Ներշնչման փուլում շնչուղիներում հայտնված և դրանք խցանած օտար մարմինը կարող է դառնալ վտանգավոր հետևանքների, անգամ՝ մահացու ելքով շնչահեղձության պատճառ:
Ի՞նչ է շնչուղիների ասպիրացիան
Նորմալ շնչառության համար անհրաժեշտ է, որ շնչուղիները լինեն անցանելի: Երբ ներշնչելիս օտար մարմինը պատհաբար անցնում և հայտնվում է շնչուղիներում (կոչվում է նաև շնչուղիների ասպիրացիա), զարգանում է այս օդատար ուղիների խցանում: Այսպիսով, օտար մարմնով շնչուղիների խցանումը շնչառական ուղիների լրիվ կամ մասնակի փակումն է, որի հետևանքով խանգարվում է օդի անցումը թոքեր։ Օտար մարմինները կարող են բերանից կամ քթից անցնել շնչափող կամ բերանից անցնել կերակրափող:
Շնչուղիները կարող են փակվել (խցանվել) սննդով, փոքր խաղալիքներով կամ դրանց կտորներով, փոքր առարկաներով (կոճակ, ուլունք, մետաղադրամ, խճաքար), փսխման զանգվածներով, ատամով, ատամնապրոթեզով և այլն:
Այսպիսի իրավիճակներում շատ կարեւոր է արագ և ճիշտ առաջին օգնություն կամ ինքնօգնություն ցույց տալը՝ ուստի հարկավոր է, որ բոլորն իմանան, թե ինչու և ինչպես են փակվում շնչուղիները և տուժողին փրկելու ինչ միջոցներ կան:
Եթե ձեր ներկայությամբ որևէ մեկի մոտ ասպիրացված օտար մարմինը առաջացրել է դժվարաշնչություն, առավել ևս՝ շնչահեղձություն, ապա նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի քայլեր:
Եթե տուժողը ձեր երեխան է, ապա անհապաղ տեղեկացրեք բժշկին կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբ օգնություն: Եթե երեխայի մոտ ի հայտ է եկել շնչահեղձության հասնող դժվարաշնչություն, ապա մինչև բժշական անձնակազմի ժամանելը նրա կյանքը փրկելու համար պետք է իրականացնեք առաջին բուժօգնության միջոցառումներ:
Եթե տուժողն ի վիճակի է ուժեղ հազալ, ապա առաջարկեք նրան, որ շարունակի ուժեղ հազալը: Սա հաճախ թույլ է տալիս դուրս բերել օտար մարմինը շնչուղիների մասնակի խցանման դեպքում: Իսկ եթե նա շնչահեղձ է լինում և չի կարողանում լիարժեք խոսել, լացել կամ ծիծաղել, ապա, հավանաբար, օտար մարմինն առաջացրել է շնչուղիների լրիվ խցանում, և նման իրավիճակում խորհուրդ է տրվում անցկացնել առաջին օգնության «5 և 5» քայլերը:
Օտար մարմնի ասպիրացիայի պատճառները
Օտար մարմնի ասպիրացիայի դեպքերի մեծ մասը տեղի են ունենում 6 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների մոտ, քանի որ այս տարիքային խմբի երեխաների մոտ կա սովորույթ փոքր առարկաները մտցնել բերանը կամ քիթը։ Այս տարիքի երեխաների մոտ դեռ չկան աղորիքներ, կամ նրանք քիչ են, ինչի պատճառով նրանք չեն կարողանում համարժեք ծամել և մասնատել սնունդը փոքր մասերի՝ նորմալ կուլ տալու համար։ Օտար մարմնի ասպիրացիայի ամենահաճախ հանդիպող պատճառներից են կլոր, փոքր առարկաները՝ գետնանուշ, փոքր կոնֆետներ, պոպկորն (ադի-բուդի), կարմիր լոբի և հատապտուղներ։ Առանձնակի վտանգավորություն ունեն լատեքսային փուչիկները:
Չափահասների դեպքում օտար մարմնի ասպիրացիա հիմնականում դիտվում է այն անձանց մոտ, ովքեր ունեն կլման ակտի հետ կապված խանգարումներ, օրինակ՝ նյարդաբանական խանգարումներ, ալկոհոլի չարաշահում, քնաբերների օգտագործում, մեծ տարիք (ամենահաճախը հանդիպում է կյանքի 6-րդ տասնամյակում) և գիտակցության կորուստ:
«5 և 5» մոտեցում
«5 և 5» (անգլերեն՝ "five-and-five") մեթոդի էությունը հետևյալն է:
- 5 անգամ կտրուկ հարվածեք տուժողի թիկունքին: Կանգնեք շնչահեղձ լինող չափահաս տուժողի կողքին և քիչ ետ: Երեխայի դեպքում կռացեք նրա թիկունքի կողմից: Ձեր մի ձեռքը պահեք նրա կրծքավանդակին՝ որպես հակադարձ օժանդակություն: Տուժողի մարմինն առաջ թեքեք այնպես, որ նրա իրանի վերին մասը լինի հատակին (հողին) զուգահեռ: Ձեր մյուս ձեռքի ափով 5 անգամ հարվածեք նրա թիկունքին՝ թիակների միջև:
- 5 անգամ կտրուկ սեղմում (հրում) կատարեք տուժողի որովայնի վրա (Հեյմլիխի մեթոդ): Որովայնի վրա կտրուկ ճնշման գործադրումը բերում է թոքերում և շնչուղիներում ճնշման կտրուկ բարձրացման, որի արդյունքում օդը ուժով դուրս է մղվում թոքերից՝ իր հետ դուրս մղելով օտար մարմինը։ Որովայնի սեղմումներ կատարելու համար կանգնում եք տուժածի հետևում և երկու ձեռքով գրկում նրան որովայնի մակարդակում: Մի բռունցքը բութ մատի կողմով դնում եք նրա որովայնին՝ պորտի եւ կրծոսկրի ծայրի միջև եղած տարածության մեջտեղում, մյուս ձեռքով բռնում եք այդ բռունցքը, թեքում մի փոքր վեր ու կատարում կտրուկ, արագ և ուժով դեպի վեր ուղղված սեղմում: Արդյունավետության համար նաև ճնշում գործադրեք տուժածի կողերի վրա:
- Հերթափոխք մեջքի 5 հարվածները որովայնի 5 սեղմումներով՝ մինչև շնչուղիներից օտար մարմնի դուրս գալը:
Եթե տուժողի մոտ միայն դուք եք ներկա, ապա կատարեք թիկունքի հարվածները և որովայնի սեղմումները մինչև 1-03 զանգելը և շտապբուժօգնություն կանչելը: Եթե երկուսով եք, ապա ձեզնից մեկը կարող է սկսել «5 և 5»-ը, իսկ մյուսը զանգել 1-03:
Եթե տուժողն անգիտակից վիճակում է, ապա պառկեցրեք նրան մի կողմի վրա: Եթե կարող եք տեսնել օտար մարմինը նրա բերանում, փորձեք մատներով նրա բերանի խոռոչից հեռացնել այդ մարմինը։ Այս նպատակի համար նախ բռնեք ու բարձրացրեք նրա ստորին ծնոտն այնպես, որ կզակը լինի քթից ավելի բարձր և մյուս ձեռքի ցուցամատը սահեցրեք դեպի բերանի խոռոչի խորքը և փորձեք հեռացնել օտար մարմինը։ Բոլոր դեպքերում եղեք զգույշ, որ օտար մարմինը ավելի խորը չհրեք դեպի շնչուղիներ։
Եթե, այնուամենայնիվ, շնչուղիներից օտար մարմինը հնարավոր չի լինում հեռացնել և տուժողը չի պատասխանում ձեր հրահանգներին ու կյանքի նշաններ ցույց չի տալիս, սկսեք իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:
Որոշ ուղեցույցներում որպես առաջին օգնություն նշված է միայն որովայնի հրումները (Հեյմլիխի մեթոդ), որը որպես միայնակ մեթոդ պետք է կատարել 6-10 անգամ՝ մինչև շնչուղիներից օտար մարմնի դուրս գալը:
Որովայնի հրումներ (Հեյմլիխի մեթոդ) ինքնօգնության նպատակով
Եթե դուք շնչահեղձ եք լինում և միայնակ եք, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: Դուք չեք կարող ինքներդ ձեզ մեջքի հարվածներ կատարել, բայց կարող եք կիրառել Հելմիխի մեթոդը`
- դրեք ձեր մի բռունցքը որովայնի վրա (պորտի ու կրծոսկրի թրաձև ելունի միջև ընկած տարածության մեջտեղում)
- մյուս ձեռքով դեպի վեր ու հետ ուղղված ուժեղ հարված կատարեք որովայնի վրա պահած ձեր բռունցքին:
Որպես այլընտրանք, դուք նաև կարող եք կտրոկ ճնշում գործադրել ձեր որովայնի վրա՝ ամբողջ իրանով հենվելով տարբեր առարկաների վրա (աթոռի թիկնակ, ցանկապատ կամ լվացարան)։ Օրինակ՝ ետևից մոտեցեք աթոռին և իրանով ընկեք աթոռի թիկնակին։ Մի՛ հենվեք սուր անկյուններ ու եզրեր ունեցող առարկաների վրա։
Հոդվածը հրապարակվել է՝ 23-01-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024