Skip to main content

Օտոռեա - Ախտանիշներ

Սովորաբար ականջի լսողական անցիքց դուրս եկող հեղուկ կամ պինդ նյութը պարզապես ականջի ծծումբ է, որը համարվում է նորմալ երևույթ:

Սակայն, ականջից արտադրությունը կարող է լինել նաև ականջի որևէ հիվանդության կամ վնասվածքի արդյունք, ուստի նման դեպք հայտնաբերելիս, երբ ականջից հեղուկ արտադրությունը մի քանի օրվա ընթացքում չի անհետանում, դիմեք ձեր բժշկին:

Ի՞նչ է ականջից հեղուկ արտադրությունը

Ականջից հեղուկ արտադրությունը, որը կոչվում է նաև օտոռեա, սովորաբար արտաքին անցուղուց դուրս եկող ծծումբն է: Սա նորմալա երևույթ է և ունի կարևոր պաշտպանական նշանակություն, քանի որ «բռնում է» փոշին, կեղտը և բակտերիաները և թույլ չի տալիս, որ դրանք տարածվեն ձեր ականջի ավելի խորքն ընկած շրջաններ, որտեղ կարող են առաջացնել ականջի վարակ:

Ականջից կարող է դուրս գալ նաև ականջի ճարպային և ծծմբային գեղձերի արտադրուկի և վերնամաշկի եղջերացած թեփուկների միաձուլված խառնուրդ՝ ականջի գեջ:

Սակայն, երբեմն թմբկաթաղանթից ներս՝ միջին ականջում կարող է կուտակվել կպչուն հեղուկ՝ ականջի սոսինձ: Այս խտացած լորձային արտադրուկը կարող է հանգեցնել միջին ականջի վարակային բորբոքման՝ միջին օտիտի, որը շատ տարածված է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում և կարող է ուղեկցվել լսողության խանգարմամբ:

Ե՞րբ դիմել բժշկին

Ականջից հեղուկ արտադրությունը սովորաբար ինքնուրույն անհետանում է: Սակայն դուք պետք է այցելեք ձեր բժշկին, եթե՝

  • հեղուկը ոչ թե թափանցիկ է, այլ՝ սպիտակ, դեղին կամ պարունակում է արյուն
  • ականջից արտադրությունն առկա է ավելի քան 5 օրվա ընթացքում
  • ունեք այլ գանգատներ ևս, օրինակ՝ ջերմություն և ուժեղ ականջացավ
  • ձեր ականջն այտուցված կամ կարմրած է
  • նշում եք տվյալ ականջում լսողության կորուստ
  • ձեր գանգատների պատճառը վնասվածքն է (նաև՝ օտար մարմինը):

Ի՞նչ է ականջից հեղուկ արտադրության պատճառը

Գրեթե բոլոր երեխաների ականջի թմբակաթանթի ետևում ինչ-որ ժամանակ կուտակվում է հեղուկ: Սա հայտնի է որպես ականջի արտադրուկ: Նման դեպքերում գուցե վարակի որևէ նշան չդիտվի, սակայն երեխան կարող է հաճախակի քորել իր ականջը կամ ունենալ լսողության հետ կապված որոշ խնդիրներ: Բժիշկը կարող է տեսնել այս արտադրուկը՝ հատուկ գործիով (օտոսկոպ) զննելով երեխայի ականջը:

Ականջի արտադրուկը կարող է առաջացնել միջին ականջի բորբոքում կամ երբեմն բուն արտադրուկը կարող է վարակվել: Սա կոչվում է միջին օտիտ: Նման վարակը հաճախ հարուցվում է վիրուսով և կարող է երեխայի մոտ առաջացնել ականջացավ, ջերմություն և դյուրագրգռություն, երբ երեխան անընդհատ լացում է՝ ձեռքը տանելով դեպի իր ականջը: Երբեմն հեղուկի կուտակումը կարող է շարունակվել երկար ժամանակ, իսկ արտադրուկը դառնալ խիտ և կպչուն՝ առաջացնելով լսողության կորուստ, իսկ երեխաների մոտ՝ նաև սովորելու հետ կապված խնդիրներ: Սա կոչվում է ականջի սոսինձ կամ կպչուն ականջ:

Ականջում հեղուկ արտադրուկը երբեմն առաջանում է այսպես կոչված լողորդի ականջի պատճառով, որը հայտնի է նաև որպես արտաքին օտիտ, երբ ջուրը և խոնավությունը առաջացնում են արտաքին լսողական անցուղու մաշկի այտուց և վարակում: Լողորդի ականջը ևս առաջացնում է ականջացավ և քոր:

Ականջում հեղուկ արտադրուկի ավելի հազվադեպ հանդիպող պատճառներից են՝

  • թմբկաթաղանթի պատռում, երբ արյունը կամ այլ հեղուկներ (եթե ունեք միջին օտիտ) հոսում են դեպի դուրս
  • ականջի վնասվածք, երբ լսողական անցուղին վնասվում է որևէ առարկայով (օրինակ՝ ատամփորիչ), մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունից կամ խիստ բարձր ձայնից
  • մաստոիդիտ, երբ ականջի ետևում պտկաձև ելունը ենթարկվում է վարակային բորբոքման, թեև ականջի արտադրուկ առաջացնում է խիստ հազվադեպ:

Ինչպե՞ս կանխարգելել ականջից հեղուկ արտադրությունը

Ականջի վարակների մեծ մասի հարուցիչը վիրուս է, ուստի աշխատեք չշփվել հիվանդ կամ վատ ինքնազգացողությամբ մարդկանց հետ և համոզվեք, որ դուք և ձեր երեխան ստացել եք նախատեսված բոլոր պատվաստումները:

Կրծքով կերակրվող նորածինների մոտ ականջի վարակների հավանականությունը նվազում է: Եթե դուք կրծքով կերակրող մայր եք, փորձեք խուսափել այնպիսի իրավիճակից, երբ ձեր կաթը հոսում է երեխայի ականջի մեջ: Համոզվեք, որ ձեր բալիկին կերակրում եք ոչ թե մեջքի վրա հորիզոնական գրկած վիճակում, այլ՝ ուղղահայաց և գլխի ավելի բարձր դիրքով:

Մի՛ դրեք ձեր ականջի մեջ ոչ մի բան, այդ թվում՝ բամբակե խծուծ: Եվ մի՛ փորձեք ձեր լսողական անցուղին քորել որևէ պինդ կամ սրածայր բանով, օրինակ՝ գրիչ, լուցկու հատիկ, ատամփորիչ և այլն: Բարձր աղմուկի պայմաններում պաշտպանեք ձեր ականջները ականջները ծածկող հարմարանքներով:

Ավազանում կամ գետում լողալիս ջրից դուրս գալուց հետո անպայման չորացրեք ձեր ականջները կամ, եթե հաճախակի եք լողում, կրեք ականջները ջրից պաշտպանող միջոցներ, :

Ականջից հեղուկ արտադրության բուժումը

Բուժումը կախված է պատճառից: Ականջի վարակները սովորաբար ինքնուրույն լավանում են մի քանի օրվա ընթացքում: Այս վարակների մեծ մասը հարուցվում է վիրուսից, ուստի հակաբիոտիկներն անօգուտ են: Սովորաբար բժիշկները առաջին 48 ժամվա համար նշանակում են սովորական ցավազրկողներ, ու եթե 48 ժամվա ընթացքում ախտանիշները չեն բարելավվում, նոր միայն ավելացնում է որևէ հակաբիոտիկ: Այնուամենայնիվ, մինչև 6 ամսական երեխաներին, հատկապես ջերմության պայմաններում, հակամանրէային դեղերը կարող են նշանակվել նաև առանց երկու օր սպասելու:

Ականջի վնասվածքների մեծ մասը ևս ինքնուրույն լավանում է, թեև, վիճակից կախված, կարող է առաջանալ նաև բուժման անհրաժեշտւթյուն:

Լողորդի ականջը կարիք ունի բուժման, որ վարակը չտարածվի: Նման դեպքերում բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկային ականջի կաթիլներ, որը պետք է օգտագործել մոտ մեկ շաբաթվա ընթացքում:

Ինքնօգնություն

Դուք կարող եք օգտագործել սովորական ցավազրկող դեղեր, օրինակ՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ) կամ Իբուպրոֆեն: Համոզվեք, որ այս դեղերի քանակները ճիշտ են ընտրված, հատկապես՝ երեխաների պարագայում:

Փորձեք ախտահարված ականջը պահել հնարավորինս չոր: Եթե ունեք ականջի վարակ, պետք է խուսափեք լողալուց և լողավազան հաճախելուց:

Հոդվածը հրապարակվել է՝ 01-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024