Ալկոհոլային խումհարի բուժումը

Խումհարը (անգլերեն՝ hangover, ռուսերեն՝ похмелье) ալկոհոլ օգտագործելուց ժամեր անց կամ հաջորդ առավոտյան ի հայտ եկող վատ ինքնազգացողությունն է, գլխացավը, գլխապտույտը և ջրազրկումը:
Սովորաբար, որքան շատ ալկոհոլ օգտագործեք, այդքան խումհարի նշաններն ավելի կծանրանան:
Խումհարները սովորաբար ինքնուրույն մեղմանում ու անցնում են: Նման դեպքերում լավագույն բուժումը կանխարգելումն է. մի՛ օգտագործեք ալկոհոլ, կամ, եթե խմելու եք, ապա մի՛ գերազանցեք խորհուրդ տրվող առավելագույն սահմանաչափը:
Ի՞նչ է խումհարը
Որոշ մարդիկ կարող են խումհարի վիճակում հայտնվել ընդամենը 1 բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո, մինչդեռ մյուսները կարող են մեծ քանակով ալկոհոլ օգտագործել և խումհարի որևէ գանգատ չնշել: Ամեն ինչ կախված է, թե ինչպես է ձեր օրգանիզմը յուրացնում ալկոհոլը:
Խումհարի ախտանիշներից են՝
- գլխացավ, որի պատճառն ալկոհոլի ազդեցությամբ ձեր արյունատար անոթների, այդ թվում՝ գլխի անոթների լայնացումն է
- ջրազրկում, որը բացատրվում է ալկոհոլի միզամուղ (միզարտադրությունը խթանող) ազդեցությամբ, ինչպես նաև ալկոհոլի հետ միասին արտաշնչվող օդով ջրի գոլորշիների կորստով (հենց ջրազրկումն է, որն առաջացնում է խումհարի բազմաթիվ գանգատները՝ ծարավի զգացում, «աչքերի առաջ սևանալու» զգացում, գլխապտույտ և այլն)
- վատ ինքնազգացողություն. ալկոհոլն ազդում է ձեր իմունային համակարգի վրա և նպաստում այնպիսի նյութերի արտադրությանը, որոնք առաջացնում են ուշադրության կենտրոնացման խանգարումներ, ախորժակի անկում և հիշողության հետ կապված խնդիրներ
- սրտխառնոց, փսխում և ստամոքսի շրջանի ցավեր, որոնք առաջանում են ալկոհոլով ստամոքսի լորձաթաղանթի գրգռման և թթվային ստամոքսահյութի խթանված արտազատման պատճառով
- հիպոգլիկեմիա. ալկոհոլը կարող է նվազեցնել ձեր արյան շաքարը (գլյուկոզ)՝ առաջացնելով ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- ընդհանուր հոգնածություն. նույնիսկ եթե դուք ոգելից խմիչք օգտագործելուց հետո քնում եք, միևնույն է, ալկոհոլը չի թողնում, որպեսզի ձեր օրգանիզմը հասնի քնի խոր փուլերին կամ «ստիպում է» ձեր օրգանիզմին ընդհատել քունը և արթնանալ գիշերվա կեսին:
Երեկոյան կամ գիշերվա ժամերին ալկոհոլի մեծ քանակներ օգտագործելուց հետո առավոտյան կարող է և խումհար չառաջանալ, որի պատճառն այն է, որ ձեր օրգանիզմում դեռևս կա ալկոհոլի չյուրացված չափաքանակ: Սա նշանակում է, որ առավոտյան ժամերին մեքենա վարելը կամ ուշադրության կենտրոնացում պահանջող այլ գործերը (օրինակ՝ հաստոցի հետ աշխատանք) կարող են դառնալ վտանգավոր:
Կարո՞ղ եք արդյոք դուք «բուժել» խումհարը
Եթե ձեզ առաջարկում են խումհարը լիարժեք բուժող ինչ-որ մի «հրաշք» միջոց, ապա կարող եք առանց երկար մտածելու հրաժարվել, քանի որ խումհարը որևէ վերջնական բուժում չունի: Ձեզ պետք է ժամանակ, որպեսզի խումհարի ախտանիշներն աստիճանաբար մեղմանան և անհետանան, և միակ իրատեսական բանը, որ կարող եք անել, ձեր գանգատներն ու ախտանիշները որոշ չափով մեղմացնելն է:
Ջրազրկումը կարող եք մեղմացնել՝ խմելով ջուր: Մի փորձեք ձեր գանգատները մեղմացնելու համար ընդունել ալկոհոլ. այն վնասից բացի որևէ ապացուցված օգուտ չի կարող տալ:
Փորձեք նաև ուտել որոշ դյուրամարս սննդատեսակներ, որպեսզի օգնեք ձեր արյան գլյուկոզի կարգավորմանը և հանգստացնեք գրգռված ստամոքսը:
Գլխացավի դեմ կարող եք ընդունել որևէ ցավամոքիչ դեղ: Եթե իրավիճակը թույլ է տալիս, աշխատեք պառկել, ննջել և ձեր օրգանիզմին ժամանակ տալ, որ կարողանա աստիճանաբար վերականգնվել:
Խումհարից խուսափելու հմտություններ
Եթե ալկոհոլ ընդունելն անխուսափելի է, ապա խումհարից խուսափելու լավագույն միջոցն այնքան ալկոհոլ օգտագործելն է, որքան, ըստ ձեզ ու ելնելով ձեր նախկին փորձից, ձեր օրգանիզմը կարող է առանց խնդիրներ առաջացնելու յուրացնել: Եթե չգիտեք ալկոհոլի ձեր «չափը», ուրեմն պետք է առավել ուշադիր և զգույշ լինել:
Ապագայում ալկոհոլի առաջացրած առողջական լուրջ խնդիրների ռիսկը նվազեցնելու համար չափահաս տղամարդիկ և կանայք պետք է զերծ մնան կանոնավոր կերպով օրական ավելի քան 2 ստանդարտ չափաբաժին ալկոհոլ օգտագործելուց: Ալկոհոլի մեկ ստանդարտ չափաբաժինը (անգլերեն՝ drink) պարունակում է 10 գրամ մաքուր ալկոհոլ, որը մոտավորապես համարժեք է առավել հաճախ օգտագործվող հետևյալ ոգելից խմիչքներին՝
- 250 մլ ուժեղ թնդության գարեջուր
- 375 մլ թույլ թնդության գարեջուր
- 100 մլ գինի
- 1 կում (30 մլ) սպիրտ:
Կան երկրներ, որտեղ ոգելից խմիչքի պիտակի վրա ալկոհոլի ստանդարտ չափաբաժնի քանակի նշումը պարտադիր է, ինչը հեշտացնում է ձեր կողմից ընդունված ալկոհոլի քանակի վերահսկումը:
Ձեզ մոտ ալկոհոլային խումհարի հավանականությունը կրճատելու համար փորձեք նաև այս հմտությունները:
- Մի՛ խմեք ալկոհոլ դատարկ ստամոքսի պայմաններում: Մինչև ալկոհոլ օգտագործելը ընդունե՛ք ածխաջրեր (օրինակ՝ մակարոնեղեն կամ բրինձ) կամ ճարպեր պարունակող սննդամթերքներ: Սնունդը կօգնի, որպեսզի դանդաղի ալկոհոլի ներծծումը դեպի ձեր արյան հուն:
- Ալկոհոլն օգտագործեք առանց շտապելու: Մեկ ժամվա ընթացքում մի՛ ընդունեք ավելի շատ, քան մեկ չափաբաժին ալկոհոլ:
- Եթե զգում եք, որ մուգ գունավորված ալկոհոլի նկատմամբ գերզգայուն եք, ապա մի՛ օգտագործեք նմանատիպ խմիչքներ: Այդ խմիչքները պարունակում են բնական նյութեր («կոնգեներներ»՝ խառնույթներ), որոնք կարող են գրգռել ձեր գլխուղեղի արյունատար անոթները և հյուսվածքները՝ սաստկացնելով խումհարի նշանները:
- Ալկոհոլի ընդունումների միջև խմեք ջուր կամ անգազ այլ ըմպելիքներ: Գազավորված ըմպելիքները կարող են արագացնել դեպի արյան հուն ալկոհոլի ներծծման գործընթացը:
- Ալկոհոլ օգտագործելուց հետո մինչև անկողին մտնելը խմեք առատ ջուր: Ձեր անկողնու մոտ պահեք ըստ անհրաժեշտության բերանը «թրջելու» համար նախատեսված մեկ բաժակ ջուր:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021