Գաստրոսկոպիա
19-04-2018
4 րոպե

Գաստրոսկոպիան կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու էնդոսկոպիկ հետազոտությունն է։
Ելնելով նրանից, որ գաստրոսկոպիան սովորաբար ներառում է ոչ թե միայն ստամոքսի, այլև կերակրափողի և 12-մատնյա աղու զննումը, էնդոսկոպիայի այս մեթոդն անվանում են նաև ավելի երկար՝ «էզոֆագո-գաստրո-դուոդենոսկոպիա»
Ի՞նչ է գաստրոսկոպիան
Գաստրոսկոպն իրենից ներկայացնում է ազատ ծայրում փոքրիկ լույսի աղբյուր և տեսախցիկ ունեցող բարակ ճկուն խողովակ (էնդոսկոպ), որը բժիշկը ձեր բերանի միջոցով զգուշությամբ կերակրափողի (էզոֆագուս) միջոցով ներհրում է մինչև ստամոքս և բարակ աղիների սկզբնական մաս՝ 12-մատնյա աղու (դուոդենում)՝ ընթացքում այս օրգանները դիտելով-զննելով «ներսից»։
Բժիշկը դիտումը կատարում է կամ էնդոսկոպի մյուս ծայրին տեղադրված օկուլյարից կամ էլ էկրանի (մոնիտորի) վրա։
Ինչո՞ւ է նշանակվում գաստրոսկոպիան
Գաստրոսկոպիան սովորաբար նշանակվում է մարսողական խողովակի վերին մասերի հետ կապված հիվանդություններն ախտորոշելիս։ Այս հիվանդությունները սովորաբար ընթանում են սրտխառնոցով, փսխումներով, կլման դժվարություններով և այլն։ Գաստրոսկոպիան թույլ է տալիս հասկանալ, թե վերոնշյալ և այլ ախտանիշներն կապվա՞ծ են արդյոք հետազոտվող օրգանների բորբոքման, խոցի (ստամոքս, 12-մատնյա աղի), պոլիպի և այլ գերաճի, ինչպես նաև քաղցկեղի հետ, թե՞ ոչ։
Երբեմն գաստրոսկոպիան նշանակվում է նաև բուժման նպատակով։ Մասնավորապես, այս հետազոտության միջոցով բժիշկը կարող է փորձել դադարեցնել խոցային արյունահոսությունը, լայնացնել նեղացած կերակրափողը, հեռացնել պոլիպները կամ մարսողական խողովակում հայտնված օտար մարմինները և այլն։ Բժիշկը կարող է նաև հետազոտվող օրգաններից վերցնել փոքրիկ նմուշ՝ այլ հետազոտությունների համար (բիոպսիա)։
Ինչպե՞ս նախապատրաստվել գաստրոսկոպիային
Գաստրոսկոպիայի հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ դատարկ ստամոքսով, ինչը կնվազեցնի հետազոտությանն ուղեկցող փսխումները և բժշկի տեսադաշտը կմնա բաց։ Դուք պետք է գաստրոսկոպիայի կաբինետ այցելեք՝ վերջին անգամ սնունդ և ջուր ընդունելուց առնվազն 6-8 ժամ հետո։
Դուք պետք է նաև բժշկի հետ խորհրդակցեք, թե ձեր կանոնավոր դեղերից որոնք կարելի է ընդունել կամ որ հաբերի խմելը պետք է հետաձգվի։ Ձեր բժշկին տեղեկացրեք նաև, եթե ունեք ալերգիա կամ այլ զուգակցող հիվանդություններ։
Ինչպե՞ս է ընթանում գաստրոսկոպիան
Գաստրոսկոպիայից 15-30 րոպե առաջ ձեզ կտան թույլ հանգստացնող դեղ։ Այս ընթացքում կարող եք զգալ մեղմ քնկոտություն կամ գլխապտույտ։
Բուն հետազոտության ժամանակ կարող եք զգալ, թե ինչպես է բժիշկը ձեր ստամոքսի խոռոչն օդ ներփչում (որի նպատակը ստամոքսի պատերը միմյանցից հեռացնելն է և դիտման տեսադաշտը բացելը)։ Կամ, գուցե հանգստացնող դեղերի շնորհիվ այս միջամտությունից որևէ մանրամասնություն չհիշել։
Գաստրոսկոպիայից հետո
Գաստրոսկոպիայից հետո սովորաբար սնունդ և ջուր ընդունելը թույլատրվում է, սակայն խորհուրդ չի տրվում, որ ավտոմեքենա վարեք, ալկոհոլ օգտագործեք կամ տուն վերադառնաք առանց ուղեկցողի։
Սովորաբար մեկ օրվա ընթացքում գաստրոսկոպիայի «մնացորդային» գանգատները վերանում են։
Արդյոք գաստրոսկոպիան անվտա՞նգ է
Գաստրոսկոպիան անվտանգ միջոցառում է և լուրջ բարդությունները խիստ հազվադեպ են հանդիպում։
Գաստրոսկոպիայի բարդություններն ավելի շատ կապված են էնդոսկոպիայի միջոցով կատարվող վիրահատական միջամտությունների հետ, օրինակ՝ պոլիպների հեռացում կամ բիոպսիա։ Նման դեպքերում արյունատար անոթի պատահական վնասումը կարող է արյունահոսության պատճառ դառնալ։
Եթե գաստրոսկոպիայից հետո ձեզ մոտ ի հայտ է գալիս ջերմության բարձրացում, ուժեղացող ցավ և այլ գանգատներ, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին կամ պարզապես այցելեք մոտակա հիվանդանոց։
Հոդվածը վերանայվել է՝ 22-04-2021