Կուլ տված օտար մարմինը կարող է «խցանվել» կոկորդում և բերել վտանգավոր հետևանքների, անգամ՝ մահացու ելքով շնչահեղձության:
Օտար մարմինները կարող են բերանից կամ քթից անցնել շնչափող կամ բերանից անցնել կերակրափող:
Սննդի ընդունման և կլման ժամանակ մակկոկորդը փակում է շնչուղիների մուտքը և կանխում սննդի անցումը դեպի շնչուղիներ, իսկ շնչառության ժամանակ բարձրանում ու բացում է շնչուղիները, և օդն անցնում է թոքեր։ Երբ այդ պաշտպանական մեխանիզմը խանգարվում է, օրինակ՝ երբ միաժամանակ տեղի է ունենում կլում և ներշնչում, շնչուղիները կարող են խցանվել օտար մարմիններով՝ սննդի մասնիկներ, փոքր իրեր և այլն։ Ուտելիքի մեծ պատառ կուլ տալիս, երբ այն խցանում է կերակրափողը և ճնշելով փակում նաև շնչափողը, կարող է ի հայտ գալ շնչուղիների խցանում:
Եթե ձեր ներկայությամբ որևէ մեկի մոտ օտար մարմնի կուլ տալն առաջացրել է դժվարաշնչություն, առավել ևս՝ շնչահեղձություն, ապա նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի քայլեր:
Երբ կուլ եք տալիս որևէ օտար մարմին, ավելի հաճախ այն առանց հետևանքների անցնում և հեռանում է ձեր մարսողական խողովակից: Սակայն որոշ առարկաներ կարող են անշարժանալ (լռվել) ձեր կերակրափողում, որն ըմպանը միացնում է ձեր ստամոքսին: Նման դեպքերում անհրաժեշտություն է ծագում հեռացնել այդ մարմինը, հատկապես, եթե այն ունի սուր եզրեր կամ կարող է ծակելով վնասել ձեր կերակրափողը:
Առանձնահատուկ նշանակություն ունի օտար մարմնով բերանի խոռոչ-ըմպանի խցանումը, որը սովորաբար բերում է շնչահեղձության: Եթե տուժողն ի վիճակի է ուժեղ հազալ, առաջարկեք նրան, որ շարունակի ուժեղ հազալը: Սա հաճախ թույլ է տալիս դուրս բերել օտար մարմինն կոկորդի մասնակի խցանման դեպքում: Իսկ եթե նա շնչահեղձ է լինում և չի կարողանում լիարժեք խոսել, լացել կամ ծիծաղել, հավանաբար, օտար մարմինն առաջացրել է շնչուղիների լրիվ խցանում, և նման իրավիճակում խորհուրդ է տրվում անցկացնել առաջին օգնության «5 և 5» քայլերը:
«5 և 5» մոտեցում
«5 և 5» (անգլերեն՝ "five-and-five") մեթոդի էությունը հետևյալն է:
- 5 անգամ կտրուկ հարվածեք տուժողի թիկունքին: Կանգնեք շնչահեղձ լինող չափահաս տուժողի կողքին և քիչ ետ: Երեխայի դեպքում կռացեք նրա թիկունքի կողմից: Ձեր մի ձեռքը պահեք նրա կրծքավանդակին՝ որպես հակադարձ օժանդակություն: Տուժողի մարմինն առաջ թեքեք այնպես, որ նրա իրանի վերին մասը լինի հատակին (հողին) զուգահեռ: Ձեր մյուս ձեռքի ափով 5 անգամ հարվածեք նրա թիկունքին՝ թիակների միջև:
- 5 անգամ կտրուկ սեղմում (հրում) կատարեք տուժողի որովայնի վրա (Հեյմլիխի մեթոդ): Որովայնի վրա կտրուկ ճնշման գործադրումը բերում է թոքերում և շնչուղիներում ճնշման կտրուկ բարձրացման, որի արդյունքում օդը ուժով դուրս է մղվում թոքերից՝ իր հետ դուրս մղելով օտար մարմինը։ Որովայնի սեղմումներ կատարելու համար կանգնում եք տուժածի հետևում և երկու ձեռքով գրկում նրան որովայնի մակարդակում: Մի բռունցքը բութ մատի կողմով դնում եք նրա որովայնին՝ պորտի եւ կրծոսկրի ծայրի միջև եղած տարածության մեջտեղում, մյուս ձեռքով բռնում եք այդ բռունցքը, թեքում մի փոքր վեր ու կատարում կտրուկ, արագ և ուժով դեպի վեր ուղղված սեղմում: Արդյունավետության համար նաև ճնշում գործադրեք տուժածի կողերի վրա:
- Հերթափոխք մեջքի 5 հարվածները որովայնի 5 սեղմումներով՝ մինչև շնչուղիներից օտար մարմնի դուրս գալը:
Եթե տուժողի մոտ միայն դուք եք ներկա, ապա կատարեք թիկունքի հարվածները և որովայնի սեղմումները մինչև 1-03 զանգելը և շտապբուժօգնություն կանչելը: Եթե երկուսով եք, ապա ձեզնից մեկը կարող է սկսել «5 և 5»-ը, իսկ մյուսը զանգել 1-03:
Եթե տուժողն անգիտակից վիճակում է, պառկեցրեք նրան մի կողմի վրա: Եթե կարող եք տեսնել օտար մարմինը նրա բերանում, փորձեք մատներով նրա բերանի խոռոչից հեռացնել այդ մարմինը։ Այս նպատակի համար նախ բռնեք ու բարձրացրեք նրա ստորին ծնոտն այնպես, որ կզակը լինի քթից ավելի բարձր և մյուս ձեռքի ցուցամատը սահեցրեք դեպի բերանի խոռոչի խորքը և փորձեք հեռացնել օտար մարմինը։ Բոլոր դեպքերում եղեք զգույշ, որ օտար մարմինը ավելի խորը չհրեք դեպի շնչուղիներ։
Եթե, այնուամենայնիվ, շնչուղիներից օտար մարմինը հնարավոր չի լինում հեռացնել և տուժողը չի պատասխանում ձեր հրահանգներին ու կյանքի նշաններ ցույց չի տալիս, սկսեք իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:
Որոշ ուղեցույցներում որպես առաջին օգնություն նշված է միայն որովայնի հրումները (Հեյմլիխի մեթոդ), որը որպես միայնակ մեթոդ պետք է կատարել 6-10 անգամ՝ մինչև շնչուղիներից օտար մարմնի դուրս գալը:
Որովայնի հրումներ (Հեյմլիխի մեթոդ) ինքնօգնության նպատակով
Եթե դուք շնչահեղձ եք լինում և միայնակ եք, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն: Դուք չեք կարող ինքներդ ձեզ մեջքի հարվածներ կատարել, բայց կարող եք կիրառել Հելմիխի մեթոդը`
- դրեք ձեր մի բռունցքը որովայնի վրա (պորտի ու կրծոսկրի թրաձև ելունի միջև ընկած տարածության մեջտեղում)
- մյուս ձեռքով դեպի վեր ու հետ ուղղված ուժեղ հարված կատարեք որովայնի վրա պահած ձեր բռունցքին:
Որպես այլընտրանք, դուք նաև կարող եք կտրոկ ճնշում գործադրել ձեր որովայնի վրա՝ ամբողջ իրանով հենվելով տարբեր առարկաների վրա (աթոռի թիկնակ, ցանկապատ կամ լվացարան)։ Օրինակ՝ ետևից մոտեցեք աթոռին և իրանով ընկեք աթոռի թիկնակին։ Մի՛ հենվեք սուր անկյուններ ու եզրեր ունեցող առարկաների վրա։
Հոդվածը հրապարակվել է՝ 23-01-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024