Կենցաղային, արտադրական, այգեգործական և տարբեր այլ միջավայրերում օտար մարմինը կարող է «մխրճվել» և անշարժանալ մաշկի մեջ, երբեմն նաև դառնալով անտեսանելի։
Նման դեպքերում դուք կարող եք անվտանգ կերպով հեռացնել անմիջապես մաշկի տակ հայտնված փոքր, բայց տեսանելի որոշ առարկաներ, օրինակ՝ փայտի ծլեպ, փուշ, մետաղական մանրաթել և այլն: Դրա համար՝
- նախ ձեռքերը լվացեք օճառով
- օգտագործեք նախապես բժշկական սպիրտով մաքրված պինցետ կամ այլ գործիք՝ հեռացնելու օտար մարմինը
- փոքր առարկաները կարող եք առավել տեսանելի դարձնել՝ օգտագործելով խոշորացույց
- եթե օտար մարմինն անմիջապես մաշկի մակերևույթի տակ է, ապա կարող եք օգտվել սրածայր ասեղից (նախապես մաքրեք բժշկական սպիրտով), որի օգնությամբ մաշկի վրա զգուշորեն «բացեք» տվյալ առարկայի «հեռացման ուղին», որից հետո հեռացնել այն՝ պինցետով բռնելով և մխրճման ուղղությամբ դուրս քաշելով երևացող ծայրը
- վերջում մաշկի տվյալ շրջանը լվացեք օճառով, մաքրեք բժշկական սպիրտով և դրեք չոր ստերիլ անձեռոցիկ (ավելի մեծ վերքի դեպքում՝ գուցե հակաբիոտիկային քսուք):
Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության
Առանց հետաձգելու դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե օտար մարմինն ավելի խորն է մխրճվել ձեր մաշկի մեջ՝ հասնելով մկաններ: Նման դեպքերում՝
- մի՛ փորձեք ինքնուրույն կամ այլ մարդու օգնությամբ հեռացնել օտար մարմինը. դուք կարող եք ավելի շատ վնաս պատճառել, քան օգնել
- մինչև բժշկին այցելելը մաշկի տվյալ շրջանը մաքրեք բժշկական սպիրտով և դրեք չոր ստերիլ վիրակապ
- արյունահոսության բացակայության պայմաններում մի՛ փորձեք դնել ճնշող-սեղմող վիրակապ:
Ի լրումն, դիմեք բուժօգնության նաև այս դեպքերում՝
- օտար մարմինը դժվարությամբ է երևում կամ անտեսանելի է (օրինակ՝ թափանցիկ ապակու կտորներ) կամ էլ, ամենայն հավանականությամբ, դժվարությամբ է հեռացվելու (օրինակ՝ ձկան կարթ)
- վնասվածքը ներառում է աչքերը կամ մոտ է աչքերին
- վերքը խոր կամ կեղտոտված է, առավել ևս, եթե վերջին 5 տարվա ընթացքում չեք ստացել փայտացման դեմ պատվաստանյութ:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-01-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024