Ծակած վերքը, օրինակ՝ առաջացած մեխի վրա կանգնելուց կամ ասեղի ծակոցից, սովորաբար չի առաջացնում ուժեղ արյունահոսություն:
Սակայն այս վերքերը հաճախ խորն են և կարող են դառնալ վարակի պատճառ:
Ծակած վերքերի դեպքում հետևեք այս խորհուրդներին:
- Լվացեք ձեր ձեռքերը. սա օգնում է վարակի վաղ կանխարգելմանը:
- Դադարեցրեք արյունահոսությունը. մաքուր թանզիֆով կամ բինտով զգուշությամբ սեղմեք արյունահոսող կետը:
- Մաքրեք վերքը. ողողեք կամ լվացեք վերքը հոսող մաքուր ջրով 5-10 րոպեի ընթացքում: Եթե վերքի մեջ առկա է կեղտի կամ աղտոտության մնացուկ, մաքուր թանզիֆով փորձեք զգուշությամբ հեռացնել այն: Այցելեք ձեր բժշկին, եթե չի հաջողվում հեռացնել վերքի մեջ առկա ամբողջ կեղտը:
- Օգտագործեք տեղային հակաբիոտիկ. ձեր բժշկի խորհրդով ծակած վերքը պատեք հակաբիոտիկային նրբաքսուքի (կրեմ) կամ քսուքի բարակ շերտով: Առաջին երկու օրն ամեն անգամ վիրակապը փոխելիս լվացեք վերքը և վերջում քսեք հակաբիոտիկային նրբաքսուք կամ քսուք:
- Փակեք վերքը. վիրակապը կամ թանզիֆը օգնում են վերքային մակերեսի մաքուր մնալուն:
- Կանոնավոր փոխեք վիրակապը. փոխեք վիրակապն ամեն օր կամ ցանկացած դեպքում, երբ վերջինս խոնավանում, թացանում կամ կեղտոտվում է:
- Հսկեք վարակի նշանները. այցելեք ձեր բժշկին, եթե վերքը չի լավանում կամ նկատում եք կարմրության տարածում, ցավի սաստկացում, թարախային արտադրություն, այտուցվածություն կամ ջերմություն:
Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե՝
- մի քանի րոպե ուղիղ սեղմելուց հետո արյունահոսությունն, այնուամենայնիվ, շարունակվում է
- վերքն առաջացել է կենդանու կամ մարդու խայթոցից
- վերքը խորն է և կեղտոտ
- վերքն առաջացել է մետաղական (առավել ևս՝ հողոտ կամ ժանգոտ) սուր առարկայից
- վերքը խորն է և տեղակայված է գլխի, պարանոցի, փոշտի, կրծքավանդակի կամ որովայնի շրջանում
- վերքը հոդի վրա է և կարող է լինել խորը:
Եթե տուժած անձը վերջին 5 տարվա ընթացքում չի ստացել փայտացման (տետանուս) դեմ պատվաստում, իսկ վերքը խոր կամ կեղտոտված է, բժիշկը կարող է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, օրինակ՝ առաջին 48 ժամվա ընթացքում փայտացման դեմ պատվաստանյութի ներարկում:
Եթե վերքն առաջացել է կատվի կամ շան խայթոցից, փորձեք հաստատել, որ դրանց կատաղության պատվաստումը ժամկետային է: Վայրի կենդանու խայթոցի դեպքում խորհուրդ հարցրեք ձեր բժշկից, թե արդյոք տվյալ կենդանին կատաղության նկատմամբ բարձր ռիսկային է:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024