Skip to main content

Էլեկտրական այրվածքներ - Առաջին օգնություն

Էլեկտրական այրվածքները կարող են պատճառվել էլեկտրականության տարբեր աղբյուրներից՝ կայծակ, էլեկտրահարություն և այլն:

Էլեկտրական այրվածքի ծանրության աստիճանը հիմնականում պայմանավորված է հոսանքի ուժով և հպման տևողությամբ։ Եթե թեթև էլեկտրավնասվածքների դեպքում առաջանում են տեղային կարմրություն և ցավ՝ պատճառված այրվածքից, ծանր դեպքերում հոսանքի հետ հպման տեղում կամ ավելի խոր ընկած հյուսվածքներում առաջանում են խոր այրվածքներ՝ հյուսվածքների ածխացում, գիտակցության կորուստ, ցնցումներ կամ ջղաձգություն, շնչառության և սրտի կանգ կամ մահ։

Դուք կարող եք բուժել փոքր էլեկտրական այրվածքներն այնպես, ինչպես այլ փոքր այրվածքները:

Ե՞րբ դիմել բժշկին

Ցանկացած դեպքում, երբ էլեկտրական հոսանքի հետ առնչվելիս ստացել եք որևէ վնասվածք, պետք է տեղեկացնել կամ այցելել ձեր բժշկին: Երբեմն էլեկտրահարությունը կարող է պատճառել ներքին հյուսվածքների վնասում, սովորաբար՝ մեկ ձեռքի կամ ոտքի սահմաններում: Ընդ որում, վնասվածքը կարող է լինել ավելի լուրջ, քան մաշկի սովորական այրվածքը:

Նախազգուշացումներ

  • Մի՛ փորձեք հպվել էլեկտրահարությունից տուժած անձին, եթե նա դեռևս ենթարկվում է էլեկտրական հոսանքի ազդեծությանը:
  • Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե էլեկտրական այրվածքն առաջացել է բարձրավոլտ հոսանքից կամ կայծակից:
  • Մի՛ փորձեք մոտենալ բարձրավոլտաժ լարերին, քանի դեռ հոսանքն անջատված չէ: Հիշեք, որ օդային էլեկտրական լարերը բաց են և մեկուսացված չեն: Մնացեք առնվազն 6 մետր հեռավորության վրա կամ ավելի հեռու, եթե լարերը օդում կախված են:
  • Մի՛ փորձեք ինքնուրույն տեղափոխել էլեկտրական ծանր վնասվածք ստացած անձին, քանի դեռ նրան անմիջական վտանգ չի սպառնում:

Ե՞րբ զանգել 1-03

Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե տուժողի մոտ առկա է՝

  • ծանր այրվածք
  • շփոթվածություն
  • դժվարաշնչություն
  • անկանոն անոթազարկ (առիթմիա)
  • սրտի կանգ
  • մկանային ցավեր կամ կծկանքներ
  • ցնցումներ
  • գիտակցությանա կորուստ:

Ի՞նչ անել նախքան բուժանձնակազմի գալը

  • Եթե էլեկտրական հոսանքի աղբյուրի անջատելը վտանգավոր չէ, անհապաղ անջատեք այն անջատիչի, խցանների, հոսանքահատիչի միջոցով:
  • Եթե հոսանքի աղբյուրն անջատելն անվտանգ չէ կամ հնարավոր չէ, մեկ վայրկյան անգամ չմոռանալով սեփական անվտանգության մասին, փորձեք հոսանքի լարը զգուշությամբ հեռացնել տուժածից՝ օգտագործելով ոչ հաղորդիչ առարկա՝ չոր պինդ ստվարաթուղթ, պլաստիկ ձող կամ չոր փայտե ձող։
  • Եթե համոզված եք, որ տուժողն այլևս չի ենթարկվում էլեկտրական հոսանքի ազդեցությանը և ինչպես ինքն, այնպես էլ դուք հոսանքի աղբյուրից անվտանգ հեռավորության վրա եք, կարող եք մոտենալ և հպվել նրան:
  • Եթե տուժողը կյանքի նշան ցույց չի տալիս, օրինակ՝ չի պատասխանում ձեր հարցերին, չի շնչում, չի հազում կամ չի շարժվում, սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները (վերին շնչուղիների անցանելիության ապահովում, բերան-բերան շնչառություն և սրտի արտաքին մերսում)։ Ըստ իրավիճակի խնդրեք այլ մարդկանց օգնությունը ևս։
  • Ծածկեք տուժածին տաք սավանով, որ կանխարգելեք դողն ու սարսուռը։
  • Եթե մարմնի էլեկրահարված շրջանում առկա է այրվածք, ծածկեք այն ստերիլ (մանրէազերծ) անձեռոցիկով: Մի՛ օգտագործեք վերմակ կամ սրբիչ, քանի որ մանրաթելերը կարող են խրվել և մնալ այրված մակերևույթի վրա:
  • Հետևեք տուժածի ընդհանուր առողջական վիճակին, քանի դեռ սպասում եք բուժանձնակազմի ժամանելուն:
  • Մի՛ չեղարկեք ձեր 1-03 կանչը, նույնիսկ եթե տուժածի ինքնազգացողությունը սկսել է բարելավվել: Հնարավոր է, որ ախտանիշներն ավելի ուշ կրկնվեն:

Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024