Ատամնացավ. առաջին օգնություն
21-01-2021
2 րոպե

Երեխաների ու չափահասների մեծ մասի մոտ ատամնացավի առաջանային պատճառն ատամի քայքայումն է (կարիես):
Ատամնացավի պատճառները
Ձեր բերանի խոռոչում բնակվող բակտերիաներն աճում ու բազմանում են սննդով ստացված շաքարի և օսլայի հաշվին՝ առաջացնելով ատամների էմալին կիպ կպչող պինդ փառ կամ ատամնաքար:
Այդ բակտերիաների կենսագործունեության ընթացքում առաջացող և ատամնափառում կամ քարում կուտակվող թթուները քայքայում են պինդ նյութերը, այդ թվում՝ ձեր ատամների արտաքին սպիտակ ծածկույթը (էմալ)՝ առաջացնելով խոռոչներ: Կարիեսի առաջին նշանը կարող է լինել ցավի զգացողությունը, երբ դուք ընդունում եք քաղցրահամ, խիստ սառը կամ խիստ տաք որևէ սնունդ կամ հեղուկ: Երբեմն կարիեսն արտաքինից տեսանելի որպես ատամի վրա առկա շագանակագույն կամ սպիտակ խոռոչ:
Ատամնացավի այլ պատճառներից են՝
- սննդի մնացուկների և այլնի կուտակում ատամների արանքում, հատկապես, երբ ատամների միջև առկա են նման տարածություններ
- ատամների արմատների կամ լնդերի բորբոքում կամ վարակ, ընդ որում, պուլպիտը (ատամիկ կակղանի (պուլպա) բորբոքում, կակղանաբորբ) սովորաբար ուղեկցվում է նոպայաձև ցավերով, որոնք սաստկանում են գիշերային ժամերին և ճառագայթվում եռորյակ նյարդի ընթացքով, ինչպես նաև կարող են խթանել հարևան ատամների հիվանդությունները, իսկ պերիօդոնտիտը (ատամների արմատային թաղանթի (շրջոսկր) և դրան հարակից հյուսվածքների բորբոքում)՝ անընդհատ սուր ցավերով, հիմնականում տրփացող բնույթի, որն ուժեղանում է ատամին կպնելիս
- ատամի վնասվածքներ
- ատամի կամ ատամնի արմատի հանկարծակի կոտրվածք
- ժամանակի ընթացքում զարգացող ատամի էմալի ճաքեր և մաշվածություն
- մանկահասակ երեխաների մոտ՝ կաթնատամների կամ չափահասների մոտ՝ իմաստության ատամների աճում, երբ դրանք «ճեղքում են» լինդը և ի հայտ գալիս
- սինուսիտ (հարքթային խոռոչների վարակային բորբոքում), որը կարող է զգացվել որպես ատամնացավ:
Ատամնացավը հաճախ լինում է ատամնաբույժին այցելելու և համապատասխան բուժում սկսելու պատճառ:
Ինքնօգնության հմտություններ
Մինչև ատամնաբույժին այցելելը, ատամնացավը մեղմացնելու համար փորձեք այս տնային միջոցները՝
- ողողեք ձեր բերանը գոլ ջրով
- ատամնաթելի օգնությամբ հեռացրեք ձեր ատամների արանքում կուտակված սննդի մնացուկները կամ ատամնափառը
- սաստիկ ցավերի դեպքում խորհուրդ հարցրեք ձեր բժշկից՝ ընդունելու որևէ առանց դեղատոմսի վաճառվող սովորական ցավազրկող
- եթե ցավի պատճառն ատամի վանսվածքն է, ապա տվյալ շրջանում սեղմած պահեք սառեցնող միջոց (այտի վրա):
Զգուշորեն օգտագործեք բենզոկային պարունակող միջոցներ
Անցյալում խորհուրդ էր տրվում որպես ատամնացավը ժամանակավորապես մեղմացնելու համար օգտագործել բենզոկային պարունակող տեղային հականեխիչ (անտիսեպտիկ) միջոցներ: Սակայն բենզոկայինը կապված է թեև հազվադեպ հանդիպող, սակայն ծանր, երբեմն՝ մահացու ելքով բարդության՝ մեթհեմոգլոմինեմիայի զարգացման հետ (որը կտրուկ նվազեցնում է թթվածին տեղափոխելուն ունակ հեմոգլոբինի մակարդակը՝ բերելով թթվածնասովի կամ հիպօքսիայի): Ուստի, անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին՝
- մինչև բենզոկային պարունակող տեղային հականեխիչ դեղամիջոց օգտագործելն անպայման տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին կամ ատամնաբույժին
- մինչև 2 տարեկան երեխաների դեպքում խուսափեք նմանատիպ միջոցներից
- երբեք մի օգտագործեք այդ միջոցները խորհուրդ տրվող դեղաչափից ավելի մեծ քանակությամբ
- բենզոկային պարունակող դեղերը (և, ընդհանուր առմամբ, բոլոր տեսակի դեղամիջոցները) պահեք երեխաների համար ոչ մատչելի տեղում:
Կապ հաստատեք և այցելեք ձեր ատամնաբույժին
Առանց հետաձգելու կապ հաստատեք ատամնաբույժի հետ, եթե՝
- ատմնացավը շարունակվում է մեկ-երկու օր և ավելի
- ունեք բարձր ջերմություն
- առկա են վարակի նշաններ՝ տեղային այտուցվածություն, կծելիս ցավեր, լնդի կարմրություն կամ տհաճ համով արտադրություն
- դժվարացել է ձեր կլման ակտը
- դժվարացել է ձեր շնչառությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 11-11-2021