Շոկը ծայրահեղ ծանր իրավիճակ է, որը բերում է օրգանիզմում արյան շրջանառության կտրուկ վատթարացմամբ:
Շոկ կարող է զարգանալ տրավմայի, գլխի վնասվածքի, արյան կորստի, գերսուր ալերգիկ ռեակցիայի, ծանր վարակի, թունավորման, ծանր այրվածքների պատճառով և կյանքին սպառնացող այլ իրավիճակներում: Երբ ինչ-որ մեկը շոկային վիճակում է, նրա օրգանները չեն ստանում բավարար արյուն կամ թթվածին: Բուժման բացակայության դեպքում սա կարող է բերել օրգանների կայուն վնասման կամ նույնիսկ մահվան:
Շոկի նշանները կախված են այն առաջացնող պատճառներից և կարող է ներառել՝
- սառը, կպչուն մաշկ
- գունատ կամ մոխրացած մաշկ
- շրթունքների կամ եղունգների կապտավուն երանգ (կամ մոխրագույն՝ թխամաշկների մոտ)
- հաճախացած անոթազարկ (պուլս)
- հաճախացած շնչառություն
- սրտխառնոց կամ փսխում
- լայնացած բբեր
- թուլություն կամ հոգնածություն
- գլխապտույտ կամ գիտակցության կորուստ
- հոգեկան վիճակի կամ վարքագծի փոփոխություններ, օրինակ՝ անհանգստություն կամ աժիտացիա (հոգեշարժական գրգռվածություն):
Շոկի առաջին օգնությունը
Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկը շոկի մեջ է, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Մինչև բուժանձնակազմը կժամանի, սկսեք իրականացնել հետևյալ միջոցառումները՝
- Պառկեցրեք տուժողին հորիզոնական վիճակում և զգուշությամբ բարձրացրեք նրա ոտքերը, եթե համոզված եք, որ տուժողի ստորին վերջույթները վնասված չեն և նրան ցավ չեք պատճառում:
- Թողեք տուժածին հանգիստ վիճակում և մի՛ փորձեք տեղաշարժել նրան՝ քանի դեռ դրա անհրաժեշտությունը չի առաջացել:
- Եթե տուժողը կյանքի նշան ցույց չի տալիս, օրինակ՝ չի պատասխանում ձեր հարցերին, չի շնչում, չի հազում կամ չի շարժվում, սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները (վերին շնչուղիների անցանելիության ապահովում, բերան-բերան շնչառություն և սրտի արտաքին մերսում): Ըստ իրավիճակի խնդրեք այլ մարդկանց օգնությունը ևս:
- Արձակեք տուժողի սեղմող հագուստը և, ըստ անհրաժեշտության, ծածկեք նրան տաք վերմակով, որ կանխարգելեք դողն ու սարսուռը:
- Թույլ մի՛ տվեք, որ տուժողը սնունդ կամ հեղուկներ ընդունի:
- Եթե տուժողն ակնհայտ արյունահոսում է, սրբիչով կամ այլ միջոցներով սեղմեք և սեղմած պահեք արյունահոսող շրջանը՝ գրանցելով ժամը:
- Եթե տուժողը փսխում է կամ նրա բերանից արյունահոսություն եք նկատում, շուռ տվեք նրան մի կողքի վրա, որ կանխարգելեք շնչահեղձությունը, եթե չեք կասկածում, որ նրա ողնաշարը վնասված չէ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024