Եթե կասկածում եք, որ ձեր հարևանությամբ ինչ-որ մեկի մոտ առկա է սրտամկանի ինֆարկտ, ապա անհապաղ զանգեք 1-03 և սկսեք առաջին օգնության ցուցաբերումը:
Սրտի նոպան կամ սրտամկանի ինֆարկտը կարող է ընթանալ հետևյալ գանգատներից կամ ախտանիշներից մեկնումեկով կամ բոլորով՝
- կրծոսկրի կենտրոնում կամ կրքավանդակի ձախ կեսում անհարմարավետ ճնշման կամ լցվածության զգացողություն կամ սեղմող ցավեր
- օդի պակասի զգացում, շնչարգելություն կամ հևոց
- աչքերի առջև սևանալու կամ ուշագնացության զգացում, գլխապտույտ
- առատ սառը քրտնարտադրություն
- սրտխառնոց:
Սրտամկանի ինֆարկտի ժամանակ ետկրծոսկրային ցավերը տևում են ավելի քան 15 րոպե, սակայն կարող է և որևէ ախտանիշ չլինել: Կարևոր է իմանալ, որ ետկրծոսկրային ցավերից բացի կարող են ի հայտ գալ այլ «ոչ սրտային» գանգատներ, օրինակ՝ մարսողության խանգարում, պարանոցի կամ ստորին ծնոտի ցավեր:
Բազմաթիվ մարդկանց մոտ նախազգուշացնող նշանները կարող են ի հայտ գալ սրտամկանի ինֆարկտից ժամեր, օրեր կամ նույնիսկ շաբաթներ առաջ:
Ի՞նչ անել, եթե դուք կամ մեկ այլ մարդ ունեք հնարավոր սրտամկանի ինֆարկտ
- Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն. մի անտեսեք կամ մի փորձեք ինքնուրույն վերացնել սրտի նոպայի ախտանիշները: Ծայրահեղ դեպքում, եթե 1-03 կապվել չի հաջողվում, խնդրեք ձեր ընտանիքի անդամին կամ ընկերոջը, որպեսզի ձեզ տեղափոխի մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:
- Ծամեք և կուլ տվեք Ասպիրինի հաբ, եթե այս դեղամիջոցի նկատմամբ ալերգիա չունեք կամ ձեր բժիշկը խորհուրդ է տվել երբեք չօգտագործել այն:
- Ընդունեք նիտրոգլիցերին, եթե բժիշկը նման ցուցում է տվել. եթե կարծում եք, որ ունեք սրտի նոպա և մինչ այդ բժիշկը Նիտրոգլիցերին էր նշանակել, ապա ընդունեք այն, ինչպես նա հրահանգել էր: Մի ընդունեք մեկ այլ մարդու նիտրոգլիցերինը, քանի որ սա կարող է ձեզ վտանգի տակ դնել:
- Սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները, եթե անձը կենդանության նշաններ ցույց չի տալիս: Եթե ձեր հարևանությամբ կա նման անձ, ապա 1-03 զանգելուց հետո սկսեք միայն կրծոսկրի սեղմումները (100-120 սեղմումներ 1 րոպեում), եթե հատուկ դասընթաց չեք անցել:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024