Գլխի տրավմաների մեծ մասի ժամանակ վնասվածքը փոքր է, որը որևէ հատուկ ուշադրություն կամ հիվանդանոցային հսկողություն և բուժում չի պահանջում:
Սակայն, նույնիսկ փոքր վնասվածքները կարող են առաջացնել կայուն քրոնիկ ախտանիշներ, օրինակ՝ գլխացավ կամ ուշադրության կենտրոնացման դժվարություններ: Դուք գուցե կարիք ունենաք որոշ ժամանակ խուսափելու ակտիվ գործերից, քանի որ հանգիստ պայմանները նպաստում են գլխուղեղի լիարժեք վերականգնմանը:
Գլխի տրավման, որն ուղեկցվում է ուղեղի ցնցման այլ ախտանիշներով (օրինակ՝ սրտխառնոց, անկայունություն, գլխացավեր կամ կենտրոնացման դժվարացում), պետք է գնահատվի մասնագետի կողից:
Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե գլխի տրավմայից հետո ի հայտ են գալիս գլխի հավանական ավելի ծանր վնասվածքի մասին վկայող հետևյալ գանգատներից կամ ախտանիշներից մեկնումեկը:
Չափահասներ
- գլխի կամ դեմքի սուր արյունահոսություն
- ուժեղ գլխացավեր
- ավելի քան մի քանի վայրկյան տևող գիտակցության փոփոխություն
- աչքերի տակ կամ ականջների ետևում կապտա-սև կապտուկներ
- շնչառության կանգ
- շշմածություն կամ շփոթվածություն
- հավասարակշռության կորուստ
- ձեռքի կամ ոտքի թուլություն կամ վերջույթն օգտագործելու անկարողություն
- անհամաչափ բբեր
- խոսքի աղավաղում
- ցնցումներ
Երեխաներ
- չափահասների համար թվարկված գանգատներից կամ ախտանիշներից մեկնումեկը
- մշտական լաց
- սննդից հրաժարում
- նորածինների մոտ՝ ճակատին փափուկ ուռածություն
- կրկնակի փսխումներ:
Եթե տեղի է ունենում գլխի ծանր տրավմա
- Տուժածի համար հանգիստ պայմաններ ստեղծեք. մինչև բուժանձնակազմի ժամանումը, տուժած անձին թողեք հանգիստ պառկած՝ գլուխը և ուսերը քիչ բարձրացրած վիճակում: Մի՛ փորձեք տեղաշարժել նրան, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չկա: Նույն կերպ, խուսափեք նրա պարանոցի դիրքը փոփոխող որևէ գործողությունից (օրինակ՝ գլխի աջ կամ ձախ պտտում, առաջ կամ ետ թեքում): Եթե տուժողը սաղավարտ կամ գլխարկ է կրում, մի փորձեք հանել այն:
- Դադարեցրեք ցանկացած արյունահոսություն. ամուր սեղմած պահեք արյունահոսող վերքը ստերիլ թանզիֆով (մառլյա) կամ մաքուր շորով: Վիրակապեք, սակայն մի՛ փորձեք ուղղակիորեն ճնշում գործադրել վերքի վրա, եթե կասկածում եք, որ առկա է գանգի կոտրվածք:
- Հսկեք շնչառության և գիտակցության փոփոխությունները. եթե անձն արյան շրջանառության որևէ նշան չի դրսևորում (բացակայում է շնչառությունը, հազը կամ շարժումները) ապա սկսեք իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024