Առողջական խնդիրներ
Սննդամթերքներ, որոնցից պետք է խուսափել հղիության ժամանակ

7 րոպե
Կան որոշ սննդամթերքներ, որոնցից պետք է հղիության ընթացքում հրաժարվել, քանի որ դրանք կարող են վնաս պատճառել կամ ձեզ կամ ձեր երեխային:
Համոզվեք, որ դուք տեղեկացված եք, թե հղիության ընթացքում որ սննդատեսակներից է պետք հնարավորինս խուսափել և ինչպես պահպանել առողջ սննդակարգ: Լավագույն տարբերակը մնում է բավարար ջերմային մշակում անցած նոր կերակուրից կամ լավ լվացած թարմ մթերքից օգտվելը:
Պանրի որոշ տեսակներ
Որոշ «փափուկ» կամ «ջրալի» պանիրներ, որոնք պատրաստված են ոչ պաստերիզացված կաթից, կարող են դառնալ «լիստերիոզ» կոչվող վարակային հիվանդության տարածման պատճառ: Սա թեև խիստ հազվադեպ հանդիպող հիվանություն է, սակայն պետք է հաշվի առնել, որ հղի կանանց մոտ կարող է բերել վիժման, մեռելածնության կամ նորածնի մոտ լուրջ հիվանդությունների:
Կարևոր է իմանալ, որ դուք կարող եք ձեր սննդում օգտագործել «պինդ» կամ «չոր» պանիրներ, նույնիսկ եթե դրանք պատրաստված են ոչ պաստերիզացված կաթից: Պինդ պանիրները քիչ ջուր են պարունակում, ուստի և միկրոբների բազմացման համար ոչ բարենպաստ են: Մյուս բոլոր տեսակի պանիրների դեպքում, համոզվեք, որ դրանք պատրաստված են պաստերիզացված կաթից:
Պաշտետներ
Խուսափեք բոլոր տեսակի պաշտետներից, այդ թվում՝ բանջարեղենային, քանի որ դրանք կարող են պարունակել լիստերիա բակտերիան:
Հում կամ կիսաեփ ձու
Համոզվեք, որ ձեր սննդում օգտագործվող ձուն լիարժեք եփված է և սպիտակուցն ու դեղնուցը պնդացած են: Սա թույլ է տալիս կանխարգելել սալմոնելոզով վարակվելը: Նույն կերպ, մի փորձեք այնպիսի կերակուրներ կամ աղցաններ, որոնք պարունակում են հում կամ կիսաեփ ձու, օրինակ՝ տանը պատրաստված մայոնեզ: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք ձեր սննդակարգում ավելացնել հում կամ մասամբ եփված ձու, ապա վերցրեք միայն պաստերիզացված հեղուկ ձու: Խուսափեք նաև կոտրված կամ կեղտոտված ձվեր օգտագործելուց:
Հում կամ թերմշակված միս
Մսեղենի և թռչնեղենի բոլոր տեսակներն օգտագործեք միայն բավարար ջերմային մշակման ենթարկելուց հետո այնպես, որ չլինի վարդագույն կամ արյունային որևէ հետք: Առանձնակի ուշադրություն դարձրեք հատկապես թռչնամսի, խոզի մսի, նրբերշիկի, աղացած կամ «ֆարշ» մսի, այդ թվում՝ բուրգերներում պարունակվող մսատեսակների լիարժեք եփված լինելուն:
Մի փորձեք ուտել հում միս, թեկուզ՝ կերակուր պատրաստելիս վերջինիս համը փորձելու համար: Տոքսոպլազմոզը մակաբուծային վարակ է, որի հարուցիչը հայտնաբերվում է մսի մեջ, հողում, կատվի արտաթորանքներում և չմաքրված ջրի մեջ: Եթե դուք հղի եք, այս վարակը կարող է վնասել ձեր չծնված երեխային:
Եթե կարծում եք, որ դուք ռիսկի խմբում եք, պատմեք այդ մասին ձեր բժշկին: Եթե ձեզ մոտ ախտորոշել են տոքսոպլազմոզ, ապա հիշեք, որ այն բուժվում է:
Լավ լվացեք և մաքրեք բոլոր մակերևույթները կամ պարագաները, որոնք օգտագործել եք հում մսի հետ կապված խոհանոցային գործերի ընթացքում: Վերջում հիշեք և ձեր ձեռքերը լավ լվացեք օճառաջրով: Սա կօգնի ոչ միայն տոքսոպլազմայի, այլև սալմոնելայի, կամպիլոբակտերի և աղիքային ցուպիկի (E. coli) տարածմանը, որոնք կարող են առաջացնել սննդային թունավորում:
Լյարդ և լյարդից պատրաստված մթերքներ
Հղիության ժամանակ մի կերեք լյարդ կամ լյարդից պատրաստված տարբեր սննդամթերքներ, օրինակ՝ պաշտետ, լյարդի նրբերշիկ և այլն: Այս մթերքները պարունակում են մեծ քանակով վիտամին А, որի ավելցուկը կարող է վնասել ձեր երեխային:
Վիտամին A պարունակող հավելումներ
Մի ընդունեք բարձր դեղաչափերով մուլտիվիտամինային հավելումներ, ձկան լյարդից պատրաստված յուղային հավելումներ կամ որևէ այլ հավելում, որը պարունակում է վիտամին А (ռետինոլ):
Որոշ ձկնատեսակներ
Ձկան միսը պարունակում է պրոտեին և կարևոր օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք խորհուրդ են տրվում հղի կանանց: Սակայն դուք պետք է ընտրեք այնպիսի ձկնատեսակներ, որոնք պարունակում են սնդիկի փոքր մակարդակներ: Հաշվի առեք նաև, որ շատ յուղոտ ձկան «չարաշահումը» կարող է հանգեցնել վիտամին А-ով «թունավորման»:
Հում խեցեմորթներ
Սննդի միջ օգտագործեք միայն ջերմային մշակում անցած, այլ ոչ թե հում խեցեմորթներ (կակղամորթներ), որովհետև դրանք կարող են պարունակել ախտածին բակտերիաներ և (կամ) վիրուսներ: Վերջիններս կարող են առաջացնել սննդային թունավորում, ինչպես նաև ունեն լիստերիոզով վարակելու բարձր ռիսկ:
Գետնանուշ (արախիս)
Եթե դուք հղիության ընթացքում ցանկանում եք ուտել գետնանուշ կամ այլ մթերք, որը պարունակում է գետնանուշ (օրինակ՝ արախիսի կարագ), ապա կարող եք այն ներառել ձեր առողջ սննդակարգում, քանի դեռ չունեք այս սննդամթերքի նկատմամբ ալերգիա կամ ձեզ բժիշկը խորհուրդ չի տվել, որ հրաժարվեք դրանից: Հղիության ընթացքում որևէ այլ կոնկրետ սննդամթերքի բացառումը մայրական սննդակարգից կամ կրծքով կերակրելիս խորհուրդ չի տվում, քանի որ սա չի օգնում սննդային ալերգիաների կանխարգելմանը:
Փաթեթավորված աղցաններ
Պատրաստի կամ փաթեթավորված մրգային կամ բանջարեղենային աղցանները, այդ թվում՝ բուֆե- կամ աղցանային բարերում առաջարկվող, ունեն լիստերիայով վարակելու բարձրացած ռիսկ:
Սուշի
Մի փորձեք ուտել սառեցված ծովամթերքներ, օրինակ՝ հում ոստրե (устрица), սաշիմի և սուշի, ծխեցրած-պատրաստի ծովամթերքներ և եփված-պատրաստի մանր ծովախեցգետին (креветки), որոնք բոլորն էլ ունեն լիստերիայով վարակելու բարձր ռիսկ:
Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք սուշի ուտել, առավելի անվտանգ կինի ընտրել դրանց լիարժեք մշակված կամ վեգետարիական տարբերակները, օրինակ, այնպիսիները, որոնք պարունակում են՝
- ջերմային մշակում անցած խեցեմորթներ, օրինակ՝ լիարժեք եփված օձաձուկ («ունագի») կամ մանր ծովախեցգետին («էբի»)
- բանջարեղեններ, օրինակ՝ վարունգ («մակի» կամ «կապպա»)
- ավոկադո, օրինակ՝ «Կալիֆորնիա» ռոլլ
- լիարժեք եփված ձու:
Երիշիկ և հարակից մթերքներ
Երշիկային արտադրանքներից են՝ երշիկ, սալյամի, խոզապուխտ (ветчина), չարիզո, պեպերոնի և այլն: Բազմաթիվ երկրներում հղիներին խորհուրդ է տրվում խուսափել այս մթերքների կամ ծխեցրած ձկան օգտագործումից, քանի որ առկա է լիստերիոզով կամ տոքսոպլազմոզով վարակվելու փոքր ռիսկ: Նման արտադրանքներից են նաև՝
- սենդվիչային և դելիկատեսային բարերում առաջարկվող երշիկեղեն կամ փաթեթավորված, ուտելու համար պատրաստի մսային խորտիկներ կամ բուրգերներ
- ծխեցրած կամ ապխտած թռնամիս:
Ոչ պաստերիզացված կաթ
Ձեր սննդում օգտագործեք միայն պաստերիզացված կաթ (կոչվում է նաև «ուլտրա-ջերմային մշակված» կամ «երկարատև ժամկետով»), որը մաքրված (ստերիլացված) է բոլոր տեսակի բակտերիաներից և կարող է նաև օգտագործվել հում վիճակում: Եթե ձեզ մատչելի է միայն հում և ոչ պաստերիզացված կաթ, ապա մինչև օգտագործելը եռացրեք այն: Մի խմեք այծի կամ ոչխարի ոչ պաստերիզացված կաթ կամ մի կերեք այդ կաթից պատրաստված մթերքներ, օրինակ՝ այծի պանիր:
Խուսափեք նաև հում կաթից պատրաստված «տաք» պաղպաղակներից, քանի որ առկա է լիստերիոզով վարակվելու փոքր վտանգ:
Ալկոհոլ
Հղիության ընթացքում գոյություն չունի ալկոհոլի «անվտանգ» կամ «անվնաս» չափ, քանի որ ոգելից խմիչքների նույնիսկ փոքր քանակների կամ խիստ հազվադեպ օգտագործումը չի կարող երաշխավորել ապագա երեխայի մոտ որոշ խանգարումների չզարգանալը: Նույն կերպ, չկա հղիության որևէ մի փուլ, երբ ալկոհոլի օգտագործման համար կարելի է որևէ առիթ կամ պատճառաբանություն գտնել: Անկախ այն հանգամանքից, թե նախատեսում եք հղիանալ, արդեն հղի եք կամ կրծքով կերակրում եք, ալկոհոլից հրաժարվելն ամենաանվտանգ տարբերակն է, քանի որ վերջինս կարող է վնասել ինչպես ձեր չծնված, այնպես էլ ծնված և ձեր կաթով սնվող երեխային:
Կոֆեին
Կոֆեինի մեծ քանակները կարող են բարձրացնել վիժման, թերքաշ նորածնի (օրինակ՝ վաղաժամ ծննդաբերության պատճառով) և դժվար ծննդաբերության ռիսկը: Կոֆեինը բնական նյութ է, որն առկա է բազմաթիվ մթերքներում՝ սուրճ, թեյ կամ շոկոլադ, ինչպես նաև ավելացվում է որոշ ըմպելիքների և «էներգետիկ» խմիչքների մեջ: Մրսածության և գրիպի որոշ պատրաստուկներ նույնպես կարող են պարունակել կոֆեին: Զրուցեք ձեր բժշկի հետ մինչև այս դեղերն ընդունելը:
Դուք կարիք չունեք ամբողջապես հրաժարվելու կոֆեինից, սակայն պետք է չանցնել օրական 300 մգ-ից: Ահա կոֆեին պարունակող որոշ սննդատեսակներ և ըմպելիքներ՝
- էսպրեսո սուրճի մեկ գավաթ՝ 145 մգ
- արագալուծ («լուծվող») սուրճի մեկ գավաթ՝ 60-80 մգ
- զտված սուրճի մեկ գավաթ՝ 60-120 մգ
- թեյի մեկ բաժակ՝ 10-50 մգ
- կոլայի 375 գրամանոց մեկ թիթեղյա տարա՝ 48,75 մգ
- էներգետիկ ըմպելիքի 250 մլ-ոց մեկ թիթեղյա տարա՝ 80 մգ
- կաթնային շոկոլադի 100 գրամանոց սալիկ՝ մոտ 20 մգ:
Եթե դուք ուտում եք մեկ շոկոլադե սալիկ և խմում մեկ գավաթ էսպրեսո սուրճ, ապա հասնում եք կոֆեինի 165 մգ մակարդակին: Եթե պատահաբար անցել եք թույլատրելի նորման, պետք չէ շատ անհանգստանալ, քանի որ վտանգը խիստ փոքր է: Պարզապես պետք է հոգ տանել, որ կոֆեինի չարաշահումը երկարատև կամ պարբերական բնույթ չկրի: Դուք կարող եք նաև փորձել կոֆեին չպարունակող թեյ կամ սուրճ կամ փոխարինել դրանք մրգահյութով կամ սովորական ջրով:
Էներգետիկ ըմպելիքներ
Հղիության ընթացքում էներգետիկ ըմպելիքներ խմելը խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք կարող են պարունակել կոֆեին և հղի կանանց համար ոչ ցանկալի այլ նյութեր:
Հողոտված մթերքներ
Լավ լվացեք մրգերն ու բանջարեղենները մինչև օգտագործելը կամ աղցան պատրաստելը:
Հոդվածը տեղադրվել է՝ 24-04-2020 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: