Skip to main content

Օձի խայթոց - Առաջին օգնություն

Օձերի մեծ մասը մարդկանց համար վտանգավոր չէ:

Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը:

Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի: Դրանցից թունավոր են միայն 4-ը`

  • գյուրզա
  • հայկական իժ
  • Դարևսկու իժ
  • լեռնատափաստանային իժ:

Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձ, կատվաօձ, մողեսակեր օձ, Շահմար օձ և այլն:

Այսպիսով, հանրապետությունում հանդիպող 6 օձերից 5-ը ոչ թունավոր են, և հաշվի առնելով, որ թունավոր օձերն ակտիվ են հիմնականում երեկոյան ժամերին, ստացվում է, որ ցերեկը մենք մեծ մասամբ հանդիպում ենք ոչ թունավոր օձերի, և պետք չէ զգուշանալ ամեն պատահած օձից:

Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։ Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Եթե ձեզ խայթել է թունավոր օձ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ շտապեք մոտակա հիվանդանոց: Ուշադրություն դարձրեք, թե արդյոք խայթած շրջանի մաշկի գույնը փոփոխվում է, սկսում է այտուցվել կամ խիստ ցավոտ է: Անհետաձգելի օգնության կաբինետների մեծ մասում առկա են հակաթույներ (օրինակ՝ հակագյուրզին), որոնք կարող են ունենալ կյանք փրկող նշանակություն:

Հնարավորության դեպքում, մինչև շտապ օգնության ժամանումն արեք հետևյալ միջոցառումները՝

  • հեռացեք օձի խայթած տեղամասից
  • պահեք ձեզ հանգիստ, որ օգնեք օձի թույնի տարածման կանխարգելմանը
  • հեռացրեք ձեր արդուզարդը և կիպ հագուստը՝ քանի դեռ խայթած շրջանը չի սկսել այտուցվել
  • հնարավորության դեպքում այնպիսի դիրք ընդունեք, որ օձի խայթած շրջանը լինի ձեր սրտի մակարդակից ներքև
  • օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի ներծծված թույնով արյունը դուրս հոսի վերքից և դադարեք սեղմել, երբ վերքից այլևս արյուն չի հոսում
  • լվացեք-մաքրեք խայթոցի վերքը ջրով և օճառով, որից հետո ծածկեք մաքուր, չոր վիրակապով
  • առանց խուճապի շտապեք մոտակա բուժկենտրոն:

Նախազգուշացումներ

  • Մի՛ օգտագործեք տուրնիկետ (ժգուտ) կամ խայթած շրջանում մի՛ դրեք սառույց:
  • Մի՛ փորձեք կտրել վերքը կամ մի՛ փորձեք որևէ կերպ հեռացնել թույնը:
  • Մի՛ խմեք սուրճ կամ ալկոհոլ, որոնք կարող են արագացնել թույնի ներծծումը:
  • Մի՛ փորձեք բռնել օձին: Փորձեք հիշել ձեզ խայթած օձի գույնը և արտաքին տեսքը, որ կարողանաք նկարագրել բժշկին: (Եթե ունեք սմարտֆոն, որի օգտագործումը չի վտանգի ձեզ կամ չի ձգձգի ձեր առաջին օգնությունը, կարող եք լուսանկարել այն):

Ախտանիշներ

Օձի խայթոցների մեծ մասը տեղի է ունենում վերջույթների վրա: Ոչ թունավոր օձի խայթոցի տիպիկ ախտանիշներից են խայթած շրջանում քերծվածքը (ատամների տեղը) և ցավոտությունը:

Սովորաբար, թունավոր օձի խայթոցից 15-30 րոպե հետո ի հայտ է գալիս խայթած շրջանի այրող ցավ: Սա կարող է հարաճել վերքի շրջանի այտուցի և արյունազեղման, որը տարածվի ամբողջ վերջույթով: Այլ նշաններից են սրտխառնոցը, դժվարաշնչությունը և թուլությունը, ինչպես նաև բերանում տարօրինակ համի զգացողությունը:

Որոշ օձեր (օրինակ՝ մարջան) ունեն նյարդաբանական ախտանիշներ առաջացնող թույներ, որը կարող է բերել մաշկային ծակոցների զգացողության, խոսքի դժվարացման և թուլության:

Երբեմն թունավոր օձը կարող է խայթել՝ առանց թույն ներարկելու: Նման չոր խայթոցը բերում է տվյալ շրջանի գրգռման:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024