելու՝ զգուշությամբ մի քանի տեղից ծակեք բուշտը դրա եզրին մոտ: Առանց բուշտը սեղմելու՝ համբերեք, որ հեղուկն ինքնուրույն արտահոսի:
- Բուշտը դատարկվելուց հետո այն ծածկող և հարակից մաշկը զգուշությամբ օծեք որևէ քսուկով (օրինակ՝ ստերիլ վազելին) և ծածկեք այն ոչ կպչուն ստերիլ (մանրէազերծ) անձեռոցիկով: Եթե նույն տեղում բուշտը դարձյալ «լցվում» է, ապա դադարեք քսուկ օգտագործելը:
- Ամեն օր ստուգեք տվյալ շրջանը և համոզվեք, որ վարակվելու նշաններ չկան:
- Մի քանի օր անց զգուշությամբ կտրեք-հեռացրեք բուշտի տեղում առկա չորացած մաշկը՝ օգտագործելով ալկոհոլով մանրէազերծված պինցետ և մկրատ։ Վերջում նախկին բուշտի տեղում առկա մաշկը զգուշությամբ օծեք քսուքով և ծածկեք ստերիլ անձեռոցիկով։
Բշտի կանխարգելումը
Ձեր ոտնաթաթերի վրա շփումից առաջացող բշտերի առաջացումը կանխարգելելու համար հագեք այնպիսի կոշիկներ, որոնք լավագույնս համապատասխանում են և հարմար են ձեր ոտքերին: Օգտակար կարող է լինել նաև խոնավությունը ներծծող գուլպաներ կրելը։ Փորձեք տարբեր գուլպաներ, կոշիկներ կամ միջատակեր (стелька), որոնք պատրաստված են հատուկ բշերի առաջացումը նվազեցնելու համար: Կարող եք նաև ձեր կոշիկների որոշ տեղերում, ներքին մակերեսին հարմարեցնել կպչուն սպեղանի այնպես, որ նվազի ոտնաթաթի շփաբորբը:
Եթե կատարում եք գյուղատնտեսական, այգեգործական կամ որևէ այլ աշխատանք, ապա պաշտպանիչ ձեռնոցը կարող է կանխարգելել ձեռքերի վրա բշտերի առաջացումը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021