Քթային արյունահոսությունների մեծ մասը թույլ ու կարճատև է և չի պահանջում որևէ բժշկական օգնություն:
Քթային արյունահոսությունները տարածված են երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող տարեց մարդկանց մոտ, սակայն կարող են առաջանալ նաև վնասվածքից կամ ընդհանուր մրսածությունից հետո (ՍՇՎՎ):
Եթե ձեզ մոտ առկա է քթային արյունահոսություն՝
- թեքվեք առաջ և առանց թուլացնելու մոտ 10 րոպե քթի թևերը մատներով պինդ սեղմեք միջնապատին (քթի ոսկրային մասից անմիջապես ներքև)
- այնուհետև բաց թողեք քիթը և տեսեք, թե արդյոք արյունահոսությունը շարունակվում է
- գլուխը ետ մի գցեք, այլապես արյունն ըմպանով և կուլ տալով կկուտակվի ձեր ստամոքսում՝ առաջացնելով սրտխառնոց և փսխում
- շնչեք բերանով և ոչ թե կուլ տվեք, այլ դուրս թքեք ձեր ըմպանում հավաքվող արյունը
- դուք կարող եք ձեր քթի մեջքին (միջակնային շրջանից քիչ ներքև) դնել սառցեպարկ կամ հաճախակի փոփոխվող խիստ սառը թրջոցներ:
Երբ արյունահոսությունը դադարում է՝
- մի՛ փորձեք քչփորել ձեր քիթը (պարզելու արյունահոսության պատճառը կամ առկայությունը) կամ քթով ուժեղ արտաշնչել, նույնիսկ եթե նման ցանկություն կա, քանի որ դա կարող է բերել արյունահոսության կրկնության
- խուսափեք ֆիզիկական ակտիվությունից առնվազն 24 ժամ
- մի՛ մտցրեք ձեր քթի խոռոչն անձեռոցիկ կամ բամբակե խծուծ:
Եթե արյունահոսությունը նորից սկսվում է, կրկնեք վերոնշյալ խորհուրդները:
Եթե քթային արյունահոսությունը խիստ առատ է և քթի թևերը միջնապատին 15 րոպե սեղմելուց հետո չի դադարում, առանց հետաձգելու այցելեք մոտակա հիվանդանոց կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Եթե արյունահոսությունը սկսվել է դեմքի կամ քթի վնասվածքից հետո, ապա քթի թևերը միջնապատին սեղմելը կարող է դառնալ ցավոտ կամ անհնար: Նման դեպքերում շտապեք մոտակա հիվանդանոց:
Բժշկական օգնության դիմեք նաև այն դեպքում, երբ քթային արյունահոսությունը հաճախակի կրկնվում է, զարգանում են նոր ախտանիշներ կամ դուք խիստ անհանգստացած եք:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024