Լավ դասավորած և պատշաճ պահեստավորած առաջին օգնության հավաքածուն թույլ է տալիս, որ անհետաձգելի իրավիճակներում առանց ուշացնելու ցուցաբերեք առաջին օգնություն:
Իհարկե, նաև ցանկալի կլինի, որ, եթե բուժաշխատող չեք, ունենաք առաջին օգնություն ցուցաբերելու որոշակի գիտելիքներ, ինչպես նաև տիրապետեք նախաբժշկական օգնության տարրական հմտություններին:
Դուք նաև կարող եք դեղատնից գնել առաջին բուժօգնության պատրաստի հավաքածու: Կամ կարող եք գնել միայն դեղարկղիկ կամ՝ հարմարավետ փոքր պայուսակ և ձեր հավաքածուն կոկիկ և կազմակերպված հավաքեք դրա մեջ:
Առաջին օգնության հավաքածուի պարունակությունը
Ձեր առաջին օգնության հավաքածուն կարող է պարունակել այնպիսի նյութեր և պարագաներ, որոնց անհրաժեշտությունը հավանաբար կծագի մաշկի ամբողջականության խախտման (կտրած, ծակած վերքեր և այլն) կամ այլ վնասվածքների ժամանակ։
Օրինակ, դուք կարող եք ձեր դեղարկղիկում ունենալ՝
- տարբեր լայնության բինտեր՝ ստերիլ և ոչ ստերիլ
- մաշկի հիպոալերգիկ կպչուն ժապավեններ
- վերքերը փակող տարբեր չափի կպչուն ժապավեններ կամ սպեղանիներ
- տարբեր չափսի բինտային տամպոններ և թանզիֆներ (օրինակ՝ 10x10 սմ, 7,5x10 սմ) և ստերիլ վիրակապական նյութեր
- բամբակյա խծուծներ
- ալկոհոլային հիպոալերգիկ
- բետադինի լուծույթ
- միջին չափսի պողպատե մկրատ
- մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ (ստերիլ և ոչ ստերիլ)
- գամասեղ
- նոթատետր և գրիչ կամ մատիտ
- ստերիլ ֆիզլուծույթ (ֆլակոն կամ սրվակ)
- ախտանահող և հակաքորային քսուք
- օճառ կամ ձեռքերի ախտահարման գել
- սառեցնող տոպրակներ (սառցապարկ)
- թվային ջերմաչափ
- լարան (ժգուտ)։
Կախված այն հանգամանքից, թե առաջնային ինչ նպատակի համար եք պահում ձեր հավաքածուն, վերջինիս կազմությունը կարող է որոշակի փոփոխություններ կրել։ Օրինակ, երեխաների հավաքածուի համար կարող եք նախատեսել նաև մանկական օգտագործման սովորական ցավազրկողներ։ Նույն կերպ կարելի է ձեր հավաքածուի մեջ նախատեսել հակաալերգիկ, ասթմայի նոպան հանող և այլ ոլորտի նպատակային դեղեր, միջոցներ ու պարագաներ։
Կարևոր է նաև վիրակապման, վերքերի նախաբժշկական մշակման, վերջույթների անշարժացման և համանման տարրական հմտություններին տիրապետելը։
Որտե՞ղ պահել առաջին օգնության դեղարկղը
Պահեք ձեր առաջին օգնության հավաքածուն անվտանգ, չոր և բոլորի (բայց ոչ՝ երեխաների) համար հասանելի տեղում։ Համոզվեք, որ տան բոլոր անդամները գիտեն հավաքածուի տեղը։ Նույնը վերաբերվում է ավտոմեքենայի մեջ պահվող դեղարկղիկին կամ պայուսակին։
Ինչպե՞ս պահպանել առաջին օգնության հավաքածուն
Ձեր հավաքածուն ցանկացած պահին օգտագործման համար պատրաստի վիճակում պահելու համար՝
- հնարավորինս շուտ փոխարինեք օգտագործված պարագաները
- տարին առնվազն 1-2 անգամ ստուգեք հավաքածուի կազմը և պարագաների վիճակն ու պիտանելիության ժամկետները։
Հոդվածը հրապարակվել է՝ 03-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024